Հուլիսի 27-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ Արևշատ գյուղում կրակոցներ են հնչել։ Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբը տեղում իրականացրած հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեց, որ հարևանները վիճել են։ Նախնական տվյալներով՝ մեկի կովը մտել էր մյուսի հողամաս ու փչացրել բերքը, ինչն էլ դարձել էր վեճի առիթ։
Պարզաբանումների ընթացքում մասնակիցներից մեկը տնից վերցրել էր ապօրինի հրացանն ու կրակոցներ արձակել։ 46-ամյա տղամարդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին։ Հայտնաբերվել է նաև նրա հանգուցյալ պապին պատկանած գործարանային համարով հրացանը, որն ուղարկվել է փորձաքննության։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։