«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հունիսի 14-ին, երբ Ազգային անվտանգության ծառայությունը փորձել է մուտք գործել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն եւ խուզարկություն իրականացնել, սկանդալային միջադեպ է տեղի ունեցել. ԱԱԾ աշխատակիցները անսպասելի կերպով բացահայտել են, որ ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները եւս գտնվում են Գագիկ Ծառուկյանի առանձնատանը` «Պարտեզ» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի գործով խուզարկության նպատակով։ Այդ գործի հետ առնչվում է Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը։ Երկու իրավապահ մարմինները սկսել են խոսակցություն ունենալ Ծառուկյանի առանձնատանը, թե ինչպես է մեկը մյուսի գործողություններին խանգարում, եւ պետք մի ուժային կառույցը դուրս գա տարածքից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեն ընդամենը Գագիկ Ծառուկյանի որդուն ծանուցում է տվել՝ հարցաքննության ներկայանալու, եւ հեռացել դեպքի վայրից, որից հետո էլ ԱԱԾ-ն անցել է իր գործողություններին: «Ժողովուրդ» օրաթերթն իր ունեցած տեղեկության շուրջ զրուցեց Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանի հետ, որը հաստատեց տեղեկությունը՝ նշելով. «Իմ տեղեկություններով՝ նույն օրը նաեւ Քննչական կոմիտեն խուզարկության ընթացքում ծանուցագիր է բերել: Քննչական կոմիտեն մինչեւ հիմա խուզարկություն չի կատարել, այն ժամանակ՝ սկզբնական փուլում, կատարել է, բայց հիմա չի կատարել, քանի որ չկա դատարանի որոշում: Իմ կարծիքով՝ Քննչական կոմիտեն չի էլ իմացել, որ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է կատարելու, քանի որ խուզարկությունը գաղտնի գործողություն է, եւ չեմ էլ կարծում, որ դա այլ մարմին պետք է իմանար»: Ստացվում է՝ իրավապահ մարմինները միմյանցից տեղյակ չեն եղել: ԱԱԾ-ն ու քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի առանձնատանն են «բախվել» միմյանց, մինչդեռ ՀՀ դատախազությունը՝ որպես քրգործերով վերահսկող մարմին, պարտավոր էր իրավիճակը վերահսկել: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ պատասխանեցին. «Նման պնդումները դատախազությանը թիրախավորելու հերթական անլուրջ փորձն են: Նախ՝ քրեական դատավարության օրենսդրութունը որեւէ կերպ չի բացառում, քննության շահերից ելնելով եւ հանցագործությունների լիարժեք բացահայտման օբյեկտիվ անհրաժեշտությամբ պայմանավորված, տարբեր քննչական մարմինների կողմից իրենց վարույթում քնվող քրեական գործերի շրջանակում միեւնույն վայրում օրենքով սահմանված կարգով քննչական գործողությունների իրականացումը: Նման իրավիճակները քննչական մարմինների բախում որակելն իրավական որեւէ հիմք չունի: Բայց անգամ այդ պարագայում խմբագրության «անանուն աղբյուրները» հերթական անգամ մոլորության մեջ են գցել ձեզ, քանի որ նշված օրը Գագիկ Ծառուկյանի որդուն առնչվող քրեական գործով Գ. Ծառուկյանի առանձնատանը Քննչական կոմիտեի քննիչների կողմից քննչական գործողություններ առհասարակ չեն իրականացվել, եւ ձեր ունեցած տեղեկատվությունն իրականության հետ որեւէ աղերս չունի»: Նկատենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի անանուն աղբյուրների տված տեղեկությունը հաստատեց Ծառուկյանի փաստաբանը, հերքեց դատախազությունը, իսկ ԱԱԾ-ն ու Քննչականը լուռ են:
Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրումը, կարելի է ասել, իսկական խառնաշփոթ է ստեղծել իշխանությունների ներսում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանության հիմնական թեւն ամեն ինչ անում է, որ կառավարության կողմից առաջադրված ՍԴ թեկնածու Վահրամ Ավետիսյանի ընտրության հարցը խորհրդարան չհասնի: Ըստ մեր աղբյուրների՝ այս օրերին ներքին կարգով իշխանության իրավաբանական թեւն ամեն ինչ անում է, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվի Ավետիսյանի թեկնածությունից ու նոր թեկնածու առաջադրի ՍԴ դատավորի թեկնածության համար: Կհաջողվի այդ թեւին հաջողություն ունենալ, թե ոչ՝ դեռեւս դժվար է ասել: Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է տեղեկությունը ճշտել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանից, սակայն վերջինս կտրականապես մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Իսկ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը մեր հարցին, թե ինչ կարծիք ունի Վահրամ Ավետիսյանի՝ ՍԴ դատավորի թեկնածության հետ կապված, հայտարարեց, թե չի ցանկանում որեւէ բան մեկնաբանել, կլինի ընտրություն, կներկայացնեն իրենց դիրքորոշումը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն արդեն նախկին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի փոխարեն այլ մարդ այդ պաշտոնում չի նշանակի: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ՝ Հայկ Սարգսյանը հուլիսի 15-ից ազատվել է աշխատանքից։ Եվ չնայած դեռ 12 օր է, ինչ փոխքաղաքապետերի հաստիքներից մեկն ազատ է, սակայն, մեր տեղեկություններով, որոշում է կայացվել ոչ թե նոր տեղակալ նշանակել, այլ նրա գործառույթները բաժանել փոխքաղաքապետեր Հրաչյա Սարգսյանի եւ Սերգեյ Հարությունյանի միջեւ: Ինչպես հայտնի է, Հայկ Սարգսյանը զբաղվում էր քաղաքապետարանի ֆինանսական հարցերով, եւ հիմա որոշում է կայացվել, որ, օրինակ, գույքահարկի հարցերով զբաղվելու է Սերգեյ Հարությունյանը, մյուս հարցերով՝ Հրաչյա Սարգսյանը: Եվ, մեր տեղեկություններով, դրա պատճառներից մեկն այն է, որ Հայկ Սարգսյանն իրականում լավ կադր է, իսկ գաղտնիք չէ, որ քաղաքապետարանում կադրային սով է, եւ վարչությունների ու բաժինների մեծ մասն անգամ ղեկավարներ չունեն: Հիշեցնենք նաեւ, որ Հայկ Սարգսյանը դեռեւս փետրվարի 15-ին էր դիմելԵրեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ցանկություն հայտնելով այլ աշխատանքի տեղափոխվել, սակայն հաշվի առնելով կորոնավիրուսային իրավիճակում կանխատեսվող ֆինանսատնտեսական խնդիրները՝ որոշում էր կայացվել հետաձգել նրա դիմումի քննարկումը:
Սեւանա լճի ափամերձ տարածքում գործող «White Shorja»-ում տեղի ունեցած խնջույքի թեման, որին ներկա է եղել նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, շարունակում է լայնորեն քննադատվել, քանի որ բազմաթիվ մարդիկ առանց դիմակների էին, նարգիլե էին ծխում։ Իհարկե, ինքը՝ Հայկ Սարգսյանը, փարթիի «բացահայտումից» հետո հրապարակավ ներողություն խնդրեց մասնակցելու եւ դիմակ չկրելու համար։ Բայց «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան «White Shorja»-ի ստեղծման մասին։ Պարզվում է, որ դեռեւս այս տարվա մայիս ամսին, երբ լողափի ստեղծման նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել, «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տեսուչը 4 տեսակի խախտում է արձանագրել՝ հողի ապօրինի զավթում, ռելիեֆի խախտում, բուսական եւ կենդանական աշխարհի նկատմամբ վնաս եւ ապօրինի շինարարություն։ Ինչո՞ւ հողի ապօրինի զավթում. որովհետեւ դեռեւս 2012 թվականին այդ տարածքը վարձակալել է ոմն Ռուբեն Չախմախչյան անունով քաղաքացի, պարտքեր կուտակել եւ, ըստ որոշ տեղեկությունների, Հայաստանից հեռացել է։ Այժմ Պարկը դատական քաշքշուկների մեջ Է Չախմախչյանի հետ` տվյալ տարածքի գումարի բռնագանձման պահանջով։ Իսկ 2012 թվականից հետո տվյալ տարածքի նկատմամբ հողօգտագործման իրավունքի ժամկետն ավարտվել է, եւ այժմ, եթե այդտեղ գործունեություն է իրականացվում, ապա դա համարվում է ապօրինի զավթում։ Ստացվում է, որ «White Shorja»-ն ապօրինի է գործում: Սա դեռ ամենը չէ: