Տարաձայնություն ենք ունենում հաճախ իմ ուշանալու հետ կապված. Արաքսյա Ամիրխանյանը` ամուսնու հետ հաճախ վիճելու, որդու եւ առաջիկա անելիքների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարաձայնություն ենք ունենում հաճախ իմ ուշանալու հետ կապված. Արաքսյա Ամիրխանյանը` ամուսնու հետ հաճախ վիճելու, որդու եւ առաջիկա անելիքների մասին

Լոսանջելեսաբնակ ամուսիններ Լազարոյի եւ Արաքսյա Ամիրխանյանի որդին՝ Դավիթըն արդեն 7 ամսական է: Երգչուհին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցել է երեխայի, Լազարոյի հետ հարաբերությունների եւ առաջիկա անելիքների մասին:

-Արաքսյա՛, վերջերս եք մայրացել, կկիսվե՞ք մեզ հետ Ձեր զգացողություններով եւ առօրյայով:

-Յոթ ամիս է, ինչ մեր առավոտներն այլ կերպ են ընթանում: Գերագույն հաճույք է նրա խնամքով զբաղվելը, նրան կերակրելը, նրա ուտեսները պատրաստելը: Նրա ամեն վայրկյանը ես ուզում եմ շնչել եւ ապրել նրա համար: Բնության օրենքն է, բնության հրաշքն է, որ դու օժտված ես մայրանալու ու նոր կյանք տալու շնորհով, ինչի համար ես շատ ուրախ եմ:

-Երեխայի ծնունդից հետո ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում:

-Միանշանակ կարող եմ ասել, որ ես ու ամուսինս ամեն պահ դա զգում ենք: Մեկս մեկի հայացքով լրացնում ենք, ու զգում ենք, որ երջանիկ ենք, եւ դա կփաստեն այն մարդիկ, ովքեր որ ծնող են, քանի որ անհնար է սիրող զույգերի մեջ չզգալ այդ ամբողջականությունն այդ փոքր մարդուկի շնորհիվ: Երեւի ամենահիմնային բանը, որ կասեմ՝ լիարժեք ենք մեզ զգում հենց նրանով:

-Յուրաքանչյուր ամուսնու երազանքն է ունենալ տղա երեխա: Ձեր դեպքում ինչպե՞ս էր։

-Ոչ միայն երազանք, այլ նաեւ համոզմունք էր ամուսնուս մոտ, որ միանշանակ տղա է լինելու, այլ տարբերակ չկա, եւ երբ երեխայի սեռն իմացա, ամուսինս Նյու Յորքում էր, եւ հենց այդ նույն օրը նա վերադարձավ Լոս Անջելես: Ես նրա համար պատրաստել էի անակնկալ, երեխայի սեռը թաքցրել էի փուչիկի մեջ, որը պետք է պայթելուց հետո երեւար, բայց շատ անհետաքրքիր ձեւով ասաց՝ կուզես չպայթացնես, ու միանգամից ասեմ, որ մենք տղա ենք ունենալու: Դա արդեն իր համար նախոօրոք կանխորոշված էր:

-Անվան ընտրությունն ինչպե՞ս եղավ: Նախապես արդեն որոշե՞լ էիք:

-Անուն երեխայի համար չենք մտածել, դժվարանում էինք ընտրության հարցում, քանի որ ունեինք մի քանի նախընտրած անուններ, բայց վերջնական որոշեցինք երեխայի ծնվելուց հետո, երբ նայեցինք նրան, միանգամից որոշեցինք անվանել Դավիթ, ավելի պատմական, ավելի առնական, իսկական հայ տղային բնութագրող անուն:

-Ի՞նչը կարող է Ձեր եւ Լազարոյի միջեւ վեճի առիթ դառնալ:

-Տարաձայնություն ենք ունենում հաճախ իմ ուշանալու հետ կապված, շատ-շատ դեպքերում ես պարզապես ժամանակի զգացողությունը կորցնում եմ, չեմ կարողանում ճիշտ ժամանակին տեղում լինել, եթե ունեմ պայմանավորվածություններ, ինչը նյարդայնացնում է Լազարոյին։ Ես ինքս էլ համաձայն եմ ու փորձում եմ ինձ վրա աշխատել: Չգիտեմ, թե ինչպես է լինում, բայց հաճախ մեր տարաձայնությունները հենց այդ թեմայի շուրջ են լինում:

-Ո՞ր հարցերի շուրջ նույն հայտարարի չեք գալիս:

-Հատուկ ընդգծված թեմաներ չկան, որ այս պահին կարող եմ որպես օրինակ ասել, քանի որ միշտ մենք քննարկում ենք, փորձում ենք միմյանց հասկանալ, միմյանց կարծիքը հաշվի առնել տվյալ հարցի շուրջ ու այդպես միասին որոշում կայացնել, ու ինչ-որ անհամաձայնություններ չեն լինում, որ հիմա կարող եմ ընդգծել:

-Արաքսյա’, ո՞վ է ավելի շատ երեխայի հետ ժամանակ անցկացնում:

-Երեխայի հետ ավելի շատ ես եմ ժամանակ անցկացնում, եւ երեխայի խնամքով ես եմ զբաղվում, իսկ օրվա կտրվածքով ամուսնուս բացակայությունները լրացնում ենք հանգստյան օրերին:

-Միայնակ եք զբաղվում երեխայի խնամքով, թե՞ կան օգնողներ:

-Մինչ այս ունեի օգնող մեծ ուժ, դա սկեսուրս էր, բայց քանի որ նա վերադարձավ Հայաստան, արդեն մեր բալիկին հոգ ենք տանում ամուսիններով: Իմ աշխատանքային ժամերին ամուսինս է երեխայով զբաղվում, իսկ իմ վերադառնալուց հետո նա անցնում է իր գործին:

-Երեխայի խնամքի հարցերում ինչի՞ ն եք առաջնահերթությունը տալիս:

-Բավականին բազմաշերտ է հարցը, ինչքան էլ որ շեշտը դրված է առանահերթության հիմքի վրա, ես կարծում եմ այս տարիքում եւ առահասարակ ամեն տարիքում ամեն դետալ, ամեն մոտեցում առաջնահերթություն է իրենից ներկայացնում, քանի որ տեսնում եւ վերցնում է սպունգի պես այն, ինչը որ դու տալիս ես: Մաքրության, առօրյա հանգստության, ակտիվության տեսանկյունից: Ես այդպես եմ մոտենում եւ փորձում եմ ամեն բան անել, որ այդ առաջնահերթություններից ոչ մեկը չտուժի:

-Արաքսյա’, խոսենք նաեւ Ձեր ստեղծագործական զբաղվածության մասին: Ի՞նչ փուլում եք այս պահին:

-Այս պահին բոլորս նույն կարգավիճակում ենք, երգարվեստում նույնպես դադար է: Համերգներ, կորպորատիվ միջոցառումներ չկան, եւ այս դադարի շրջանում ես էլ ժամանակս ու ամբողջ ներուժս կենտրոնացրել եմ ինձ համար մի շատ կարեւոր փուլի վրա, բացել եմ իմ սեփական վոկալ ստուդիան եւ աշխատում եմ շատ տաղանդավոր երեխաների հետ: Դեռ իմ ժամանակն ու ռեսուրսները կենտրոնացրել եմ դպրոցի առավել կայունացման եւ զարգացման վրա:

-Առաջիկայում ի՞նչ նորությունների սպասի Ձեր հանդիսատեսը:

-Ունեմ մի քանի պատրաստի գործեր, որոնք նախատեսված էին մինչ կորոնավիրուսը հայտնվելը, բայց աշխատանքները հետաձգվեցին: Համագործակցություններից մեկը «Գաթա» բենդի հետ է, իսկ մյուսը Աշուղ Նազելիի եւ երգի հեղինակ ու պրոդյուսեր Կարեն-Սեւակի, Լազարոյի հետ նույնպես կան մի շարք աշխատանքներ, որոնք կարծում եմ մոտ ամիսների ընթացքում արդեն վերջնական ավարտին կհասցնենք: Կարծում եմ` մոտ ժամանակներս արդեն կկարողանամ նորություններով հանդես գալ:

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս