«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ՝ պարզելու համար, թե իրենց խմբակցությունն ինչ դիրոքորոշում ունի Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի առաջադրման հետ կապված: Ընդդիմադիր պատգամավոր Սիմոնյանը հայտարարեց, որ այդ հարցում խմբակցությունը դեռեւս քննարկում չի ունեցել, բայց, իր կարծիքով, Ավետիսյանը պրոֆեսիոնալ մասնագետ է:
-Պարո՛ն Սիմոնյան, արդեն հայտնի է, որ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է առաջադրել Վահրամ Ավետիսյանին: Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակությունն ի՞նչ կարծիք ունի Ավետիսյանի առաջադրման հետ կապված:
-Ես խմբակցության անունից չխոսեմ, որովհետեւ դեռ քննարկում չենք արել: Ես իմ անունից կարող եմ ասել՝ պարոն Ավետիսյանին շատ վաղուցվանից ճանաչում եմ, նա եղել է իմ դասախոսը, հետո մենք դարձել ենք լավ բարեկամներ, մինչեւ հիմա էլ շփումը կա, շատ հիանալի, ուժեղ մասնագետ է, ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչն է, իրավաբանական համայնքում հարգում, սիրում են: Այնպես որ, կարող եմ միայն դրականն ասել:
-Այսինքն՝ ըստ Ձեզ՝ Սահմանադրական դատարանի լավագույն թեկնածուներից, դատավորներից կլինի՞ պարոն Ավետիսյանը:
-Նա շատ լավ մասնագետ է, հատկապես՝ իր բնագավառում: Բնականաբար մեր լավագույն իրավաբանների շարքում ես կարող եմ դասել նրան:
-Պարո՛ն Սիմոնյան, նաեւ հոր հետ կապված տեղեկություններ հրապարակվեցին, նշվեց, որ նա մարտի 1-ի գործերի հետ կապված վճիռներ է կայացրել, հանուն դրա չպետք է քվեարկել իր օգտին, որպեսզի նա չդառնա դատավոր: Ըստ Ձեզ, պե՞տք է այդ երկու գործոնները կապել միմյանց:
-Պետք չէ բնականաբար: Մենք պատժի անհատականության սկզբունք ունենք, որ ամեն մարդ իր արածի համար է պատասխանատու: Այսպես որ, պետք չէ որդու արածների համար մեղադրել հորը կամ հակառակը: Բայց, ամեն դեպքում, պետք է նշել, որ պարոն Դավիթ Ավետիսյանը՝ հայրը Վահրամ Ավետիսյանի, նորից շատ հարգված իրավաբան է, լուրջ մասնագետ է, դասավանդում է Երեւանի իրավաբանական համալսաանում: Ես չգիտեմ՝ կոնկրետ ինչ գործերով, ինչ որոշումներ է կայացվել, բայց պետք է հաշվի առնել, որ պետք է կոնկրետ փաստական հանգամանքներից եզրակացություն անել: Չի կարելի միայն այն փաստը հաշվի առնել, որ անձը աշխատել է, օրինակ, Վճռաբեկ դատարանում քրեական պալատի նախագահ, եւ այդ ընթացքում ինչքան ապօրինություններ Հայաստանում տեղի ունենան, վերագրեն այդ մարդուն. դա սխալ վերաբերմունք է: Չի կարելի: Եթե կոնկրետ անձի նկատմամբ ինչ-որ մեղադրանք կա, դա ուրիշ բան է, բայց չի կարելի տասը կամ հինգ տարվա ապօրինությունները վերագրել մի մարդու, ինչ է թե նա դատավոր է աշխատել այդ ժամանակահատվածում:
-Ձեր խմբակցությունում դեռեւս չե՞ք քննարկել թեկնածության հետ կապված:
-Այստեղ հարցը նրա անհատական որակն է. բոլորս էլ գիտենք, որ նա շատ լավ իրավաբան է, այստեղ հարցն այն է, թե արդյոք հիմա ճիշտ է ընտրել Սահմանադրական դատարանի դատավոր է, թե ոչ, որովհետեւ մենք ունենք հակասահմանադրական պրոցես: Սահմանադրությանը հակասող փոփոխություններ ընդունվեցին, որի հիման վրա դատավորները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, թե իրենց իրավունքները խախտվել են, այսինքն՝ մենք զուգահեռ ունենք երկու պրոցեսներ: Պետք է հասկանանք, թե այս միջավայրում մենք ինչ դիրքորոշում պետք է կայացնենք: Դրա համար պետք է խմբակցությունը նիստ գումարի, քննարկի եւ իր որոշումը կայացնի:
-Այսինքն՝ այստեղ ոչ թե անձի ընտրության հարցն է, այլ նաեւ պետք է հասկանաք պրոցեսի հարցը՝ արժե մասնակցել, թե ոչ:
-Բոլորս էլ, հատկապես՝ մեր խմբակցությունում ով ճանաչում է նրան , միանշանակ դրական վերաբերմունք ունի, դրա մասին խոսք չկա: Այստեղ խնդիրը պրոցեսն է:
-Այս հարցը դեռեւս Ձեր օրակարգում ունենալո՞ւ եք:
-Այո:
-Տեղեկություններ ունենք, որ անգամ իշխանությունները, նկատի ունեմ «Իմ քայլը» խմբակցությունը կարծես թե չի ուզում, որ Ավետիսյանը հասնի խորհրդարանի ամբիոն: Մասնագիտական թերացումներ են գտել, ինչպես արդեն նշեցի, նաեւ հոր հետ են կապում: Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք: Համակարծի՞ք եք, որ դրանից ելնելով՝ Ավետիսյանը չգա ու չմասնակցի ընտրությանը:
-Ես նշեցի մեր տեսակետը: Ես չեմ կարող մեկնաբանել իշխող խմբակցության ներքին խոսակցությունները, տեղյակ էլ չեմ այդ խոսակցություններից:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԱՆՎԱՎԵՐ Է ՃԱՆԱՉԵԼ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ
Հուլիսի 17-ին հանկարծակի հայտնի դարձավ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անվավեր է ճանաչել Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը: Հետաքրքիրն այն է, որ նույն ժամանակահատվածում Երեւանի տնտեսագիտական համալսարանում ընթանում էր ռեկտորի ընտրությունը: Ժամ անց հայտնի դարձավ, որ Դիանա Գալոյանը ռեկտոր է:
Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մտադիր է առաջիկայում չեղարկել ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի որոշումը: Այսինքն՝ ստացվում է, որ նախարարի այդ որոշմամբ Դիանա Գալոյանը որեւէ խնդիր չի ունենալու, տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանն էլ չի կորցնելու: Ակնհայտ է, որ Գոգյան-Հարությունյան «պատերազմը» այս քայլով գնալով ավելի է խորանալու:
Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունների ներսում չեն կարողանում հասկանալ, թե ինչու է Արայիկ Հարությունյանը գրեթե ամեն օր նման անհասկանալի որոշումներ կայացնում, ինչու է ամեն անգամ հայտնվում նման խնդրահարույց վիճակներում, որտեղ ո՛չ ելքն է հասկանալի եւ ո՛չ էլ իրավիճակի պատճառները: Նույն տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հարությունյանի առումով հայտնվել է իսկապես տհաճ իրավիճակում, քանի որ արդեն իր թիմում չկա նման մարդ, որը դժգոհություն չհայտնի Արայիկ Հարությունյանի վարած քաղաքականությունից: Փոխարենը Հարությունյանը սկսել է տարբեր մարդկանց մոտ «ռազբորկաներ» անել, իր մեղքը ուրիշների վրա բարդել՝ մեղավորներ փնտրելով:
Հիշեցնենք, որ այս իրավիճակից ելնելով՝ Սմբատ Գոգյանը դեռեւս մայիսի 22-ին ԲՈԿ նախագահի պաշտոնից ազատվելու դիմում էր ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը մինչեւ այսօր վարչապետը չի ստորագրել:
ՄԱՐՈՒԹՅԱՆԻ ԸՆԿԵՐԸ
Վիկտոր Մնացականյանը՝ Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարը, Մարտիրոս Սարյանի անվան պուրակից ուղիղ եթերում կոչով դիմել էր Երեւանի ավագանու անդամներին, գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին: Պուրակում այս պահին բարեկարգման աշխատանքներ են ընթանում: Դեռեւս նախորդ տարվա ընթացքում նախատեսված էր փոխել հիմնականում նստարանները եւ լուծել լուսավորության եւ ծառերի էտման հարցերը:
ArmLur.am-ը Սարյանի անվան պուրակի այցելուներից հետաքրքրվեց՝ արդյոք ճիշտ որոշում է պուրակի բազալտե հատակը սալիկներով փոխարինելու որոշումը: Իսկ, ահա, «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գյուղատնտես Գայանե Աղաջանյանի խոսքով՝ երբ բազալտե քարերը շարժվում են, անհարմար դրության մեջ են դնում քաղաքացուն:
Ըստ որոշ տեղեկությունների՝ քաղաքապետարանին սալիկ մատակարարող ընկերությունը պատկանում է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մտերիմ ընկերոջը՝ քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանին, որը մինչ այս պաշտոնին նշանակվելը զբաղվել է Հայկ Մարությանի տան վերանորոգման հարցերով: