ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ «ՓԱՐԹԻՆ» ՈՒ ԱՊՕՐԻՆԻ ԼՈՂԱՓԸ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 26-ին Սեւանի White Shorja լողափում տեղի ունեցած «փարթիի» շուրջ կրքերը չեն հանդարտվում: ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, որ ամսվա սկզբում Գեղարքունիքում դիմակ էր բաժանում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում, մոտ 20 օր անց բազմամարդ քեֆ է արել:

 

Բանն այն է, որ այդ օրը լողափում տեղի է ունեցել երգիչ Գոռ Սուջյանի մենահամերգը, ինչին հաջորդել է բացօթյա խնջույք-դիսկոտեկ, որի մասնակիցներն առանց դիմակների ու հակահամաճարակային կանոնները պահպանելու զվարճացել են: Ավելին, խնջույքի ժամանակ նաեւ նարգիլե են օգտագործել, որի կիրառությունը, Պարետի որոշմամբ, Հայաստանում այս պահին ընդհանրապես արգելված է։ Խնջույքի լուսանկարներից ու տեսանյութերից պարզ է դառնում, որ դրանց ակտիվորեն մասնակցել է նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Բացի այդ, մամուլում տարածված լուրերի համաձայն՝ White Shorja լողափը պատկանում է հենց նրան կամ առնչություն ունի նրա հետ:

Հիշեցնենք` մարտի 16-ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է, ընդ որում` երկարաձգվել է նաեւ Հայկ Սարգսյանի իրականացրած քվեարկության արդյունքում, համաձայն որի՝ հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչեւ 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները եւ խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջիններս պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։ Դժվար թե բոլոր երիտասարդները սրտանոթային խնդիրներ ունենային, որոնք մասսայական դիմակ չէին կրում:

Իհարկե, Հայկ Սարգսյանը հրապարակավ ներողություն խնդրեց դիմակ չկրելու եւ իր թիմին վատ դրության մեջ դնելու համար, ավելին՝ ինչպես «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց. «Հայկ Սարգսյանն ինձ տեղեկացրեց, որ ինքը որեւէ միջոցառում չի կազմակերպել։ Մի քանի օրով գտնվում է հանգստյան գոտում, որտեղ նաեւ այլ քաղաքացիներ են իրենց հանգիստը կազմակերպում։ Տեղեկացրեց, որ անզգուշություն է թույլ տվել` առանց դիմակի մի պահ գտնվելով մարդաշատ վայրում»:

Ինչեւէ, ՀՀ ստիկանության ներկայացուցիչները երեկ արձանագրություն են կազմել, տուգանել ինչպես պատգամավորին, այնպես էլ խնջույքի մասնակիցներին. այս մասին տեղեկացրեց պատգամավոր Սարգսյանը:

Հիմա դառնանք հանգստի գոտու թեմային, որը, ըստ մամուլի հրապարակումների, պատկանում է Հայկ եւ Նաիրի Սարգսյաններ եղբայրներին, որտեղ մասնաբաժին ունի նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան «White Shorja-ի ստեղծման մասին։ Պարզվում է, որ դեռեւս մայիս ամսին, երբ լողափի ստեղծման նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել, այդ ժամանակ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տվյալ տեղամասի տեսուչը չորս տեսակի խախտում է արձանագրել՝ հողի ապօրինի զավթում, ռելիեֆի խախտում, բուսական եւ կենդանական աշխարհի նկատմամբ վնաս եւ ապօրինի շինարարություն։ Ինչու՞ հողի ապօրինի զավթում. դեռեւս 2012 թվականին այդ տարածքը վարձակալել է ոմն Ռուբեն Չախմախչյան անունով քաղաքացի, պարտքեր կուտակել եւ, ըստ որոշ տեղեկությունների, Հայաստանից հեռացել է։ Այժմ Պարկը դատական քաշքշուկների մեջ Է Չախմախչյանի հետ՝ տվյալ տարածքի գումարի բռնագանձման պահանջով։ Իսկ 2012 թվականից հետո տվյալ տարածքի նկատմամբ հողօգտագործման իրավունքի ժամկետն ավարտվել է, եւ այժմ, եթե այդտեղ գործունեություն է իրականացվում, ապա դա համարվում է ապօրինի զավթում։ Ստացվում է, որ «White Shorja»-ն ապօրինի է գործել։ Սա դեռ ամենը չէ. այս պատմության մեջ իր դերակատարումն է ունեցել նաեւ շրջակա միջավայրի նախարարի ԺՊ Վահե Ջիլավյանը։ Պարզվում Է՝ տվյալ տեղամասի տեսուչը չի բավարարվել մեկ արձանագրությամբ (մայիսին առաջին արձանագրությունն է կազմվել), երկու շաբաթ առաջ նա եւս մեկը կազմել է դարձյալ նույն խախտումների համար։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ արձանագրություններին դեռեւս ընթացք չի տրվել նախարարության կողմից։ Ջիլավյանը մինչ սոցիալական ցանցում երեկ բարձրացված աղմուկը «հանձնարարել է» ընթացք չտալ արձանագրություններին, իսկ հիմա Ջիլավյանը հայտնվել է անհարմար դրության մեջ։ Նախարարի ԺՊ մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ որեւէ կերպ չի կարող մեկնաբանել այդ լուրերը։ Հուսանք՝ մեր այս հրապարակումից հետո արձանագրությունները անպատասխան չեն մնա։ Իսկ ինչ վերաբերում է Հայկ Սարգսյանին, ապա տեղեկացնենք, որ պատգամավորը երեկ՝ ողջ օրվա ընթացքում, հերքում էր, որ օբյեկտն իրեն է պատկանում։ Բայց եթե այն ո՛չ իրեն Է պատկանում, ո՛չ եղբորը, ապա ո՞ւմն է։ «Տարածքը ինձ չի պատկանում, եւ, բնականաբար, ես չեմ կազմակերպել այդ միջոցառումը։Ճանաչում եմ լողափի սեփականատերերին եւս։ Օգտվել եմ իրենց ինտերնետից, քանի որ տեղում բջջային ինտերնետը լավ չի աշխատում»,- փոխանցեց Սարգսյանը։ Բայց մարզում ակտիվ շրջանառվում են այն լուրերը, ըստ որոնց՝ հենց Չախմախչյանից հետո որոշ ժամանակ անց Սարգսյանն է վարձակալել այդ տարածքը ապօրինի։ Ի դեպ, White Shorja-ի վերաբերյալ տեղեկություն մեզ չհաջողվեց գտնել. պետական ռեգիստրում այն գրանցված չէր։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Միքայել Զալինյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղար:

 

 

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 24-ին որոշմամբ՝ Վիկտորիա Պողոսյանը 2020 թվականի հուլիսի 31-ից նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ։

 

 

3 ՔԱՂԱՔԱՑԻ

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է 3 քաղաքացու մոտ: Վարակակիրներից 2-ը Ստեփանակերտ քաղաքից են՝ նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ, 1-ն էլ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքից: Ունենք առողջացման 5 դեպք: Կորոնավիրուսով հիվանդ 9 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, 10-ինը՝ միջին ծանրության: Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 215 մարդու մոտ, որից 153-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 61, ընդհանուր մեկուսացված է 128 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 83 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 4 774 փորձանմուշի հետազոտություն:

 

 

ՕՐԵՆՔՆԵՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 27-ին ստորագրել է «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքը, «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը, «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքը:

 

 

ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն Արամուսի համայնքապետարանի աշխատակազմին եւ ՀՈԱԿ-ների ներկայացուցիչներին ներկայացրել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանին: Հիշեցնենք, որ ՀՀ Կոտայքի մարզի Արամուս համայնքի ավագանուն հրաժարականի դիմում էր ներկայացրել համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանը:

 

 

ՉԻ ԸՆԴՈՒՆՎԵԼ

Բուհ չընդունված դիմորդներն ու ուսանողները երեկ կրկին հավաքվել են ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության դիմաց՝ շարունակելու իրենց բողոքի ակցիան: Նրանց թվում էր նաեւ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, ում դուստրը չի ընդունվել Երեւանի պետական բժշկական համալսարան: Փոստանջյանը պատմում է, որ էլեկտրոնային փոստի հասցեին երեք անգամ տարբեր հաղորդագրություններ են եկել: Հիշեցնենք, որ բուհերից դուրս մնացած ուսանողներն ու նրանց ծնողները բողոքում էին՝ դժգոհելով քննությունների արդյունքներից ու կրթական գերատեսչության նոր մոտեցումից։ 7-8 բալ ստացած դիմորդներն ընդունվել են, իսկ 16 եւ ավել բալ ստացած շատ դիմորդներ չեն ընդունվել, քանի որ այս տարի կարեւորվել է մասնագիտությունը, եւ առաջնայնությունը տրվել է ոչ թե որեւէ առարկայից բարձր ստացողներին, այլ տվյալ մասնագիտությունն առաջին հայտով նշածներին։

 

ՆՈՐՄԱՅԻՑ ԲԱՐՁՐ

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում հուլիսի 28-ին, 30-ին, օգոստոսի 1-ի գիշերը եւ կեսօրից հետո՝ առանձին շրջաններում, 29-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:

 

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԷՐ ՍՊԱՍՈՒՄ

Երեկ ՀՀ ԵԿՄ անդամ, ազատամարտիկ Հոկտեմբեր Մելքումյանը կառավարության շենքի առջեւ սպասում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդունելությանը: Ազատամարտիկը ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է, որ 1194 թվականին, երբ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը Վահան Զատիկյանն էր, որպես պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամի տրամադրել է 2000 քմ հողատարածք, որից 1500 քմ-ն գտնվում է բարձր հոսանքի լարման տակ: Նշված հողատարածքը Մելքումյանին տրամադրվել է վարձակալական հիմունքներով 10 տարի ժամկետով: Իսկ, ահա, երբ 2004 թվականին, երբ պայմանագրի ժամկետը լրացել է, Մելքումյանը դիմել է համապատասխան մարմիններին, որպեսզի երկարացնեն վարձակալության պայմանագիրը կամ վաճառեն տվյալ հողատարածքից որոշակի մաս՝ 400-500 քմ: Սակայն որոշ ժամանակ անց ազատամարտիկը պարզել է, որ տվյալ հողատարածքը վաճառվել է ՀՀ 2-րդ նախագահի աշխատակազմի ղեկավարին եւ վերահսկողության նախագահին:




Լրահոս