Ինչպես հայտնի է, Վայոց ձորում ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու գործը մեղադրյալներից մեկի մասով ուղարկվել է դատարան: Պարզվել են Ա. Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հանգամանքները, շարժառիթը:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքի օրը՝ 2019թ. սեպտեմբերի 17-ին` ժամը 22:30-ի սահմաններում, աննշան հարցի պատճառով վիճաբանություն է սկսվել Ա. Մխիթարյանի եւ Եղեգնաձոր քաղաքի բնակիչ Հ. Գրիգորյանի միջեւ, որի ժամանակ վերջիններս սկսել են միմյանց քաշքշել ու հայհոյել:
Մինչ Ա. Մխիթարյանի ընկերները փորձել են դադարեցնել վիճաբանությունը, այդ ընթացքում Հարություն Գրիգորյանը զանգահարել է իր մտերիմներին եւ եղբորը՝ Զավեն Գրիգորյանին, ու տեղեկացնելով կատարվածի մասին՝ նրանց կանչել հիշյալ շենքի բակ: Որոշ ժամանակ անց վերջիններս մի քանի ավտոմեքենաներով եկել են նշված շենքի բակ, որտեղ գտնվելու ընթացքում Հ. Գրիգորյանն անսպասելի մոտեցել է միայնակ եւ հանգիստ կանգնած Ա. Մխիթարյանին եւ դիտավորությամբ բռունցքով մեկ անգամ հարվածել է նրա դեմքին, ինչի հետեւանքով վերջինս վայր է ընկել, որից հետո Հ. Գրիգորյանը, նրա եղբայրը եւ գործով ինքնությունները չպարզված մի խումբ անձինք, Ա. Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու նպատակով, գիտակցելով վերջինիս առողջության համար իրենց գործողությունների վտանգավոր բնույթը, նախատեսելով դրա հետեւանքը, միաժամանակ գիտակցելով մեկը մյուսի գործողությունները եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, ընդհանուր միասնական դիտավորությամբ ոտքերով, նաեւ գործով չպարզված առարկայով բազմաթիվ եւ անկանոն հարվածներ են հասցրել գետնին ընկած Ա. Մխիթարյանի կյանքի համար կենսական նշանակություն ունեցող օրգանին՝ գլխին՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Միջադեպի ժամանակ ծեծի է ենթարկվել նաեւ Ա. Մխիթարյանի ընկերներից մեկը, որն իր մարմնով կռացել է ընկերոջ վրա՝ փորձելով նրան պաշտպանել հարվածներից:
Այս մասին հայտնում են ՔԿ լրատվական ծառայությունից՝ հիշեցնելով, որ դեպքից հետո Ա. Մխիթարյանը ենթարկվել է վիրահատության եւ մինչ օրս գտնվում է անգիտակից վիճակում:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով եւ 118-րդ հոդվածով (ծեծ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Վերջինիս վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթ եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:
Գործով դեռեւս չպարզված անձանց, ինչպես նաեւ Զ. Գրիգորյանի վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, որի նախաքննությունը շարունակվում է:
Այսպիսով, մեր ձեռքում է հայտնվել գործով վկա Լեւոն Հարությունյանի բացատրությունը հետաքննական մարմնին, թե ինչպես է նա նկարագրում, թե ինչ է կատարվել:
«Ավելացնեմ, որ ես չեմ տեսել, թե ինչպես է Արայի բերանից եւ ականջից արյունահոսել, այլ միայն նկատել եմ հիվանդանոցում, իսկ վիճաբանության ժամանակ ջրով լվացել եմ Արայի բերանը, փորձել ուշքի բերել: Նշեմ նաեւ, որ Հարութի ընկերները վիճաբանության ընթացքում թույլ չէին տալիս, որպեսզի Հարութը շարունակի հարվածներ հասցնելը: Օգնություն ցուցաբերելու պահին ինձ են մոտեցել Մխիթարը եւ Ժորան, որի ժամանակ Հարութը չհանգստանալով սկսեց ոտքով հարվածել իմ դեմքին՝ ձախ աչքիս շրջանում, եւ Մխիթարին, ինչին միջամտել են Հարութի ընկերները՝ թույլ չտալով նրան հարվածներ հասցնել մեզ: Այդ ժամանակ ես ասացի, որ շտապ օգնություն զանգահարեն, քանի որ չէի կարողանում ուշքի բերել Արային: Դրանից հետո Հարութի կամ նրա ընկերներից որեւէ մեկի կողմից զանգահարելուց ու շտապ օգնության գալուց հետո Արային տեղափոխել են Եղեգնաձորի հիվանդանոց, որտեղից էլ Մուրացանի հոսպիտալ: Ձեր բանավոր հարցին պատասխանում եմ, որ վիճաբանության ժամանակ Արան եւ մենք եղել ենք ոչ սթափ վիճակում, վիճաբանությունը ծագել է Հարութի կողմից Արային վիրավորելու եւ վերջինիս կողմից պարզաբանումներ պահանջելու հարցի շուրջ, որի ժամանակ Հարութը բռունցքով հարվածել է Արայի դեմքին, ինչի արդյունքում նա վայր է ընկել, իսկ գետնին ընկած ընթացքում Հարութը սկսել է ոտքով 2-ից 3 անգամ հարվածել Արայի քթին, ճակատին, որից հետո մեկ անգամ ոտքով հարվածել է իմ դեմքին, որից հետո ձեռքով մի քանի անգամ հարվածել է իմ (անընթեռնելի): Վիճաբանությունը տեւել է 10-ից 15 րոպե, որի ողջ ընթացքում հայհոյանքներ չեն հնչեցվել, համենայնդեպս ես չեմ լսել, իսկ վիճաբանությունը դադարել է Հարութի ընկերների միջամտությամբ եւ շտապ օգնության ժամանելու ընթացում: Ձեր մյուս բանավոր հարցին պատասխանում եմ, որ բացի Հարութից ուրիշ որեւէ մեկը Արային կամ մեզ հարվածներ չի հասցրել:
Բացատրությունս գրված է իմ ձեռքով, իմ բառերով, ճիշտ է, որի համար ստորագրում եմ»:
Սակայն նկատենք, որ նա նախաքննական մարմնում ամբողջությամբ հակառակ իրականություն է ներկայացրել, որը կներկայացնենք ավելի ուշ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշում է ստորագրել, որի համաձայն՝ պաշտոնից ազատվել է Երեւանի Ներսես Մեծի անվան համար 124 հիմնական դպրոցի տնօրեն Հայկ Ֆելիքսի Բախչինյանը։ Դպրոցի տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է նույն կազմակերպության տնօրենի՝ ուսումնական աշխատանքների գծով տեղակալ Արմինե Աթաբեկյանի վրա մինչեւ սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի այն զբաղեցնելը: Քաղաքապետի մեկ այլ որոշմամբ՝ պաշտոնից ազատված Հայկ Բախչինյանը նշանակվել է Երեւանի 180 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատար մինչեւ սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի՝ այն զբաղեցնելը։ Նույն որոշմամբ՝ Ամալյա Մաթոսյանն ազատվել Երեւանի համար 180 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պարտականությունների կատարումից:
ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու եւ վերջինիս ընկերների կողմից Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերեւույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ եւ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 2020թ. հուլիսի 22-ին հայտնաբերվել եւ վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել հետախուզվող հինգ անձանցից մեկը՝ Վահան Հարությունյանը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել եւ միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու համար, ինչը բավարարվել է: Ռուբեն Հայրապետյանի եւ 4 մեղադրյալների նկատմամբ միջնորդությունները դատարանը բավարարել էր, իսկ Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի խափանման միջոց կալանավորման վերաբերյալ միջնորդությունը՝ մերժել: Վերջինս ինքնակամ ներկայացել էր իրավապահներին, նրան մեղադրանք էր առաջադրվել եւ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:
ՆՈՐ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Ինչպես հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից, Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու՝ փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի քննությամբ տվյալներ են ձեռք բերվել պաշտոնատար անձ հանդիսացած ՀՀ ֆինանսների նախկին նախարարին 2015 թվականին խոշոր չափերի արժեք ունեցող սարքավորումներ նվիրելու եւ ծառայություն մատուցելու ձեւով կաշառք տալու, ինչպես նաեւ պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ծառայողներին 2018 թվականին առանձնապես խոշոր չափերի կանխիկ գումար կաշառք տալու վերաբերյալ:
Եվ, ահա, առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող վերոնշյալ դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի (կաշառք տալը) 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Նկատենք, որ ՀՀ քննչական կոմիտեն չէր հայտնել, թե կոնկրետ ՀՀ ֆինանսների որ նախարարի ենթադրյալ կաշառքի մասին է խոսքը: Մեզ հայտնի դարձավ, որ քրեական գործով անցնում է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը: Ուշագրավն այն է որ ԱԱԾ-ն նախկին նախարարի գործով հայտարարել է նախաքննության ավարտ, իսկ, ահա, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն նոր քրեական գործի հարուցման մասին է հայտարարարում:
ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԳՈՐԾ
27.07.2020 թվականին հակառակորդի մարտական դիրքից դիպուկահարի կողմից արձակված կրակոցից ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում կոկորդի շրջանում հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գեւորգի Միքայելյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 2-րդ եւ 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ. կատարվում է նախաքննություն: