ՉԵՆ ՊԱՀՊԱՆԵԼ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնել մայրաքաղաքում եւ մարզերում գործող հերթապահ մանկապարտեզներում: Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Վերահսկվում են սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը՝ մանկապարտեզներում հոսող տաք ջրի առկայությունը, մանրէազերծման աշխատանքների կատարումը, ինչպես նաեւ խոհանոցային հատվածի համար սահմանված կանոնների պահպանումը: ՀՀ կրթության տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողությունը կրում է շարունակական բնույթ, քանի դեռ բարձր են համավարակի տարածման ռիսկերը: Տեսչական մարմինը հորդորում է խստագույնս պահպանել ՀՀ պարետի կողմից սահմանված կանոնները:

 

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները Հայաստանի Հանրապետության Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական մշտադիտարկումները եւ վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում՝ ՀՀ պարետի՝ 2020 թվականի հունիսի 3-ի N 110 որոշմամբ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Վերահսկողական աշխատանքների արդյունքում կանոնավոր երթուղիներում ուղեւորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներում եւ ավտոբուսներում հայտնաբերվել են ախտահանիչ հեղուկի բացակայության եւ սահմանված քանակից ավել  ուղեւորներով ուղեւորափոխադրումներ իրականացնելու դեպքեր։

Մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրման համակարգում հայտնաբերվել են վարորդներ՝ առանց պաշտպանիչ դիմակի։ Հայտնաբերված բոլոր խախտումների դեպքերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Տեսչական մարմնի մասնագետները մշտադիտարկումների եւ վերահսկողության հետ համատեղ շարունակել են իրականացնել իրազեկման աշխատանքներ, որոշ դեպքերում վարորդներին եւ ուղեւորներին տվել պարտադիր կատարման ցուցումներ։

Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է լայնածավալ մշտադիտարկման աշխատանքները ողջ հանրապետության տարածքում։ Հուլիսի 27-ին մի քանի օրվա պարբերականությամբ ԱԱՏՄ աշխատակիցներն ուժեղացված ստուգայցով կրկին Նոր Նորք վարչական շրջանում էին։

Տեսուչների կողմից այստեղ դիտարկվել է սահմանված նորմերի կատարումն ինչպես կենտրոնական փողոցներում, այնպես էլ ծայրամասերում գործող տնտեսվարողների մոտ։ ԱԱՏՄ մասնագետները փաստում են՝ խախտումների թիվը նվազել է, սակայն դեռեւս կան տնտեսավարողներ, որոնք լիարժեք չեն պահպանում հակահամաճարակային կանոնները։ Պետք է փաստել, որ դեռեւս առկա են ոչ բարեխիղճ սուբյեկտներ։ Տնտեսվարողների մոտ արձանագրված խախտումները գործնականում նույնն են. թերություններ կան ախտահանման աշխատանքներում, չի իրականացվում օրական 2 անգամ ջերմաչափում, պատշաճ կերպով չեն վարվում գրանցամատյանները, չի պահպանվում ժամը 10-12-ին բացառապես կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու պահանջը։ Մշտադիտարկման ընթացքում ԱԱՏՄ տեսուչների կողմից իրականացվում են նաեւ իրազեկման աշխատանքներ։

Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու նպատակով ՀՀ ԱԱՏՄ-ն կրկին հորդորում է խստագույնս պահպանել ՀՀ պարետի սահմանած կանոնները:

 

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «ՀՀ անվտանգության խորհրդի հուլիսի 10-ի նիստում հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նոր ռազմավարությունը. փաստաթուղթ, որն արտացոլում է համահայկականության անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, դրանց հաղթահարման սկզբունքներն ու եղանակները:

 

«Հայաստանի Հանրապետության անվտանգային քաղաքականության այս ուղեցույցում համահայկական օրակարգի առանցքային բաղադրիչ Արցախին անդրադարձ է կատարվում առանձին` «Արցախի անվտանգության ապահովում» ենթագլխով, որը ոչ պատահականորեն զուգորդվում է Հայասատանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հետ:

Համաշխարհային եւ տարածաշրջանային փոխակերպումները, որոնք իրենց արտացոլումն են գտել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն մեջ, այնուհանդերձ չեն փոխել Հայաստանի պատկերացումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության` որպես ՀՀ գլխավոր մարտահրավերի եւ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման` որպես ՀՀ հիմնական սպառնալիքի վերաբերյալ, որով եւ վերահաստատվում է Արցախի անվտանգության երաշխավոր լինելը: Արցախի Հանրապետությունը այս համատեքստում շարունակելու է գործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ՝ հետեւյալի հատկանշմամբ.

  1. հավատարիմ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը` մենք շարունակում ենք հանդես գալ փոխզիջումային սկզբունքով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից:
  2. Միավորված ազգերի կազմակերպության հռչակագրերում, Մարդու իրավունքների միջազգային համաձայնագրերում ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը լինելու է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմքում` որպես սեփական ճակատագիրը որոշելու արցախահայության բացառիկ իրավունք:
  3. Արցախը հակամարտության օբյեկտից վերափոխվելու է սուբյեկտի` այդպիսով ուղղակիորեն իրացնելով Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների սուբյեկտայնությունը:
  4. Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի:
  5. Արցախի անվտանգությունը ոչ մի պարագայում սակարկման ենթակա չէ:

Վերոնշյալի պատմական, քաղաքական եւ իրավական հիմնավորմամբ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակը մշակում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգային մոտեցումներ, որոնք հանրային քննարկման կդրվեն շահագրգիռ կողմերի ներգրավմամբ»:

 

 

ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԸ

«Ժողովուրդ» օրաթերթին է դիմել Իջեւան քաղաքում խորհրդային տարիներին գործած հանրախանութի շենքում շուրջ մեկ տարի առաջ գործարկված կարի արտադրամասի բանվորուհին, ով իր անունը չհրապարակելու խնդրանքով հայտնել է, որ մեկ շաբաթ առաջ այդ արտադրամասում կորոնավիրուսի բռնկում է եղել, տնօրենը  200  աշխատողներին  իրենց  տներն է ուղարկել, աշխատողների մեջ կան վարակակիրներ, որոնք բուժում են ստանում Դիլիջանի հիվանդանոցում։ Բանվորուհին նաեւ հայտնել է, որ իրենք աշխատավարձ են ստանում 50 օրը մեկ, ոչ թե՝ բանկային  քարտերով, այլ ծրարների մեջ, լինում են դեպքեր, երբ աշխատավարձի չափը քիչ է լինում հանրապետություն ընդունված նվազագույն  աշխատավարձից՝ 68 հազար դրամից։  Իջեւանի նախկին հանրախանութի շենքի 2-րդ հարկում գործող, ռուսական «Իջգրանդ տեքստիլ» ընկերության կարի արտադրամասի տնօրեն Մհեր Միրզոյանը հայտնեց, որ մեկ շաբաթ առաջ իրենց արտադրամասում կորոնավիրուսի դեպք է հայտնաբերվել, իրենք բոլոր՝ 203 աշխատողներին  երկու շաբաթով  տներ  են ուղարկել՝  ինքնամեկուսացման։

Մ. Միրզոյանի վկայությամբ՝ ներկայումս բացահայտվել է, որ կարի արտադրամասի 11 աշխատողներ վարակված են կորոնավիրուսով։ Նա ժխտեց, որ իրենք աշխատավարձը վճարում են 50 օրը մեկ՝ ասելով, որ  աշխատավարձ վճարում են ամեն ամիս, ոչ թե  ծրարներով, այլ բանկային  քարտերով։  Մ. Միրզոյանն  ասաց, որ իրենք  շինարարական եւ որսորդական հագուստ են արտադրում, որը առաքվում է  Ռուսաստան։ Ընկերության սեփականատերը ռուս է, նա Իջեւանում  արտադրամաս գործարկելու, նոր հաստոցներ տեղադրելու  համար 3 միլիոն դոլար ներդրում է  կատարել։ Արտադրամասի տնօրենը  հայտնեց, որ  իրենք բանվորներին վարձատրում են գործարքային  ձեւով՝ ըստ կատարած աշխատանքի, որոշ դեպքերում հնարավոր է,  որ կատարած աշխատանքի համար վճարը  քիչ լինի հանրապետությունում ընդունված նվազագույն  աշխատավարձից։

Մ. Միրզոյանը հայտնեց, որ իրենց արտադրամասը կապ չունի նույն շենքի առաջին հարկում գործող կարի արտադրամասի հետ, ուր 60 մարդ է աշխատում։ «Իջգրանդ տեքստիլ» ընկերությունը, ամսական շուրջ 1000 դոլարի ծախս կատարելով, ավտոբուսներ է ուղարկում Իջեւանի սահմանամերձ գյուղեր՝ Սարիգյուղ, Ներքին Ծաղկավան, որպեսզի աշխատողներին տեղափոխի Իջեւան քաղաք եւ հակառակ ուղղությամբ։ Մ. Միրզոյանը ցանկություն հայտնեց, որ պետությունը հարկային արտոնություննեով  խրախուսի իրենց արտադրությունը։ Նա հայտնեց, որ  իրենց բոլոր՝ 203 աշխատողները պետականորեն գրանցված են, իրենց մոտ  կային  կար սովորողներ՝ բանվորների աշակերտներ, որոնց   հարկային տեսչությունը համարել է  թաքնված աշխատողներ եւ շուրջ 70 միլիոն դրամի հայց ներկայացրել դատարան. այդ  հայցով  դատաքննությունը  դեռ չի կայացել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս