ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում դեռ օգոստոսի սկզբին լատինատառերով հրաժեշտ էր տվել իր ընկերներին եւ այցելուներին. «Es ardzakurd em meknel. Hangstanum em naev FB-its )))»: Նախարարի գրածից ամիսուկես հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Facebook-ի իր էջում կոչ է արել բոլոր հայերին գրառումները կատարել միայն հայատառ: «Գիտակցում եմ, որ մեր շատ հայրենակիցներ, մանավանդ արտերկրում, չեն կարող գրել հայատառ, քանի որ չունեն «Յունիքոդ»: Սակայն բոլորին կոչ եմ անում հնարավորության դեպքում գրել միայն հայատառ»,-գրել է Տիգրան Սարգսյանը: Թե ինչ կապ ունի վարչապետի գրածն Արմեն Աշոտյանի լատինատառերի հետ, դժվար է ասել: Նույնքան դժվար է պատկերացնել, որ նրա կոչից հետո բոլոր սփյուռքահայերը պետք է «Յունիքոդ» իստալացիա անեն իրենց համակարգիչների մեջ, որպեսզի ոսկեղենիկ հայերենով իրենց մտքերը շարադրեն: Իհարկե, կարեւոր չէ, թե նույն վարչապետի հասցեին ինչ տառատեսակով են նույն սոցիալական կայքում, մեղմ ասած, հայհոյախառն արտահայտություններ գրում: Բայց լավ է, որ վարչապետը հայերենը կիրառելու կոչ է անում: Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանից առաջ նման կոչով հանդես էին գալիս օտարալեզու դպրոցների բացման դեմ ակցիաների հեղինակները:
ՄԻԱՅՆ ՀԱՅԵՐԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ