Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ՝ խիստ լարված շրջանում․ ինչ սպասել․«Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ մեկնարկեցին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, որին ուշի-ուշով հետեւում է նաեւ հայկական կողմը: Եվ հենց այդ զորավարժությունների մեկնարկն էր պատճառը, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Հանդիպման ժամանակ Տոնոյանը նշել է, թե զուտ ռազմական տեսանկյունից այդ զորավարժությունների մարտավարական բնույթը մտահոգիչ չէ, սակայն կարեւոր է, որպեսզի զորավարժությունները չվերածվեն Հայաստանի Հանրապետության սահմանների, պաշտպանական կառույցների եւ այլ ենթակառուցվածքների անմիջական հարեւանությամբ սադրիչ գործողությունների։

Նա շեշտել է, որ հայկական կողմը ուշադիր հետեւելու է զորավարժությունների ընթացքին եւ հետագա զարգացումներին։ Նաեւ Դավիթ Տոնոյանն ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հանդիպում էին ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահ երկրների՝ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների դեսպանների եւ ռազմական կցորդների հետ: Այս տեսանկյունից կարեւորություն է ներկայացնում նաեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկել են իրավիճակի սրացումը հայ-ադրբեջանական պետական սահմանին: Զրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ, իսկ Պուտինն ընդգծել է լարվածության սրացմանը նպաստող ցանկացած գործողություն կանխելու կարեւորությունը: Հետաքրքիր է, որ այս նույն շրջանում զորավարժությունններ են անցնացնում նաեւ Ռուսաստանը եւ Իրանը։ Իսկ, ահա, Հայաստանի սահմանի մոտ երեկ մեկնարկած երկշաբթյա համատեղ զորավարժությունների շրջանակում նախատեսված են նաեւ օդուժի կիրառմամբ վարժանքներ: Եվ չնայած նման զորավարժություններ անցյալ տարիներին էլ իրականացվել են, սակայն այս անգամ դրանք տեղի են ունենում խիստ լարված շրջանում՝ հուլիսի 12 -ին հայ – ադրբեջանական սահմանային սրացումից հետո»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս