ՑԻՆԻԶՄ ԵՎ ՄԵԾ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը չի դադարում հասարակությանը զարմացնել իր հայտարարություններով: Պարզվում է՝ Հայաստանը թեւակոխել է տնտեսական ակտիվության փուլ: Իսկ որպես իր ասածների ապացույց` Տ.Սարգսյանը մեջբերել է միջազգային կազմակերպությունների վերջին գնահատականները: «Մեր ընդդիմախոսներն արդեն պետք է բանավիճեն ոչ թե կառավարության, այլ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ, որոնք այդ գնահատականները եւ ցուցանիշները հրապարակում են»,-փորձել է հպարտանալ նա։ Ուշագրավն այն է, որ երբ միջազգային հեղինակավոր «Ֆորբս» ամսագիրը Հայաստանի տնտեսությունը դասել էր իր հետամնացությամբ աշխարհում երկրորդ տեղում, նույն Տիգրան Սարգսյանը կոչ էր անում չհավատալ միջազգային կազմակերպություններին: Բայց այսօր, երբ Հայաստանի տնտեսությունը ներկայացվում է իշխանություններին ցանկալի լույսի տակ, նույն Սարգսյանը ոչ միայն բարձրաձայնում է այդ մասին, այլեւ անգամ ընդդիմությանն է խորհուրդ տալիս բանավիճել նրանց հետ: Միայն թե, չգիտես ինչու, շարքային քաղաքացին իր մաշկի վրա չի զգում տնտեսական ակտիվությունն ու գրանցված գլխապտույտ աճը, չգիտես ինչու, հասարակ քաղաքացին չի զգում, որ ինքը սկսել է լավ ապրել, որ իր բարեկեցությամբ արդեն անցել է հարեւան Ադրբեջանին ու Վրաստանին:Հայ ազգային կոնգրեսի անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Տիգրան Սարգսյանի հայտարարությունները որակեց որպես ցինիզմ ու մեծ խաբեություն: «Այս վիճակում, երբ Հայաստանի տնտեսությունը կանգնած է ճգնաժամի երկրորդ փուլի առաջ, խոսում է այն մասին, որ իրենք չեն տիրապետում իրավիճակին ու փորձում են մեզ խաբել: Իսկ դա ապացուցում է, որ նրանք պետք է վաղուց հեռանային»,-ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ հաջորդ տարիները ՀՀ տնտեսության համար լինելու են ծանր, քանի որ մեծ չափերի արտաքին պարտք ենք կուտակել ու 2012թ. սկսելու ենք այն մարել: Վահագն Խաչատրյանի խոսքերով` իշխանություններն արդեն դիմել են միջազգային կազմակերպություններին՝ խնդրելով հետաձգել արտաքին պարտքի մարումը: «Իսկ եթե նրանք մտածում են, որ հաջորդ անգամ եւս պարտք կվերցնեն, ապա չարաչար սխալվում են»,-նշեց նա: Խաչատրյանի համոզմամբ` Տիգրան Սարգսյանն ու իր թիմն այսօր զբաղված են դրսի երկրներին դուր գալով, այլ ոչ թե երկրի ներսում գործ անելով, խնդիրներ լուծելով: Նա այս պահին բնական է համարում միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ գրանցված անկումից հետո տնտեսության մեջ ինչ-որ շարժի գրանցում: «Բայց էականը դա չէ, էականն այն է, որ Հայաստանի տնտեսության մեջ որեւէ դրական փոփոխություն չի եղել ու չէր էլ կարող լինել: Մենք մեր առաջ խնդիր չենք դրել քննադատել՝ հանուն քննադատության: Մենք միշտ օբյեկտիվ գնահատականներ ենք տվել իրավիճակին ու մեկ անգամ եւս կրկնում ենք, որ Հայաստանում տնտեսությունը գտնվում է ծայրահեղ իրավիճակում, մենք շարունակում ենք գտնվել տնտեսական ճգնաժամի մեջ: Մենք դեպի անկում ենք գնում: Մեր տնտեսությունը խիստ կախված է ռուսական տնտեսության ու համաշխարհային հումքային շուկայի փոփոխություններից: Հայաստանի տնտեսության վրա էական ազդեցություն է գործում երկու հանգամանք. համաշխարհային շուկայում նավթի եւ մետաղների գներն իրենց հերթին, եւ ՌԴ-ից եկող մասնավոր տրանսֆերտներն իրենց հերթին: Եթե այս երկու գործոնները դրական չեն, ապա մեր տնտեսությունը գոյություն չունի: Այսինքն՝ մենք ինքնուրույն տնտեսություն, չունենք»,-նշեց Վահագն Խաչատրյանը: Նա, ի գիտություն Տիգրան Սարգսյանի, ասաց, որ սրանք ոչ միայն իրենց գնահատականն են, այլեւ օտարերկրյա այն բիզնեսմենների, որոնք առնչվել են այս իշխանությունների հետ:ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն էլ իր երեկվա ասուլիսում կարծիք է հայտնել, որ իշխանությունները պարզապես չեն ուզում աշխատել, իսկ կառավարությունը նման է հոգնած մարմնի, քանի որ այս տարվա ընթացքում որեւէ նախաձեռնություն չի եղել: «Սոցիալական առումով այսօր ՀՀ-ն նախկին ԽՍՀՄ երկրների շարքում ամենաբեւեռացածն է, եւ ճեղքվածքը ճգնաժամից հետո խորանում է»,-նշել է նա: Տիգրան Սարգսյանի հայտարարություններին չի հավատում նաեւ Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագիտության դասախոս Մովսես Արիստակեսյանը: Վերջինս Տիգրան Սարգսյանի ելույթը որակեց «Մարկի՛զ, կյանքն այստեղ շատ ուրախ է» երգի բառերով: «Վարչապետը շարունակում է ավազակապետության` «միայն բարի լուրեր» թեմայով քարոզչությունը: Զարմանալի չէ իշխանությունների դիրքորոշումը, մնում է, որ ժողովուրդը հասկանա իրողությունն ու իր վճռական ձայնը բարձրացնի սեպտեմբերի 23-ին` հայկական նոր հեղափոխության օրը»,-նշեց Արիստակեսյանը:ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս