2020թ. հուլիսի 17-ին Երևանի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ իրեն պատկանող ՍՊ ընկերությունը 17.07.2020թ. մասնակցել է Շիրակի մարզի բնակչի սնանկության գործերով կառավարչի կողմից կազմակերպած աճուրդին, որի ժամանակ ճանաչվել է հաղթող և 213.303 ՀՀ դրամ գումարով գնել է նրան պատկանող «Վազ-21703» մակնիշի ավտոմեքենան, որից հետո սնանկության գործերով կառավարիչը պարտավորվել է մի քանի ժամվա ընթացքում ավտոմեքենան հանձնել իրեն, սակայն որոշ ժամանակ անց հայտնել է, թե չի կարողանում գտնել մեքենայի սեփականատիրոջը։
Հաղորդման կապակցությամբ նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պարտապանը, սնանկության գործով կառավարչից տեղեկանալով սեփականության իրավունքով իրեն պատկանող և բանկում գրավադրված «Վազ 21-703» մակնիշի նշված ավտոմեքենան աճուրդով 213.303 ՀՀ դրամ գումարով վաճառված լինելու հանգամանքի մասին, հեռախոսով կապ է հաստատել ավտոմեքենան աճուրդով գնած անձի հետ և առաջարկել ավտոմեքենայի դիմաց ավելի բարձր գին վճարելու պայմանով այն հետ գնել՝ միաժամանակ փորձելով նրա հետ հանդիպել:
Մերժում ստանալով, վեճը լուծելու խնդրանքով, Շիրակի մարզի բնակիչը դիմել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ներկայացուցչի ազգականին՝ Գյումրի քաղաքում «քրեական հեղինակություն» հանդիսացող անձի օգնությանը՝ նշված ավտոմեքենան գնորդին չհանձնելու, ավելի բարձր գին վճարելու պայմանով այն հետ գնելու և իր տիրապետության տակ թողնելու կապակցությամբ համապատասխան գործողություններ կատարելու համար:
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը մասնակցելով և ներգրավվելով՝ «քրեական հեղինակություն» հանդիսացող անձն իր հերթին զանգահարել է աճուրդում հաղթող ճանաչված գնորդին և փորձել ամեն կերպ հանդիպել վերջինիս հետ՝ նրա կողմից գնված ավտոմեքենայի հետ կապված պարզաբանումներ կատարելու նպատակով, ինչը, սակայն, մերժվել է վերջինիս կողմից:
Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը) 1-ին մասի և 223.4-րդ հոդվածի (քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:
Կատարվում է նախաքննություն։
Ձեռնարկվում են քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: