Մերձմոսկովյան Լյուբերցի դատարանում ավարտվել է 12 հայերի կալանավորման մասով դատական նիստը։ Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, նրանց մեղադրանք էր առաջադրվել ադրբեջանցու պատկանող սրճարանի վրա հարձակում գործելու մեջ:
Սակայն դատական նիստի ընթացքում պաշտպանին հաջողվել է ապացուցել, որ կալանավորման միջնորդությունն անհիմն է, և հայ երիտասարդներն անկարգությունների հետ որևէ առնչություն չունեն։ Դատարանը մերժել է կալանավորելու միջնորդությունը՝ ազատ արձակելով հայ երիտասարդներին։
Ավելի վաղ տեղեկություններ հայտնվեցին, որ Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով բերման է ենթարկվել ընդանուր առմամբ մոտ 1000 հայազգի քաղաքացի: Նրանց մեծ մասին արձանագրություն կազմելուց հետո ազատ են արձակել, իսկ 15 մարդ ենթարկվել է տարբեր չափերի (1000-1500 ռուբլի) վարչական տուգանքի, մեկ մարդ կալանավորվել է 10-ը օրով, քանի որ ունեցել է վաղօրոք դատվածություն, իսկ 8 քաղաքացի դեռևս գտնվում է կալանքի տակ, երկու ամիս ժամկետով՝ մինչև նախաքննության ավարտը:
Հիշեցնենք՝ Ռուսաստանում հայերի ու ադրբեջանցիների միջև մի քանի օր շարունակ բախումներ էին գրանցվում։ Բախումները սկսվել էին այն բանից հետո, երբ Ադրբեջանում ծնված հրեաներին պատկանող “Food City” մոսկովյան մեծածախ առևտրի շուկան արգելել էր հայկական ծիրանով բեռնված բեռնատարների մուտքը շուկայի տարածք, այնուհետև նաև “Твой дом” առևտրի կենտրոնում, որի սեփականատերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին խնամի Արազ Աղալարովն է, արգելվել էր հայկական ապրանքի վաճառքը: Իսկ հուլիսի 23-ին և 24-ին Մոսկվայում և Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներում ադրբեջանցիները հարձակվել էին հայերի և հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների, հայերին պատկանող խանութների և սրճարանների վրա: Մի խումբ երիտասարդներ դիմեցին պատասխան քայլերի՝ հարձակվելով ադրբեջանական սրճարանների վրա:
Իրավիճակին կոշտ արձագանքեցին Ռուսաստանի իրավապահ մարմինները։ Ավելի վաղ մամուլում հայտնվեցին լուրեր, որ մոսկովյան տարբեր դատարանների կողմից հայ-ադրբեջանական բախումների 15 մասնակիցների կալանավորելու մասին որոշումներ է կայացվել։ Նկատենք, որ հուլիսի 26-ից սկսած նոր հարձակումներ չեն եղել:
ՏԱԹև ՖՌԱՆԳՅԱՆ