«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել կառավարության կողմից առաջադրված Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների միջեւ երեկ տեղի ունեցած դռնփակ հանդիպումից: Մեր տեղեկություններով՝ հանդիպումը բավականին լարված է անցել՝ տեւելով մոտ երեք ժամ: Գրեթե բոլոր պատգամավորները հարցեր են ուղղել Ավետիսյանին, նույնիսկ քաղաքական բնույթի հարցեր՝ պարզելու համար, թե, օրինակ, մինչեւ այժմ ընտրություններ կեղծվել են, թե ոչ, կամ ինչպես է նա վերաբերվում քաղաքական գործընթացներին: Գրեթե բոլոր հարցերին Վահրամ Ավետիսյանը տվել է շատ կարճ եւ, այսպես ասած, խուսափողական պատասխան:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպման ժամանակ պատգամավորները նաեւ հետաքրքրվել են իր հորից՝ Դավիթ Ավետիսյանից, որը եղել է «Մարտի 1»-ի մի քանի գործերով որոշումներ կայացնողը: Սակայն Վահրամ Ավետիսյանը հայտարարել է, թե իր հոր արարքներում որեւէ բացասական բան կամ շահերի բախում չի տեսնում: Նշենք, որ թեեւ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը «Իմ քայլի» շատ պատգամավորների մոտ բացասական լոբբինգ է արել, որպեսզի չընտրեն Ավետիսյանին, այնուամենայնիվ, երեկ շատ պատգամավորներ հասկացել են, որ վերջինս վճռական է տրամադրված, եւ ետքայլ այլեւս չի լինելու: Նշենք, որ իշխող խմբակցության ներսում կան նաեւ պատգամավորներ, որոնք դրական են տրամադրված Ավետիսյանի հանդեպ, կան նաեւ չեզոքներ, որոնց համար միեւնույնն է, թե կառավարությունը ում կառաջարկեր. իրենք հաստատ կքվեարկեն»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։