ՏԵՍԱՆՅՈՒԹ. 5 փաստ՝ Հայկ Սարգսյանի վերաբերյալ ուսումնասիրություն սկսելու համար. «փարթի»-ի կեղծիքն ու իրականությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դեռեւս 2020 թվականի հուլիսի 6-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել: Վարույթ հարուցելու համար առիթ էր հանդիսացել 2020 թվականի հունիսի 23-ի «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության ընդհանուր ժողովի արձանագրությունը, որը ստորագրվել է Գագիկ Կոլյայի Ծառուկյանի կողմից: Վարույթ հարուցելու հիմք էր հանդիսացել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Կ. Կարապետյանի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հասցեագրված դիմումը:

Սակայն հետաքրքիր է, որ արդեն 5 օր է՝ համացանցը ողողված է ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ տեղեկություններով եւ փաստերով, սակայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում որեւէ ուսումնասիրություն դեռ չի սկսվել: Խոսքը հուլիսի 26-ին Սևանա լճի ափամերձ տարածքում գործող «White Shorja»-ում տեղի ունեցած խնջույքի մասին է, որը լայնորեն քննարկվում է մինչեւ այժմ: Իսկ պատճառը ոչ միայն այն է, որ այնտեղ ներկաները առանց դիմակ էին եւ նարգիլե էին օգտագործում, որն այժմ՝ արտակարգ դրության պայմաններում արգելված է, այլեւ այն, որ ըստ տեղեկությունների, այդ փարթին կազմակերպել է հենց պատգամավոր Հայկ Սարգսյանը եւ այդ տարածքը եւս պատկանում է իրեն:

Եվ չնայած պատգամավորը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե այդ տարածքն իրեն չի պատկանում, սակայն կան տվյալներ, որոնք ավելի խոսուն են եւ ապացուցում են, որ այդ տարածքը կապ ունի պատգամավորի եւ նրա եղբոր՝ Նաիրի Սարգսյանի հետ: Իսկ այժմ համադրենք փաստերը.

Փաստ 1

Համացանցը ողողված  է Հայկ Սարգսյանի լուսանկարով, որում նա կանգնած է լողափի դրամարկղի համակարգչի առջև և սա ավելորդ անգամ ապացուցեց այն հանգամանքը, որ ինքը ինչ-որ կերպ կապ ունի այդ լողափի հետ: ArmLur.am-ը պատգամավոր Հայկ Սարգսյանից հետաքրքրվել էր, թե ինչ էր անում պատգամավորն այդ տարածքին պատկանող համակարգչի դիմաց, ի պատասխան նա նշել էր.  «Օգտվել եմ իրենց ինտերնետից, քանի որ տեղում բջջային ինտերնետը լավ չի աշխատում: Այդ ինտերնետից բոլոր հանգստացողները օգտվում են», – նշեց նա: Սակայն ուշագրավ է, որ այս նույն հարցի մասով լողափի տնօրեն ներկայացող Արտյոմ Մելքումյանը մեկնաբանել էր, թե պատգամավորն  ուղղակի ցանկանում էր կարգավորել ինտերնետը՝ իրենց խնդրանքով: Ստացվում է՝ նրանց երկուսի խոսքերը հակասում են իրար եւ չի բացառվում, որ կա երրորդ տարբերակ եւ Հայկ Սարգսյանը դրամարկղի դիմաց պարզապես այդ օրվա եկամուտն էր հաշվարկում:

Փաստ 2

Ի վերջո ում է պատկանում լողափը. համացանցում  տեղեկություններ հայտնվեցին, որ Հայկ Սարգսյանն է հիմնել լողափը եւ հետաքրքիր է, որ տնօրեն ներկայացող Արտյոմ Մելքումյանը փոխկապակցված է Հայկ Սարգսյանի հետ եւ երկար տարիներ աշխատել է նրա ընտանիքին պատկանող ավտոպահեստամասերի վաճառքի կետում որպես վաճառող: Այսինքն, եղել է Հայկ Սարգսյանի աշխատողը: Նա նաև Հայկ Սարգսյանի ընկերն է, որը հավաստող բազմաթիվ լուսանկարներ կան նաև:

Փաստ 3

Որքան էլ Հայկ Սարգսյանը հայտարարում է, թե ինքը կապ չունի «White Shorja»-ի հետ, սակայն փաստերն այլ բանի մասին են խոսում: Եթե նա կամ եղբայրը որեւէ կապ չունեն White Shorja լողափի հետ, ապա ինչու է նրանց ընկերն օրեր առաջ կիսվել այդ լողափի մասին պատմող տեսանյութով եւ նշել Սարգսյան եղբայրներին։ Խոսքը Մհեր Հայրապետյանի մասին է, որը ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեսանյութ այն մասին, թե ինչպես ճահճից ստացվել է Սևանի ամենամեծ լողափն ու գրառմանը կից նշել Հայկ և Նաիրի Սարգսյանին, գրելով․ «թույն», չմոռանալով նաեւ կարմիր սրտիկը։

Փաստ 4

ArmLur.am-ը դեռ հուլիսի 28-ին գրել էր, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տեսուչը մի քանի արձանագրություն է կազմել լողափի վերաբերյալ՝ տարբեր խախտումների համար, սակայն դրանց  ուղղակի ընթացք չի տրվել։ Մենք հայտնել էինք, որ Շրջակա միջավայրի այն ժամանակվա նախարարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանը ծածուկ «հանձնարարել է» ընթացք չտալ արձանագրություններին: Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Հայկ Սարգսյանը կարող է կապ ունենալ այդ լողափի հետ, ում համար էլ նախարարի պաշտոնակատարը կարող  է գնալ նման քայլերի:

Փաստ 5

Նկատենք, որ առաջին անգամ չէ, որ Հայկ Սարգսյանը Սևանում փարթիներ է կազմակերպում, սակայն հետաքրքիր է, որ նա տարիներ  շարունակ հենց այդ լողափի տարածքում է փարթիներ կազմակերպել:

Եվ ահա համադրելով այս փաստերն ու մյուս տեղեկությունները, պետք է ուսումնասիրություն տեղի ունենա հենց  Կոռուպցիայի կանխաչգելման հանձնաժողովի կողմից՝ փորձելով պարզել՝ արդյոք պատգամավոր Հայկ Սարգսյանը զբվաղվում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ, թե ոչ եւ ի վերջո ում է պատկանում այդ տարածքը: Այս փաստերը հիմքեր են հանձնաժողովին գործելու եւ ապացուցելու համար, որ իշխանության ներսում արտոնյալներ չկան:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս