ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ Է սահմանում Իրանի նկատմամբ՝ սահմանափակելով այն մետաղների ու նյութերի մատակարարումները, որոնք կարող են օգտագործվել Իսլամական Հանրապետության միջուկային, հրթիռային եւ ռազմական ծրագրերի համար: Այդ մասին հայտարարել Է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմպեոն:
«Այսօր Պետդեպարտամենտը 22 կոնկրետ նյութեր Է որոշել, որոնք օգտագործվում են Իրանի միջուկային, ռազմական կամ բալիստիկ հրթիռային ծրագրերի առնչությամբ: Նրանք, ովքեր գիտակցաբար այդպիսի նյութեր կտան Իրանին, այժմ կհայտնվեն պատժամիջոցների ներքո»,-ասվում Է Փոմպեոյի հայտարարության մեջ:
Նրա պնդմամբ, Իրանի միջուկային, բալիստիկ եւ ռազմական ծրագրերը «լուրջ սպառնալիք են ներկայացնում միջազգային խաղաղության ու անվտանգության համար»:
Բացի այդ, արգելված են Իրանի շինարարական ճյուղի համար նյութերի մատակարարումները, քանի որ կարծում են, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) «վերահսկում Է երկրի շինարարական սեկտորը»:
«ԻՀՊԿ-ի շինարարական ընկերությունը եւ նրա բազմաթիվ այլ դուստր ձեռնարություններ առաջվա պես գտնվում են ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո, քանի որ նրանք անմիջական մասնակցություն են ունեցել Ֆորդոյում ուրանի հարստացման օբյեկտի շինարարության գործում»,-նշվում Է հայտարարության մեջ:
Արգելքի տակ հայտնված 22 մետաղների եւ նյութերի թվում են՝ ալյումինի ձուլվածքները, ալյումինի փոշին, առանձին մակնիշների պողպատ, այդ թվում՝ չժանգոտվող, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: