Ավարտվել է Շիրակի «Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում առերևույթ պաշտոնեական փաստաթղթեր կեղծելու փաստի առթիվ հարուցված և ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախնական քննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։
Պատշաճ դատախազական հսկողության ներքո իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ե. Ս.-ն, 2018-2019թթ. ուսումնական տարվա ընթացում հանդիսանալով ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտոր, հրամանով մինչև 2019թ. օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածը ստանձնել է մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնացու, դոցենտի պարտականություններ՝ 0.5 դրույք ծանրաբեռնվածությամբ:
Պարզվել է, որ ուսումնական նշված տարվա համար հաստատված դասաբաշխմամբ 2-րդ կիսամյակում, բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի կենսաբանություն մասնագիտության առկա 1-ին կուրսում նա պարտավորված է եղել դասավանդել ընդհանուր 66 դասաժամ, մինչդեռ դրա շրջանակներում իր վրա դրված՝ դասախոսությունները, գործնական պարապմունքները և ստուգումները չի կատարել: Դասաբաշխմամբ իր վրա դրված պարտավորությունները այլ աշխատակցին փոխանցելու ուղղությամբ իրավական գործընթաց ձեռնարկելու փոխարեն նա բանավոր համաձայնության է եկել մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Վ. Մ.-ի հետ՝ դրանք իր փոխարեն կատարելու շուրջ, ինչը վերջինս իրականացրել է: Այդ պայմաններում Ե.Ս.-ն ստորագրելով կեղծել է հիշյալ կուրսի՝ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող դասամատյանը՝ դասաբաշխմամբ իր վրա դրված պարտավորությունները փաստացի կատարվելու պատրանք ստեղծելով:
Այնուհետև, նշված կուրսի ուսանողների 2019թ. 2 միջանկյալ ստուգումները Վ. Մ.-ի կողմից իրականացվելու պայմաններում նա ստորագրելով կեղծել է նաև բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի կենսաբանություն մասնագիտության «ֆիզիկա» առարկայի առկա 1-ին կուրսի 2-րդ կիսամյակի բազմագործոնային գնահատման տեղեկագիրը և այն հանձնել ֆակուլտետի դեկան Բ. Պ.-ին: Վերջինս, տեղեկացված լինելով Ե. Ս.-ի կողմից հիշյալ պարտավորությունները չկատարելու մասին, իր ստորագրությամբ և ֆակուլտետի կնիքով հաստատել է այն:
Այնուհետև, Ե. Ս.-ն, դասաբաշխմամբ իր վրա դրված վերոհիշյալ ծանրաբեռնվածությունը չկատարելու փաստը քողարկելու նպատակով, 2019թ. հուլիսին իր ստորագրությամբ կեղծել է նաև 2018-2019թթ. ուստարվա «Դասախոսի աշխատանքի անհատական պլան» կոչվող փաստաթուղթը, որում ներառված են եղել բովանդակությամբ կեղծ տվյալներ դասաբաշխմամբ իր վրա դրված 383 ժամ ծանրաբեռնվածությունը վերջինիս կողմից ամբողջությամբ կատարված լինելու վերաբերյալ, որը նա ներկայացրել է ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատարին, դեկանին, ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտորին, գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրենին, ովքեր հաստատել են այն:
Հիշյալ առերևույթ հանցավոր արարքները կատարելու համար Շիրակի «Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, նշված ժամանակահատվածում բուհի ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտորի պաշտոնն զբաղեցնող Ե. Ս.-ին, մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Վ. Մ.-ին և բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկան Բ. Պ.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող Շիրակի մարզի դատախազության դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվել է և քրեական գործի հետ հուլիսի 31-ին ուղարկվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար: