«Գալաքսի» ընկերությունների խմբի 2019թ. հարկային պորտֆելը կազմել է ավելի քան 31 միլիոն դոլար,
որը 2018թ-ի նույն ցուցիչի համեմատությամբ աճել է շուրջ 4 միլիոն դոլարով։ Հայաստանի խոշոր
հարկատուներից ու գործատուներից «Գալաքսի» ընկերությունների խումբը, որը միավորում է 15
ընկերությունների մոտ 3000 աշխատակիցների, հրապարակել է 2020թ. տնտեսական և սոցիալական
ազդեցության տարեկան զեկույցը, որում ներկայացված են ընկերությունների խմբի 2019թ. պետությանը
վճարված հարկերն ու տուրքերը, վարկային պորտֆելը, աշխատավարձային ֆոնդը, երկրի ՀՆԱ-ի վրա
ազդեցության ցուցանիշն ու կարևոր այլ տեղեկատվություն։
«Մեր շահերի կենտրոնը Հայաստանն է, ինչի վկայությունը մեր 20 տարիների գործունեության արդյունքն է։
Հավատում ենք, որ կարող ենք մեր ներդրումն ունենալ երկրի կայուն զարգացման և մարդկանց կյանքի որակի
բարելավման հարցում, և մեր քայլերն ուղղում այդ առաքելության իրականացման համար», – ասել է
«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։
«Գալաքսի» ընկերությունների խումբն իր ապրանքների ու ծառայությունների միջոցով մուտք է գործում
Հայաստանում ամեն երրորդ տնային տնեսություն։ Համայնքի տիպային բնութագիրը քաղաքաբնակ,
բարձրագույն կրթությամբ, միջին և բարձր եկամտային խմբի 18-55 տարեկան կանայք և տղամարդիկ են,
որոնց 46,3%-ը քաղաքականապես ակտիվ են և 76%-ի համար ինտերնետն ինֆորմացիայի առաջնային
աղբյուր է։ Միայն 2019թ. ընթացքում «Գալաքսի» ընկերությունների խմբի կողմից տեղական շուկայից
ձեռքբերումները կազմել են 53 մլն ԱՄՆ դոլար, ինչը զգալի ազդեցություն է ունեցել երկրի ՀՆԱ-ի վրա։
«Գալաքսի» խումբը 2019 թվականին ունեցել է 3,02% մասնաբաժին ՀՀ բանկերի կողմից տրամադրված
վարկային պորտֆելում, որը կազմել է մոտ 128 միլիոն դոլարի, ինչն էլ էական եկամտաբերություն է
ապահովել բանկային համակարգի համար։
Ընկերությունների խմբում աշխատավարձային ֆոնդում էական բարելավում է նկատվել։ Ընկերությունների
խմբի միջին ամսական աշխատավարձը, որը 2018թ-ին եղել է 314 000 դրամ, 2019-ին դարձել է 376 000
դրամ, իսկ վճարած եկամտային հարկը կազմել է 3,709 միլիարդ դրամ։
Հիշեցնենք, որ ընկերությունների խումբը հայտարարել էր, որ տնտեսական գործունեության
սահմանափակումների առաջին եռամսյակն ամփոփում է առանց աշխատատեղերի կրճատման։
Ընկերության տնտեսական և սոցիալական ազդեցության զեկույցը մանրամասն ներկայացված է պաշտոնական կայքում։