ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ՓՈՂ ԼՎԱՆԱԼՈՒ» ԶԲԱՂՄՈՒՆՔ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արաբկիրի նախկին թաղապետ Ֆելիքս Յայլոյանն այժմ  Երեւանի քաղաքապետարանի բարեկարգման վարչության պետի տեղակալն է: Ու քանի որ վարչության պետը` Սամվել Մհերյանը, նոր է նշանակվել «Հայռուսգազարդ»-ից, ոլորտին էլ դեռ լավ չի տիրապետում, Յայլոյանին առայժմ հաջողվում է մոլորեցնել նրան եւ գումար աշխատել:«Ժողովուրդ»-ի` Երեւանի քաղաքապետարանին մոտ կանգնած աղբյուրների տեղեկություններով` Ֆելիքս Յայլոյանը, լինելով ՀՀԿ անդամ, օգտվելով Մհերյանի անփորձությունից (նշվում է, որ նա Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի բարեկամն է), շինարարական աշխատանքների մեծ ծավալներ է «կորցնում», ապա պատճառաբանում, թե Հանրապետական կուսակցության համար է հարկավոր: Նույնիսկ նշվում է, որ այս իրավիճակի արդյունքում բավական լարված հարաբերություններ են ձեւավորվել վարչության եւ այն կազմակերպությունների միջեւ, որոնք շահել են Երեւան քաղաքում բարեկարգման աշխատանքների իրականացման մրցույթները:  Մեխանիզմն էլ, ինչպես բացատրվեց, այսպիսին է. օրինակ` տանում, արդեն եղած ասֆալտի վրա  բարակ շերտով ասֆալտ են փռում: Իսկ մայրաքաղաքի ասֆալտապատման աշխատանքների անցկացման մրցույթներում հաղթած շինարարական կազմակերպություններից էլ, կրկին  ՀՀԿ կուսակցության անվան տակ, Յայլոյանը վերցնում է ծավալներ, որոնք հետագայում տանում, վաճառում է: Մեր զրուցակիցը պատմեց նաեւ, որ շատերը դժգոհ են կատարված շինարարական աշխատանքներից: Օրինակ` Երեւանի մսի կոմբինատի տնօրենը` ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի հայրը, տարբեր վայրերում մի քանի անգամ  ասել է, որ Ֆելիքսն իրենից 12 միլիոն դրամ փող է վերցրել` իրենց մոտ ասֆալտ անելու դիմաց, սակայն անորակ աշխատանք է կատարել:«Ժողովուրդ»-ն այս տեղեկությունների հետքերով զրուցեց պարոն Յայլոյանի հետ` պարզելու, թե ինչպես է նրան հաջողվում, ՀՀԿ-ի անունը տալով, գրպանել պետական միջոցները: Յայլոյանը բարկացավ. «Ո՞ր ապուշն է տենց  բան ասել, ով որ ասել է` գլուխը պատովն է տվել, երեսը քարովն է տվել»: Ապա ավելացրեց, որ նման «չոր կեղտ»  իրեն չի կարող կպչել, եւ ինքը նման հերյուրանքներ չի ընդունում: Ֆելիքս Յայլոյանն  ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ իր զբաղեցրած պաշտոնի եւ կատարած աշխատանքների համար պատրաստ է «ստուգման բոլոր հարցերով պատասխան տալ ցանկացած դատախազական օրգանի»: Ինչ վերաբերում  է հավելագրված ծավալների հետ կապված մեղադրանքին, պարոն Յայլոյանն  ասաց, որ հակառակը, քաղաքապետարանը ստիպում է շինարարներին մի բան էլ ավել աշխատանքներ կատարել: «Որովհետեւ մեր ծավալները քիչ են, իսկ ժողովրդի պահանջները` շատ: Ավել են գրվում, որովհետեւ մենք ուզում ենք, որ ավել արվի: Շատ ավել են անում, բայց մենք քիչ վճարում ենք անում, էդ մեկը լա՛վ իմացեք»,-ասաց Ֆելիքս Յայլոյանը: Իսկ թե որն է այդ կազմակերպությունը, որ քիչ գումարի դիմաց շատ աշխատանք է կատարում, Յայլոյանը չմանրամասնեց: Նա հերքեց, որ ՀՀԿ անդամ է եւ ասաց, որ առհասարակ որեւէ կուսակցության անդամ չէ:  Ինչեւէ, նրանից հետաքրքրվեցինք նաեւ Երեւանի մսի կոմբինատի հետ կապված խնդրի մասին, որի համար 12 մլն է ստացել: Ֆելիքս Յայլոյանն ասաց, որ Արին Բերդ փողոցում իրականացվող աշխատանքները նույնիսկ ավարտված էլ չեն: Նշենք, որ քաղաքապետարանի եւ գործարանի միջեւ եղել է պայմանագիր, որով բարեկարգման աշխատանքները 25 տոկոսի չափով արվում են քաղաքապետարանի, 75 տոկոսի չափով` գործարանի, մոտակա տների բնակիչների եւ այդ փողոցի վրա գտնվող հիմնարկ-ձեռնարկությունների հաշվին: «Մինչեւ հիմա իրենք էդ գումարները չեն էլ հավաքագրել, բայց մենք պարտավորությունը կատարում ենք. անցյալ տարի կիսատ ենք թողել, այս տարի ավելացնում ենք: Էդ ով որ հավաքում է, թող նրա անունը տան»,-ասաց նա: Մի խոսքով, որտեղ որ փող կա, այնտեղ էլ մեքենայություններ, խաբեություններ ու այն ամենը, ինչի մասին հաճախ խոսում է ՀՀ Վերահսկիչ պալատը:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս