903թ. օգոստոսի 3-ին Կոստանդնուպոլսում ծնվել է ֆրանսահայ գրող, սփյուռքահայ գրականության հիմնադիրներից Շահան Շահնուրը, իսկական անունը` Շահնուր Քերեսթեճյան: Վախճանվել է 1974 թ-ին:
Նախնական կրթությունը ստացել է Սկյուտարի Սեմերճյան դպրոցում, ապա՝ Պերպերյան վարժարանում։1921-ին ավարտել է վարժարանը: Շահնուրն օժտված էր նկարելու և գծելու ակնհայտ ձիրքով, վարժարանն ավարտելուց հետո զբաղվում է լուսանկարչությամբ:
1922–ին հաստատվել է Փարիզում։ Այստեղ էլ զբաղվում է լուսանկարչությամբ և սկսում առաջին գրական փորձերը: Աշխատակցել է «Արև», «Ապագա», «Անահիտ» պարբերականների, Թեոդիկի «Ամենուն տարեցույց»-ին:
1929–ին լույս է ընծայել իր առաջին վեպը՝ «Նահանջը առանց երգի», ահազանգելով սփյուռքահայերի ուծացման ու այլասերման վտանգի մասին։ Այս գործը, որտեղ դեպքերն ու հարաբերություններն ունեն հիմնավորված հասարակական հենք, այսօր էլ մնում են այժմեական։ 1928-32թթ սովորել է Փարիզի համալսարանի գրականության բաժնում: Ծանր հիվանդության պատճառով գրողը հեռացել է Փարիզից և հաստատվել Ֆրանսիայի հարավում: 1933–ին Շ. Շահնուրը հրատարակել է «Հարալեզներուն դավաճանությունը» պատմվածքների ժողովածուն։ Այս երկու գործով նա դասվել է հայ ռեալիստական արձակի վարպետների շարքը:
Որոշ ժամանակ նա ստեղծագործել է ֆրանսերեն՝ Արմեն Լյուբեն ստորագրությամբ, 1956-ից հայերեն տպագրել է հրապարակախոսական, գրաքննադատական հադվածներ ու մանրապատումներ։ 1939–ին նա «Լա նուվել ռեվյու ֆրանսեզ»–ում ընթերցողին է ներկայացրել «Գիշերային փոխադրություն» հիվանդանոցային հուշերը։ Ֆրանսերեն հրատարակվել են «Պրպտումներ անտեղի» (1942), «Գաղտագողի անցորդ» (1946), «Սուրբ համբերություն» (1951), «Բարձրավանդակ» (1957) ժողովածուները։
50-ական թթ. վերջերից հայերեն լույս են տեսել «Թերթիկս կիրակնօրյա թիվը» (1958) պատմվածքների ժողովածուն, «Զույգ մը կարմիր տետրակներ» (1967), «Կրակը կողքիս» (1973) գրքերը, որոնցում ամփոփված են Շահան Շահնուրի հին ու նոր հոդվածները, հրապարակախոսությունները։ 1963թվականին նշվել է գրողի 60 ամյակը: