Արաբկիր վարչական շրջանում շուրջ 250 տնատիրությունների համար նոր կոյուղագիծ է կառուցվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արաբկիր վարչական շրջանի առանձնատներով կառուցապատված երեք փողոցներում կոյուղու նոր ցանց է անցկացվում: Ծրագրի ավարտին կլուծվի շուրջ 250 տնատիրությունների տասնամյակների խնդիրը:

«Այժմ այստեղ գործող կոյուղու շահագործումը գրեթե հակացուցված է: Դրա համար մենք ծրագիրը մեկնարկեցինք հենց այստեղից: 800 գծամետր է երկարությունը, 57 մլն դրամ ֆինանսավորմամբ: Բավականին բարդ տեղանք է»,- նշում է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

Կոյուղատար ցանցի վերակառուցումն իրականացվում է համայնքային բյուջեի միջոցներով: Տարեկան ծրագրով մյուս վարչական շրջաններում ևս ընտրվել են ամենախնդրահարույց հասցեները:

«Պատկերացրեք, թե ինչ ծավալի աշխատանքներ ենք փորձում սկսել, որոնք շատ մարդկանց համար տեսանելի չեն, բայց մնայուն են, հիմնարար և, առնվազն, 30 տարի այս փողոցների տնատիրությունների սեփականատերերը կարող են անհոգ լինել, որ այս հիմնախնդիրը մեկընդմիշտ փակվելու է իրենց համար»,- ասում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը:

«Շարունակություն ունի ծրագիրը մայրաքաղաքում. այս պահին հայտարարված է ևս 7 հասցեների նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման աշխատանքներ: Ցավոք, պետք է նշեմ, որ այս ծրագիրն ամբողջ քաղաքով մեկ մեկնարկած կլիներ, եթե չլինեին օրինազանց հայտատուներ, որոնք կեղծ փաստաթղթերով հայտնվեցին մրցույթներին և ձախողեցին ամբողջ տարվա ծրագիրն այս ոլորտում»,- նշում է Կամո Արեյանը:

Ժամանակին ոչ ճիշտ նախագծային լուծումների պատճառով այս փողոցների կոյուղին գրեթե չէր գործում, ինչը լուրջ խնդիրներ էր ստեղծում բնակիչների համար: Այսօր ցուցաբերվում է շատ ավելի մասնագիտական մոտեցում:

«Ժամանակին, երբ այստեղ կառուցվել են կոյուղագծեր, խողովակի տրամաչափերն անհամեմատ փոքր են եղել, դիտահորերի նիշերը մեկուկես մետր խորության փորել իջել են, իսկ ժամանակին 40 սմ էր: Նաև հաշվի առնենք, որ խողովակները մետաղյա են եղել և ժամանակի ընթացքում քայքայվել են, իսկ այս պահին ժամանակակից մետաղապլաստե հումքով խողովակներ են տեղադրվում, որոնք շատ ավելի երկար են ծառայելու»,- նկատում է Արամ Դանիելյանը:

«Ծրագրով փոխվում է նաև 35 հատ միանգամայն նոր դիտահոր: Փոխվելու են նաև բնակելի տների վնասված մուտքագծերը: Կատարելու ենք ասֆալտապատում»,- ասում է «ԷՄՕՇԻՆ» ՍՊԸ ճարտարագետ Էմիլ Բզնունին:
Երևանի ներքաղաքային կոյուղատար ցանցը շուրջ 950 կմ երկարություն ունի: Դրա գրեթե 80 տոկոսը քայքայված է: Մայրաքաղաքում կոյուղատար ցանցին առնչվող խնդիրները վերհանելու, հասցեների ընտրության ու համայնքային բյուջեով ծրագիրն իրականացնելու գործում կարևոր դեր են խաղում նաև Երևանի ավագանու ակտիվ անդամները:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս