Ձեր արդար քրտինքով դուք տուն էիք պահում. Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երաժիշտ-կատարողների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գագիկ Ծառուկյանը, շարունակելով տաբեր սոցիալական խմբերի հետ հանդիպումների շարքը, օրերս հանդիպել է երաժիշտ-կատարողների հետ՝ վերջիններիս խնդրանքով։ Այս մասին տեղեկանում ենք Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան էջից:

Համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով այս ոլորտը կաթվածահար է եղել։ Զգալի թվով երաժիշտներ մնացել են առանց աշխատանք, ծառացել է սեփական ընտանիքները պահելու սուր խնդիրը։

«Մենք կորցրել ենք աշխատանք, մենք կորցրել ենք արժանապատիվ մարդ լինելու հնարավորությունը, մենք մեր քրտինքով դժվար աշխատանքով ապրում և պահում էինք մեր ընտանիքները, ոչ մեկից երբևէ ոչինչ չենք խնդրել։ Հիմա մենք կանգնած ենք սեփական երկրում ապրել չկարողանալու խնդրի առաջ։ Իշխանությունը ոչինչ չի ասում, մենք իշխանության համար գոյություն չունենք։ Մեզ մնում է մի բան՝ առաջին իսկ հնարավորության դեպքում՝ արտագաղթել երկրից»- շեշտում էին հանդիպման մասնակիցները։

Գագիկ Ծառուկյանը հանդիպման մասնակիցներին իր անվերապահ աջակցությունը հայտնելով, առաջարկեց միասին աշխատելով գտնել լուծումներ։

«Ես պատրաստ եմ, իմ թիմը պատրաստ է, գիշեր-ցերեկ աշխատելով առաջարկներ մշակել, լուծումներ գտնել, մեղմել ձեր խնդիրները, որ կարողանաք դիմանալ, մինչև համավարակի ավարտը։ Դուք իսկապես այն ոլորտն եք ներկայացնում, որտեղ ամեն աշխատած կոպեկը ազնիվ է՝ ձեր տաղանդի շնորհիվ, ձեր արդար քրտինքով դուք տուն էիք պահում։ Եվ հիմա, անկախ բոլոր բարդություններից, անթույլատրելի է, որ դուք հայտվեք նման վիճակում։ Վստահ եմ՝ լուծումներ կան, և մենք միասին կարող ենք գտնել դրանք»- նշել է Գագիկ Ծառուկյանը։

ԲՀԿ նախագահը հանձնարարեց «Ծառուկյան» հիմնադրամի փորձագետներին՝ ուսումնասիրել միջազգային փորձը, թե ո՛ր պետություններում ինչ հաջողված լուծումներ կան, կազմել կոնկրետ առաջարկների փաթեթ և ներկայացնել իրեն։




Լրահոս