Որբաթ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է հայկական ռեստորանների միության անդամների հետ: ArmLur.am-ի հետ զրույցում Հայակական ռեստորանների միության տնօրեն Վահե Գեւորգյանը որոշ մանրամասներ հայտնեց:
-Պարո՛ն Գեւորգյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ի՞նչ եք քննարկել, ի՞նչ խոստացավ վարչապետը: Որեւէ լուծում առաջարկե՞ց …
-Հիմնականում խոսքը գնացել է ոլորտին պետության կողմից աջակցության հնարավորության մասին: Մեր ոլորտը երկար ժամանակ է ունի մինիմում 70 տոկոս շրջանառության անկում ու արդեն աշխատատեղերի հետ կապված էլ է խնդիր առաջանում, բիզնեսը մեծ դժվարություններ ունի այդ առումով: Պետության հետ սկզբունքորեն համաձայնվել ենք օգոստոսից սկսած, ամենայն հավանականությամբ, վերջնական որոշումը կընդունվի, բայց համաձայնությունը կայացվել է, որ կառավարությունը համաֆինանսավորելու է հանրային սննդի ոլորտի ընդհանուր աշխատավարձային ֆոնդի որոշակի տոկոսը: Սա կշարունակվի որոշակի ժամանակ մինչեւ որ շրջանառության մինիմալ ծավալները կվերականգնվեն:
-Արդյո՞ք սա խնդրի լուծում է:
-Եթե անկեղծ խոսենք եւ հաշվի առնենք պետության հնարավորությունները, բավականին աջակցություն է բիզնեսին: Հենց այդ աշխատավարձային ֆոնդի որոշակի տոկոսով փոխհատուցումը պետությունը նաեւ սոցիալական մասն է ապահովում հարցի, որովհետեւ մեր ոլորտում մոտ 35 000 աշխատող կա ներգրավված: Փաստորեն գործատուները պետության աջակցության շնորհիվ կարողանալու են այդ աշխատատեղերը պահել:
-Բայց միեւնույն է՝ բիզնեսը վնասներ է կրում…
-Ճիշտ է, շրջանառությունը չի վերականգնվի արագ, եւ ինքը բիզնեսը շարունակելու է վնասներ կրել, գործատուները հիմնականում աշխատավարձը վճարում են: Համենայնդեպս, մեր միության անդամ ռեստորանները, սրճարանները մեծ մասամբ վճարել են, եթե որոշակի գրաֆիկի կրճատում է եղել, այնուամենայնիվ, մարդիկ հիմնականում իրենց աշխատատեղը չեն կորցրել:
-Իսկ կա՞ն ռեստորաններ, որոնք փակվել են այս ամենի արդյունքում:
-Այս պահին սնանկացման գործընթացի մասին չկա տեղեկություն, բայց կան ժամանակավոր փակումներ, դրանք արդեն շատ են: Օրինակ, «Սեգաֆրեդո» ցանցից սրճարանի մեկ-երկու փակում, երկու կոնցեպտի միավորում, հայտնի ռեստորան՝ «Ծիրանի տուն»-ը, որը բավականին հայտնի է, «Ոստան»-ը ժամանակավոր փակ են: Դիլիջանի՝ «Թավա»-ն եւս փակ է: Չենք ասի համատարած փակումներ են սկսվել, բայց այդ տենդենցը սկսվում էր:
-Վարչապետի հետ հանդիպմանը քննարկվե՞լ է հարսանյաց սրահների վիճակը… նրանք այս ընթացքում բարձրաձայնում են իրենց խնդիրներն, անգամ սկսել են վնասների գույքագրում անել:
-Այնտեղ խնդիրն ուրիշ է. կա հանրային առողջության հետ կապված խնդիր, մեծ միջոցառումներ անցկացնելու եւ այդ արգելքը կա: Չնայած մեր ռեստորաններն էլ ունեն նման հնարավորություն, բայց դա հիմա ավելի արդարացված է, չնայած որ վնասներ ենք կրում:
-Այդ մասին վարչապետը չխոսե՞ց…
-Այս աջակցությունը նաեւ իրենց է վերաբերվելու, չէ: Բանակցել ենք, գնացել ենք այս քայլին, աշխատել ենք կառավարության հետ բոլորի համար: Մենք բոլորին չենք ներկայացնում, հարսանյաց սրահներին ի պաշտոնե չենք ներկայացնում: Մենք մեզ իրավունք չենք վերապահել իրենց խնդիրների մասին բարձրաձայնել…
-Ինչո՞ւ իրենք ներկա չէին այդ հանդիպմանը, չե՞ն տեղեկացրել իրենց այդ մասին, թե այլ խնդիր կա…
-Մենք ի սկզբանե, երբ այս ճգնաժամը սկսվել է, բաց ենք եղել, ասել ենք մեր ոլորտի ներկայացուցիչներին, որ որոշակի առաջարկությունների փաթեթ ենք պատրաստում, ով ցանկություն ունի, հետաքրքրված է, կարող է միանալ: Եղել են անհատներ, որ զանգել են, ուրիշ ռեստորանատերեր եկել են, հանդիպել են: Սա օդից ընկած հանդիպում չէր, այլ՝ չորս ամսվա աշխատանք էր: Մենք ոլորտի բոլոր ներկայացուցիչներին տեղեկացրել ենք, որ առաջարկությունների փաթեթ ենք ներկայացնելու եւ խնդրել ենք իրենց ներգրավվել ու եղել են առաջարկությունները: Մենք ներկայացրել էինք նաեւ եւս չորս առաջարկություն՝ վարկային արտոնյալ վարկերի տրամադրում, հարկային որոշակի արձակուրդ, վարկերի սառեցման ինչ-որ տոկոսների առայժմ չգանձվող հնարավորություններ, եւ ուղղակի դրամական աջակցություն աշխատավարձային ֆոնդին…
-Այս կետերի շուրջ քննարկում եղա՞վ վարչապետի հետ: Ի՞նչ արձագանք ստացաք:
-Հարկային արձակուրդն այս վերջին հանդիպմանը չենք քննարկել, որովհետեւ մինչ այս պարզ էր դարձել, որ այն ձեւով ինչպես, որ մենք պատկերացնում էինք, կառավարությունը հայտարարել է, որ չի լինի:
-Արդյոք հանդիպումից գո՞հ են եղել ռեստորանատերերը:
-Մենք գոհ ասելով ի՞նչ ենք պատկերացնում, սա հնարավորույթունների մասին է խոսքը, մեր պետության մասին է եւ մենք գտնում ենք, որ այդ քայլը արվում է ու արվի այնպես, ինչպես որ պայմանավորվել էինք, դա ընդունելի փոխզիջում է, ընդունելի աջակցություն է: Մենք չենք կարող ասել, որ գիտեք դա շատ փոքր բան է: Հաշվի առնելով պետության այսօրվա հնարավորությունները՝ մենք գտել ենք, որ ընդունելի փոխզիջում է, պայմանավորվություն կա ամեն ամիս կառավարությունը, մոտավորապես աշխատավարձային ֆոնդի մեկ երրորդի 33 տոկոսի չափով փոխհատուցելու է բիզնեսի ծախսը, այն բավականին մեծ ծախս է յուրաքանչյուր ռեստորանի համար:
զրուցեց՝ Սյունէ Համբարձումյանը