ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՈՒՆԵՆԱԼ ՍԵՓԱԿԱՆ ԽԱՄԱՃԻԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձավ Սահմանադրական դատարանի թեկնածու Վարդան Ավետիսյանի առաջադրմանը, ինչպես նաեւ իրենց գործընկեր ԲՀԿ-ի շուրջ կատարվող գործընթացներին: Սաղաթելյանը նշեց, թե իրենք առաջիկայում գործընկերներով օրակարգ են ներկայացնելու՝ աշխատանքային խմբի հետ կապված: Մեր դիտարկմանը՝ այս հետապնդումները միգուցե հասնեն ՀՅԴ-ին, նա նկատեց, թե իրենք բոլոր սցենարներին պատրաստ են:

 

-Պարո՛ն Սաղաթելյան, արդեն հայնտի է, որ ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի համար առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը։ Վերջինիս առաջադրման հարցը բուռն քննարկումների առիթ է հանդիսացել? ոմանք ասում են, որ, իր հոր դատական գործերի հետ կապված, պետք չէր  իր թեկնածությունը  առաջադնել, ոմանք ասում են, որ լավ մասնագետ է։ Ի՞նչ դիրքորոշում ունի «Դաշնակցությունն» այս հարցի շուրջ։

-Մեր դիրքորոշումը՝ Սահմանադրական դատարանի հետ կապված, շատ հստակ է. տեղի է ունեցել իշխանության զավթում, դատական իշխանության զավթում, գործադիր իշխանության կողմից դատական իշխանության յուրացում։ Ապօրինի քայլերով եւ գործողություններով իշխանությունը փորձում է ունենալ սեփական խամաճիկ Սահմանադրական դատարան։ Կարեւոր եւ գլխավոր խնդիրը դա է։ Դրանից հետո այն դատավորներին, որոնք պետք է ապօրինի կերպով ազատվեն Սահմանադրական դատարանի անդամի պարտականությունից, ումով կփոխարինեն եւ ինչպես, դա արդեն երկրորդական է։ Բուն եւ գլխավոր խնդիրն այն է, որ իշխանությունն ապօրինի քայլերով գնաց Սահմանադրական դատարանի յուրացման ճանապարհով։

-Հատուկ քննչական ծառայությունը մերժեց ձեր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ «Հայրենիք» կուսակցության դիմումը, որով դուք նշում էիք, որ սահմանադրական կարգի տապալում է տեղի ունեցել, եւ դիմումը ներկայացրել էիք  դատախազություն, որը ուղարկվել էր ՀՔԾ։ Ի՞նչ կարծիք ունեք, ինչո՞ւ կարճվեց գործը, ու որեւէ ընթացք չտրվեց։

-Մենք պաշտոնական պատասխան չենք ստացել։ Ստանալուց անմիջապես հետո համապատասխան ասուլիսով հավանաբար քաղաքական ուժերը հանդես կգան եւ իրենց դիրքորոշումը կներկայացնեն։ Բայց մինչ հիմա մենք պաշտոնական մերժում չենք ստացել։

-Այսինքն՝ կարծում եք՝ երեք դատավորների ընտրությունը կատարելու իրավունք խորհրդարանը չունի՞։  

-Այս մասին մենք շատ հստակ ներկայացրել ենք մեր գնահատականները, նաեւ տվել ենք իրավական հիմնավորումներ. ամբողջ գործընթացն ապօրինի է եւ վերջ։ Իհարկե, իրավունք չունեն։

-Բայց իշխանությունը առաջ է շարժվում, իր գործողություններն է իրականացնում: Կարծես թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանն էլ որեւէ իրավունքի խախտում չնկատեց, եւ կարելի է ասել, որ պրոցեսն ընթանում է։ Ի՞նչ է քննարկում «Դաշնակցությունն» այս ամենի հետ կապված: Կնշե՞ք կոնկրետ գործողությունները, որ առաջիկայում պատրաստվում եք իրականացնել։

-Մենք անցնող ժամանակահատվածում մշտապես ներկայացրել ենք մեր տեսակետը, դիրքորոշումը, մատնանշել ենք այն բոլոր սխալները, որով շարժվում է իշխանությունը: Մենք շարունակելու ենք այս հարցի մասին խոսել, իրականացնել անհրաժեշտ քայլեր, որովհետեւ գտնում ենք, որ իշխանությունը, ապօրինաբար ոտնահարելով բոլոր օրենքները, փորձում է հաստատել մեկ մարդու իշխանություն։

-Դուք՝ երեք կուսակցությունների հետ, ստեղծեցիք աշխատաքային խումբ, որն աշխատում է եւ ունի օրակարգ։ Մի փոքր կմանրամասնե՞ք՝ այս պահին ինչով եք զբաղված:

-Երեք ընդդիմադիր քաղաքական ուժեր համաձայնության են եկել օրակարգային մի քանի հարցերի շուրջ  եւ այս օրակարգի շուրջ համագործակցում են։ Մեր աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով երեք ուժերից բաղկացած ստեղծել ենք վեց հոգանոց աշխատանքային խումբ, որոնք այս ժամանակահատածում աշխատել ենք ու շարունակելու ենք աշխատել։ Արդեն հանդես եկել է երկու նախաձեռնությամբ աշխատանքային խումբը՝ մեկը՝ դատախազությանն ուղղված բողոքները, մյուսը՝ երբ «Բարգավաճ Հայաստան» կուսացկությունը ԱԺ-ում երեք կուսակցությունների կողմից հանդես եկավ օրենքի նախաձեռությամբ։ Առաջիկայում նման քայլերի եւ գործողությունների ականատես կլինեք:

-Կա՞ կոնկրետ ոլորտ, որին անդրադառնալու եք։

-Կոնկրետ, հստակ ծրագիր կլինի, դա մեր հասարակությունից գաղտնի չի լինի։

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՆ Է

«Հայաստանում Ռուսաստանի դաշնակիցը հայ ժողովուրդն է, ոչ թե առանձին քաղաքական գործիչներ»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀըԽ-ին տված հարցազրույցում։ Անդրադառնալով RT-ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի վերջին աղմկահարույց հայտարարությանը՝ իբր, «Հայաստանը Կովկասում պլացդարմ է դարձել հակառուսական ուժերի համար», Փաշինյանն ասել է. «ՀԿ-ները, որ որակվում են որպես Ռուսաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված կառույցներ, գործել են նաեւ այն նախագահների իշխանավարման օրոք, որոնց՝ Ռուսաստանի հանդեպ լոյալությունը որեւէ մեկը կասկածի տակ չի դրել»։

 

«Բոլոր այդ կառույցները ստեղծվել են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք. եթե վերջիններս ռուսամետ էին, ինչո՞ւ չեն փակել այդ կազմակերպությունները»,-հարց է բարձրացրել Հայաստանի վարչապետը։

Արձագանքելով Սիմոնյանի մյուս քննադատությանը, թե Հայաստանը մինչ օրս չի ճանաչել Ղրիմի անկախությունը, Փաշինյանը նշել է՝ Հայաստանը դեռ չի ճանաչել Ղարաբաղի՛ անկախությունը.  «Ի՞նչ է, դա նշանակում է, թե մենք չե՞նք պաշտպանում Ղարաբաղը. ո՛չ, մենք հայտարարում ենք, որ Հայաստանը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։ Եվ, ելույթ ունենալով Ստեփանակերտում, ես հայտարարել եմ՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ։ Դրանից հետո Ադրբեջանի կառավարության մոտ հիստերիա սկսվեց, բայց փաստն այն է, որ այժմ Հայաստանն ու Ղարաբաղը միասնական անվտանգության տարածք են»։

Հայաստանի վարչապետը փաստել է, որ Սիմոնյանի գրառումը «հսկայական բացասական արձագանք է առաջացրել հայկական շրջանակներում»: «Ռուսաստանում պետք է արձանագրեն, հասկանան, որ Հայաստանում Ռուսաստանի դաշնակիցը ո՛չ Փաշինյանն է, ո՛չ Պետրոսյանը, ո՛չ Պողոսյանը, ո՛չ Քոչարյանը, ո՛չ էլ Սարգսյանը. Ռուսաստանի գործընկերն ու դաշնակիցը հայ ժողովուրդն է։ Սա շատ կարեւոր նրբություն է։ Շատ գործիչներ տեւական ժամանակ իրենց ներկայացրել են որպես Ռուսաստանի միանձնյա դաշնակից, սակայն այդ դաշնակիցը հայ ժողովուրդն է, ոչ թե առանձին անհատներ, գործարարներ, ընտանիքներ կամ քաղաքական գործիչներ: Այդպես է, քանի որ մենք (Ռուսաստանն ու Հայաստանը) ընդհանուր ռազմավարական շահեր ունենք, որոնք կախված չեն Փաշինյանից ու Պողոսյանից», – շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը նաեւ անդրադարձել է հարցին՝ ինչ անել, որ երկկողմ հարաբերություններում նման հարցեր չծագեն. «Հայաստանը պետք է հաշվի նստի Ռուսաստանի եւ ռուս ժողովրդի զգացմունքների ու նպատակների հետ, Ռուսաստանում էլ մեր գործընկերները եւ ռուսաստանցիները պետք է հաշվի նստեն հայ ժողովրդի զգացմունքների եւ ցանկությունների հետ»:

 

 

Ո՞Վ ԿՆՇԱՆԱԿՎԻ

Երկու ամսից ավելի է, ինչ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը թափուր է: Այս պահին նախարարի լիազորությունները կատարում է առաջին փոխնախարար Վահե Ջիլավյանը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ հնարավոր է՝ առաջիկայում նախարար նշանակվի Կոտայքի ներկայիս մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ Պետրոսյանն այս առիթով հրաժեշտի փոքրիկ հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակիցների հետ եւ հայտարարել, որ չի բացառվում՝ իրեն մինչեւ երկուշաբթի նշանակեն նախարար: Այս տեղեկությունը ճշտելու նպատակով ArmLur.am-ը զրուցեց հենց մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ: Մեր հարցին ի պատասխան՝ Պետրոսյանն ասաց. «Պաշտոնապես որեւէ նման բան այս պահին չկա, ես իմ բնականոն լիազորությունների շրջանակներում իրականացնում եմ մարզպետի կարգավիճակից բխող իմ պարտականությունները: Մեր այն հարցին՝ առաջարկ ստացել է, թե ոչ, մարզպետն արձագանքեց. «Նման բան պաշտոնապես չկա, եւ ես չեմ ուզում լուրը մեկնաբանել»:

Հիշեցնենք, որ շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը նախարարի պաշտոնից հրաժարական է տվել մայիսի 5-ին:

 

ԵՐԿՐՈՒՄ ՉԷ

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին հրավիրել են դատարան, սակայն պարզվել է, որ նա երկրում չէ: 5 տարի անց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով ամբաստանյալներ Հենրիկ Ավագյանը եւ Գարեն Աթաջանյանը դատապարտվեցին 12 տարի ազատազրկման. Աթաջանյանը հիվանդության հիմքով ազատվեց պատիժը կրելուց, եւ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվեց, իսկ Ավագյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը մնաց անփոփոխ մինչեւ դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը:

Մեզ հետ զրույցում Գարեն Աթաջանյանը, անդրադառնալով դատարանի որոշմանը, ասաց, որ կգա ժամանակը, ինքը կխոսի, իսկ, ահա, շուրջ 5 տարի կալանքի տակ գտնվող Հենրիկ Ավագյանի պաշտպան Լիանա Գրիգորյանը ներկայացրեց իրենց հետագա հնարավոր քայլերը: Հիշեցնենք՝ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձը տեղի էր ունեցել 2015 թվականի մայիսի 20-ին. Կապան-Գորիս ավտոճանապարհին կրակոցներ էին արձակվել Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ: Մեքենայում եղած 3 անձանցից որեւէ մեկը՝ Խաչատրյանը, նրա վարորդը եւ օգնականը, չէին տուժել, թեեւ կրակոցների մեծ մասը դիպչել էր մեքենային, այդ թվում՝ դիմապակուն: Դեպքից հետո հարուցվել էր քրեական գործ, եւ մեղադրանք էր առաջադրվել Հենրիկ Ավագյանին, Գարեն Աթաջանյանին, Արա Բուդաղյանին եւ Վիտալի Մինասյանին. վերջին երկուսի նկատմամբ ավելի ուշ քրեական հետապնդումը դադարեցվել էր:

 

 




Լրահոս