Հայաստանի զինված ուժերը ուշադիր հետեւելու է Ադրբեջանում վաղը մեկնարկող ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններին: Այս մասին երեկ հայտարարել են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ նշելով. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը եւ զինված ուժերը ուշադիր, կրկնում եմ, շատ ուշադիր հետեւելու են հուլիսի 29-ից օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի եւ Թուրքիայի համատեղ նախատեսված զորավարժությունների ընթացքին եւ միտումներին»:
Նկատենք, որ ադրբեջանաթուրքական զորավարժությունների մասին հայտարարվեց Տավուշի մարզի Մովսես, Չինարի գյուղերի ուղղությամբ հուլիսի 12-ին սկսված հայ-ադրբեջանական ռազմանական գործողություններից հետո, որոնց արդյունքում հայկական կողմը, փաստորեն, ունեցավ դիրքային բարելավում։
Ադրբեջանական կողմը հայտարարեց իր 12 զինծառայողների, այդ թվում՝ Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ դիրքավորված Ադրբեջանի երրորդ բանակային կորպուսի շտաբի պետ, գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովի, նույն կորպուսի հրետանու պետ, գնդապետ Իլգար Միրզոեւի զոհվելու մասին։
Հայկական կողմը հայտնել է 6 զինծառայողի զոհվելու մասին, որոնցից 29-ամյա պայմանագրային զինծառայող Աշոտ Միքայելյանը ադրբեջանական դիպուկահարի կրակոցից սպանվեց հուլիսի 27-ին՝ սահմանին մի քանի օր տեւած հարաբերական անդորրից հետո։
Ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը հայտնում է, որ զորավարժությունները տեւելու են մինչեւ օգոստոսի 10-ը, դրանց ընթացքում օդուժի կիրառմամբ վարժանքներ են անցկացվելու Բաքվում, Գյաջնայում, Քյուրդամիրում, Եվլախում ու Նախիջեւանում: Իսկ ցամաքային զորքերի մասնակցությամբ զորավարժությունները կայանալու են օգոստոսի 1-5-ը Բաքվում եւ Նախիջեւանում։ Ի դեպ, այսօր Բաքու է ժամանել զորավարժություններին մասնակցող թուրքական զորախումբը։
Ուշագրավ է, որ ադրբեջանաթուրքական զորավարժությունները, փաստորեն, պետք է անցնեն ռուսաստանյան զորավարժությունների ֆոնին։ Հուլիսի 17-ին, երբ Հայաստան – Ադրբեջան սահմանին մարտական գործողությունները դեռ չէին մարել, Ռուսաստանը հայտարարեց իր արեւմտյան ու հարավային ռազմական շրջաններում տեղաբաշխված զորամիավորումների անակնկալ ստուգատես, որի ընթացքում, ինչպես փոխանցում է ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ին, հարավային ռազմական շրջանի գրեթե բոլոր զորամիավորումները իրենց մշտական տեղակայման վայրերից տեղաշարժվեցին զորավարժարաններ, որպեսզի ստուգում անցկացվի, թե որքանով են պատրաստ ծրագրված ԽՈՉՍՈջ-2020 անվանումով ռազմավարական զորավարժություններին։ Ստուգատեսը ավարտվեց հուլիսի 21-ին, իսկ վեց օր անց՝ հուլիսի 27-ին, ռուսաստանյան հարավային ռազմական շրջանում, ուր ներառված է նաեւ Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայանը, մեկնարկեցին զորավարժություններ՝ 5 հազար զինծառայողների, զրահատեխնիկայի եւ օդուժի մասնակցությամբ։
Միեւնույն ժամանակ, հուլիսի 23-ին հայտնի դարձավ, որ մեկնարկել են հայ-ռուսական միավորված հակաօդային պաշտպանության համակարգի վարժանքները, որոնց ընթացքում խաղարկվել են հետախուզական-հարվածային ԱԹՍ-ների կիրառման եւ հակազդման տարբեր սցենարներ:
Այս ամենի ֆոնին երեկ, ինչպես հայտնի է, կայացավ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը, որի ընթացքում, ըստ Կրեմլի հաղորդագրության, կողմերը կարծիքներ են փոխանակել «հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման համատեքստում Անդրկովկասում գործերի վիճակի վերաբերյալ», եւ Պուտինն ընդգծել է լարվածության աճին նպաստող որեւէ գործողություններ թույլ չտալու կարեւորությունը:
Ն.Հ.
ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ
Թուրքական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նրանք քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման համատեքստում։ Վլադիմիր Պուտինն ընդգծել է լարվածությունը սրելուն նպաստող ցանկացած գործողություն թույլ չտալու կարեւորությունը։ Կողմերը կոնֆլիկտային իրավիճակը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու շահագրգռվածություն են հայտնել։ Նրանք ընգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորումը, հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների եւ Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերի վրա, այլընտրանք չունի։
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
Armlur.am-ի տեղեկություններով՝ նախօրեին պետական մարմիններում աշխատող աշխատակիցներին զգուշացրել են, որ այսուհետ պետք է աշխատել «ֆուլ» ռեժիմով ու այլեւս աշխատանքային որեւէ սահմանափակումներ չեն լինելու:
Բանն այն է, որ մարտի 16-ին Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունից հետո պետական համակարգում աշխատողները ժամային սահմանափակումներ ունեին ու այնպես էին կազմակերպել աշխատանքները, որպեսզի աշխատասենյակներում աշխատողների թիվը շատ չլիներ, պահպանվեր սոցիալական հեռավորությունը՝ կորանավիրուսով վարակվելուց խուսափելու համար: Իսկ այժմ, ըստ մեր տեղեկությունների, այդ սահմանափակումները հանվել են, ու արդեն հստակ է, որ պետական համակարգի աշխատողները աշխատանքի պետք է ներկայանան ժամը 9.00-ից՝ ավարտելով աշխատանքը 18.00-ին:
Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների՝ իշխանություններն այս օրերին շատ ակտիվ աշխատում են նոր նախագծի վրա, որպեսզի կարողանան արտակարգ դրության մասին օրենքում փոփոխություններ կատարվել, ու սահմանափակումները ինչ-որ ձեւով փոխվեն: Արդեն երկու օր է՝ այս տեղեկությունը փորձում ենք ճշտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանից, սակայն ապարդյուն. վերջինս մեր զանգերին չի պատասխանում:
ՊՆ-Ի ՇԵՆՔԻ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՋՈՐԴԵԼ Է ԾԵԾԸ
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Ալեքսանդր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2019 թվականի հուլիսի 12-ին` ժամը 19:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Րաֆֆու փողոցի 55-րդ շենքի բակում ծագած վիճաբանության ընթացքում բռունցքով մի քանի հարվածներ է հասցրել Կարեն Հազարապետի Միքայելյանի մեջքի եւ մարմնի տարբեր հատվածներին` դիտավորությամբ առողջությանը պատճառելով թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ` աջ դաստակի 2, 3, 4-րդ մատների շրջանների քերծվածքների, միջին գագաթ-ծոծրակային, ձախ ուսահոդի, աջ բազկի շրջանների արյունազեղումների ձեւով, եւ ֆիզիկական ցավ: Ներսես Մատինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Ռոզա Սամվելի Բարսեղյանի եւ Կարեն Հազարապետի Միքայելյանի միջեւ 03.07.2019թ. ՀՀ ՊՆ վարչական շենքում տեղի ունեցած վիճաբանության կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով ընկերոջ՝ Ալեքսանդր Սարգսյանի եւ մի քանի ծանոթների հետ 2019թ. հուլիսի 12-ին` ժամը 19:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Րաֆֆու փողոցի 55-րդ շենքի բակում հանդիպել են Կարեն Միքայելյանին: Հանդիպման ժամանակ կողմերի միջեւ առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում Ներսես Մատինյանը Ալեքսանդր Սարգսյանի հետ Կարեն Միքայելյանին մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ խմբի կազմում, միմյանց լրացնելով, շարունակաբար ձեռքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին եւ Կ.Միքայելյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ՝ աջ դաստակի 2-րդ, 3-րդ, 4-րդ մատների շրջանների քերծվածքների, միջին գագաթ-ծոծրակային, ձախ ուսահոդի, աջ բազկի շրջանների արյունազեղումների ձեւով՝ զուգորդված ֆիզիկական ցավ պատճառելով:
ՀԱՋՈՂ ՉԻ ԵՂԵԼ
Պարզվում է՝ այս տարի տեղական մթերումների համար այնքան էլ հաջող չի եղել: Պատճառը ցրտահարությունն է եւ անձրեւները: «Սպայկա»-ի նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանի խոսքով՝ կորիզավորները որակով զիջում են անցյալ տարվա բերքին. «Մոտավորապես 40 տոկոս ավելի քիչ կարտահանվի կորիզավոր, բայց մթերումներն իրենց հունով ընթանում են, որեւէ խոչընդոտ՝ նույնիսկ երկրում առկա իրավիճակով պայմանավորված, մեր համար չկա: Հակառակը՝ մենք մթերումների աշխարհագրությունը մեծացրել ենք. եթե ֆերմերները ապրանքի մթերման հետ կապված խնդիր ունեն, ապա հանգիստ կարող են մեր ընկերության ներկայացուցիչներին դիմել: Ավելին, եթե իրենք ունեն արտահանող պարտնյոր, որը Ռուսաստանում դժվարություն ունի հիմա, այդ նույն ֆերմերները կարող են մեզ դիմել եւ սպառել իրենց ապրանքը: Հայաստանում որակյալ ապրանք ծառի վրա չի մնում»:
Մեր զրուցակիցը նշեց, որ այս տարի ֆերմերները ծիրանը լավ չեն մշակել, անձրեւների ժամանակ անընդհատ սրսկումներ չեն արել, դրա համար էլ այն որակապես, նախորդ տարվա համեմատ, թույլ է: