ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ ԿԽՈՍԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին հրավիրել են դատարան, սակայն պարզել են, որ  նա երկրում չէ: 5 տարի անց Սյունիքի  մարզի ընդհանուր իրավասության դատարանը 12 տարի ազատազրկման դատապարտեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով ամբաստանյալներ Հենրիկ Ավագյանին եւ Գարեն Աթաջանյանին: Նկատենք, որ Աթաջանյանը հիվանդության հիմքով ազատվեց պատիժը կրելուց, եւ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվեց, իսկ Ավագյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը մնաց անփոփոխ մինչեւ դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը: Մեզ հետ զրույցում Գարեն Աթաջանյանը, անդրադառնալով դատարանի որոշմանը, ասաց, որ կգա ժամանակը՝ ինքը կխոսի, իսկ, ահա, շուրջ 5 տարի կալանքի տակ գտնվող Հենրիկ Ավագյանի պաշտպան Լիանա Գրիգորյանը ներկայացրեց իրենց հետագա հնարավոր քայլերը:

 

Ըստ պաշտպանի՝ սպասում են որոշման, որպեսզի պարզ լինեն իրենց քայլերը. «Մենք միայն եզրափակիչ մասն ենք լսել, ամբողջական կստանանք, եւ պարզ կլինի մեր հետագա քայլերը: Ձեզ պետք է հայտնեմ, որ սպասելի էր այս որոշումը՝ չնայած նրան, որ մենք դիմել էինք դատարան՝ սպանության փորձի մեղադրանք մեղմվեր, քանի որ Հենրիկը մահափորձի նպատակ չի ունեցել, այլ ընդամենը ցանկացել է վախեցնել, սակայն պատիժը չմեղմվեց»:

Հիշեցնենք՝ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձը տեղի էր ունեցել 2015 թվականի մայիսի 20-ին. Կապան-Գորիս ավտոճանապարհին կրակոցներ էին արձակվել Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ: Մեքենայում եղած 3 անձանցից որեւէ մեկը՝ Խաչատրյանը, նրա վարորդը եւ օգնականը, չէին տուժել, թեեւ կրակոցների մեծ մասը դիպչել էր մեքենային, այդ թվում՝ դիմապակուն: Դեպքից հետո հարուցվել էր քրեական գործ, եւ մեղադրանք էր առաջադրվել Հենրիկ Ավագյանին, Գարեն Աթաջանյանին, Արա Բուդաղյանին եւ Վիտալի Մինասյանին. վերջին երկուսի նկատմամբ ավելի ուշ քրեական հետապնդումը դադարեցվել էր:

Դեռեւս այն ժամանակ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ տեղի ունեցածը ոչ թե մահափորձ է, այլ բեմադրություն: Դատական նիստերից մեկի ընթացքում Գարեն Աթաջանյանը եւս նման հայտարարություն էր արել՝ նշելով, որ տեղի ունեցածը Սուրիկ Խաչատրյանի կազմակերպած բեմադրությունն է, որին մասնակցություն է ունեցել նաեւ Սերժ Սարգսյանը: Նման հայտարարություն արել էր նաեւ Գորիսի նախկին ոստիկանապետը՝ ասելով, որ ձեռք բերված օպերատիվ տվյալների համաձայն՝ մարզպետի դեմ հենց նրա գլխավորությամբ տեղի է ունեցել մահափորձի նմանակում: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սակայն, չէր հաջողվել ձեռք բերել այդ տեղեկությունները հաստատող տվյալներ:

Նշենք, որ Սուրիկ Խաչատրյանը չորս տարի տեւած դատաքննությանն այդպես էլ չի ներկայացել եւ չի հարցաքննվել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԿԱՐԳԵԼՎԻ՞ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական սահմանի մասին» օրենքում, որի համաձայն՝ առաջարկում է արգելել առանց համապատասխան թույլտվության պետական սահմանի սահմանային շերտում օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները եւ արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այժմ կանոնակարգված չէ Հայաստանի պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի եւ անօդաչու թռչող սարքերի օգտագործումը: «Բացի այդ, տեսալուսանկարահանող սարքերի եւ անօդաչու թռչող սարքերի օգտագործումը կարող է խիստ բացասական անդրադառնալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանմանը, որի կապակցությամբ նպատակահարմար է սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի օգտագործման համար կիրառել որոշակի սահմանափակումներ»,- նշված է ԱԱԾ-ի նախագծում:

Այսպիսով, Ազգային անվտանգության ծառայությունն ակնկալում է այս փոփոխությամբ կանոնակարգել տեսալուսանկարահանող սարքերի եւ անօդաչու թռչող սարքերի օգտագործումը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանային շերտում:

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

Ավարտվել է «Զատիկ երեխաների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին սանի կողմից նույն կազմակերպության սանին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը: 2020 թ. մայիսի 1-ին «Զատիկ երեխաների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի  նախկին սանը՝ 18-ամյա երիտասարդը, գտնվելով նշված ՊՈԱԿ-ի երկրորդ հարկի միջանցքում,  ցանկացել է զրուցել նույն ՊՈԱԿ-ի սանի հետ: Սակայն վերջինս, գտնվելով ննջասենյակում եւ խուսափելով նրա հետ զրույցից,  կազմակերպության սաներից մեկին խնդրել է փոխանցել, թե, իբր, ինքը քնած է: 18-ամյա երիտասարդը, ցավագին ընդունելով իր հետ զրուցելուց խուսափելու համար իրեն սուտ տեղեկություններ փոխանցելու հանգամանքը, ննջասենյակից դուրս է կանչել կազմակերպության սանին, միջանցքում նախ դիտողություն է կատարել վերջինիս, ապա դիտավորությամբ բռունցքով հարվածել է նրա դեմքի շրջանին:

Այնուհետեւ մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ  իր մոտ գտնվող ծալովի դանակով մի քանի անգամ հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: 18-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 9-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

 

 

ՔՐԵԱԿԱՆ ԵՆԹԱՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել «օրենքով գող» Արսեն Երեւանսկի մականունով Արսեն Մկրտչյանի քրեական գործից: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Քաջարանի միջադեպի գործով անցնող անձինք դիմել են «օրենքով գող» Արսեն Երեւանսկուն, որ միմյանց միջեւ առաջացած տարաձայնությունը հարթի: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ դիմողներից մեկն էլ եղել է Քաջարանի միջադեպի գործով տուժող Շավարշ Մարգարյանի մտեհջք, Գորիսի կալանավայրի զոն նայող Կակաչը:

Նշենք, որ մայիսի 24 -ին Քաջարանում մի խումբ երիտասարդներ, ըստ նախաքննական մարմնի, առեւանգել, ծեծել էին Շավարշ Մարգարյանին: Այս ամենի հետեւանքով երեք երիտադարդներ կալանավորվել էին, որոնց ազատ են արձակելու: Հավելենք, որ մայիսի 22-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում հայտնել էր քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու հանցավոր սխեմաներ բացահայտելու մասին։

Արդյունքում, հիմնավոր կասկածանքով 2020 թվականի մայիսի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ էր բերման ենթարկվել «օրենքով գող», Արսեն Երեւանսկի մականունով Արսեն Մկրտչյանը եւ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով՝ Բասար մականունով Արմեն Մելքոնյանը:

Բացի այդ, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու, նրա անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու կամ իրական կամ ենթադրյալ իրավունքներն իրականացնելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով նախաքննական մարմնի կողմից բերման ենթարկված անձանցից 7-ը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության պայմաններում ձերբակալվել են, իսկ 3-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 




Լրահոս