ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մեկնարկեցին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, որին ուշի-ուշով հետեւում է նաեւ հայկական կողմը: Եվ հենց այդ զորավարժությունների մեկնարկն էր պատճառը, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Հանդիպման ժամանակ Տոնոյանը նշել է, թե զուտ ռազմական տեսանկյունից այդ զորավարժությունների մարտավարական բնույթը մտահոգիչ չէ, սակայն կարեւոր է, որպեսզի զորավարժությունները չվերածվեն Հայաստանի Հանրապետության սահմանների, պաշտպանական կառույցների եւ այլ ենթակառուցվածքների անմիջական հարեւանությամբ սադրիչ գործողությունների։ Նա շեշտել է, որ հայկական կողմը ուշադիր հետեւելու է զորավարժությունների ընթացքին եւ հետագա զարգացումներին։ Նաեւ Դավիթ Տոնոյանն ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հանդիպում էին ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահ երկրների՝ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների դեսպանների եւ ռազմական կցորդների հետ: Այս տեսանկյունից կարեւորություն է ներկայացնում նաեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկել են իրավիճակի սրացումը հայ-ադրբեջանական պետական սահմանին: Զրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ, իսկ Պուտինն ընդգծել է լարվածության սրացմանը նպաստող ցանկացած գործողություն կանխելու կարեւորությունը:  Հետաքրքիր է, որ այս նույն շրջանում զորավարժությունններ են անցնացնում նաեւ Ռուսաստանը եւ Իրանը։  Իսկ, ահա, Հայաստանի սահմանի մոտ երեկ մեկնարկած երկշաբթյա համատեղ զորավարժությունների շրջանակում նախատեսված են նաեւ օդուժի կիրառմամբ վարժանքներ: Եվ չնայած նման զորավարժություններ անցյալ տարիներին էլ իրականացվել են, սակայն այս անգամ դրանք տեղի են ունենում խիստ լարված շրջանում՝ հուլիսի 12 -ին հայ – ադրբեջանական սահմանային սրացումից հետո։

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն առաջիկա օրերին պատրաստվում է Արցախ մեկնել: Ըստ մեր տեղեկությունների՝ Վանեցյանը պատրաստվում է պաշտոնական տարբեր հանդիպումներ ունենալ արցախյան պաշտոնյաների հետ, համագործակցության հետ կապված տարբեր քննարկումներ ունենալ: Արցախյան մեր աղբյուրները փոխանցում են, որ այս պահին Վանեցյանի եւ տարբեր անձանց հետ հանդիպման ժամանակացույց է քննարկվում, եւ հստակեցումներ են իրականացվում հանդիպումների վերաբերյալ: «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանից «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել տեղեկությունը՝ հասկանալու համար, թե կոնկրետ ինչ հանդիպումների մասին է խոսքը, ու արդյոք արդեն կա այն ժամանակահատվածը, երբ կկայանան այդ հանդիպումները: «Այս պահին պլանավորված այցելություն Արցախ չկա, եւ պաշտոնական հանդիպումների պայմանավորվածություն եւս չկա»,-հայտարարեց Վանեցյանը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Արցախում եւս քննարկվում է, թե ինչ ձեւաչափով պետք է լինեն այդ հանդիպումները եւ որ պաշտոնական շրջանակներում: Չի բացառվում, որ Արցախում Արթուր Վանեցյանը հանդիպի նաեւ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին:

 

 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը լրջորեն նախապատրաստվում է աշնանային նստաշրջանում «անսանձ» պատգամավորներին լռեցնելու շուրջ: Բանն այն է, որ իշխող խմբակցությունը շրջանառության մեջ է դրել  «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ անելու մասին նախագիծը, որով ցանկանում է ավելի լրջացնել Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի գոյությունը խորհրդարանում: Մասնավորապես, իշխող խմբակցության ներկայացրած նախագծով առաջարկվում է Էթիկայի հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա նաեւ պատժամիջոցներ սահմանել պատգամավորների նկատմամբ, եւ դա անելու իրավասությունը կտրվի ԱԺ նախագահին: Ինչպես հայտնի է, մինչեւ այժմ էթիկայի կանոնները խախտած պատգամավորները պատասխանատվության չէին ենթարկվում: Գաղտնիք չէ, որ յոթերորդ գումարման խորհրդարանում հաճախ են միջադեպեր գրանցվում պատգամավորների մասնակցությամբ, եւ, մեր տեղեկություններով, այս փոփոխությունները հենց այդ նպատակն ունեն, որպեսզի փորձեն պատգամավորներին լռեցնել Էթիկայի հանձնաժողովի միջոցով: Ընդ որում, այդ հանձնաժողով այսուհետ դիմել կկարողանան բոլորը՝ մատնանշելով ապացույցներ, որ այս կամ այն պատգամավորը խախտել է էթիկայի կանոնները:  Եվ հաշվի առնելով այն հանգամանքը,  որ իշխող խմբակցությունն է կրկին մեծամասնություն լինելու՝ չի բացառվում, որ աշնանային նստաշրջանում կարգապահական պատասխանատվության ենթարկված պատգամավորները շատ լինեն:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում դատական համակարգի ներկայացուցիչների շուրջ ուշագրավ բացահայտումներ են սպասվում: Բանն այն է, որ վերջերս դատավորների մասին իրար հետեւից նոր բացահայտումներ են լինում, եւ, մեր տեղեկություններով, շղթան շարունակական է լինելու: Ինչպես հայտնի է, այժմ լուրջ իրավիճակ է տիրում Սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանի եւ Գեւորգ Նարինյանի շուրջ, վերջինս էլ կալանավորված է: Եվ սա էլ դեռ ամենը չէ. նախօրեին հայտարարություն էր տարածել Ազգային անվտանգության ծառայությունը եւ հայտնել, որ բացահայտվել են դատական դեպարտամենտի ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր: Սա եւս դատական համակարգի ներկայացուցիչների հանդեպ սկսված գործընթացների շարունակությունն է: Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, դատավորները հայտնվել են իրավապահ համակարգի թիրախում. բոլորի նկատմամբ լուրջ գործողություններ են իրականացվում, հսկողության տակ են անգամ նրանց հեռախոսային խոսակցություններն ու հանդիպումները:  Եվ հենց դա է պատճառը, որ հենց իրենք՝ դատական համակարգի ներկայացուցիչները, նոր բացահայտումների են սպասում:

 




Լրահոս