Armlur.am-ն արդեն տեղեկացրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստ է անցկացրել, որի ժամանակ քննարկել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ հանգստյան օրերին կազմակերպած «փարթիի» հարցը: Ըստ մեր տեղեկությունների՝ ՔՊ-ականները այս օրերին թեժ քննարկումներ են ունեցել տարբեր մակարդակներում, քննադատել ու, բողոքել են, թե ինչու պետք է իմքայլական պատգամավորի անհեռատես քայլերի պատճառով իրենք հայտնվեն քննարկումների, քննադատությունների կիզակետում:
Չնայած այն բանին, որ Հայկ Սարգսյանը պաշտոնապես հայտարարում է, թե ինքը այդ միջոցառման հետ որեւէ կապ չունի, ինքն ընդամենը ինչ-որ ժամանակով մտել ու դուրս է եկել, բայց պատգամավորի կուսակից ընկերները, ըստ մեր տեղեկությունների, այլ տեղեկություն ունեն ու վստահ են, որ այդ ամենի գլխավոր հեղինակը հենց Հայկ Սարգսյանն է: Գաղտնիք չէ Հայկ Սարգսյանի կուսակիցների համար, որ պատգամավորը նման միջոցառումների սիրահար է ու միշտ է նման միջոցառումներ կազմակերպում իր ծննդավայրում:
Armlur.am-ը զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովի անդամ Սարգիս Ալեքսանյանի հետ, որից փորձել ենք ճշտել՝ արդյոք իրենց հանձնաժողովում քննարկվել է Հայկ Սարգսյանի վարքագիծը:
-Պարո՛ն Ալեքսանյան, այս օրերին թեժ քննարկվում է Ձեր կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կազմակերպած միջոցառումը, որի ժամանակ չի պահպանվել արտակարգ դրության ոչ մի պահանջ: Արդյոք Ձեր հանձնաժողովում քննարկվե՞լ են Հայկ Սարգսյանի կատարած քայլերը:
-Ոչ, քննարկում չենք ունեցել, մենք եթե գտնում ենք, որ այդ հարցը պետք է քննարկել Վերահսկող հանձնաժողովում, քննարկում ենք, որոշում ենք կայացնում ու այն ներկայացնում ենք վարչությանը, բայց մենք նման քննարկում չենք ունեցել:
-Ըստ մեր տեղեկությունների՝ ՔՊ վարչությունում արդեն քննարկվել է Հայկ Սարգսյանի կատարած քայլերը, Ձեր հանձնաժողովում այդ հարցը օրակարգային չե՞ն:
-Արտակարգ դրության պայմաններից ելնելով՝ մենք նիստեր չենք անցկացնում. եթե հրատապ հարց կա, ապա այն իրականացնում ենք օնլայն ձեւաչափով: Վարչության նիստի հետ կապված ես որեւէ տեղեկություն չունեմ: Հայկ Սարգսյանը իմ կուսակցական ընկերն է, Հայկ Սարգսյանը իմ ընկերն է, եւ ինքն արդեն ներողություն է խնդրել, որ ինքն այնտեղ է հայտնվել, ինչի համար էլ ինքը տուգանվել է: Օրենքով ինքը տուգանվել է, ու չեմ կարծում՝ դրանից ավել ինչ-որ գործողություններ պետք է իրականցվեն: Մնացածը արդեն անհարկի շահարկումներ են արվում: Ինքն իր սխալը ընդունել է, տուգանվել է ու ներողությունն էլ խնդրել է:
-Բայց արդեն փաստեր կան, որ Հայկ Սարգսյանն է այդ միջոցառման կազմակերպիչը, ինքը երկու օր այնտեղ է եղել, այսինքն՝ Դուք կարծում եք, որ միայն դիմակ չկրելու համար տուգանքը արդեն բավակա՞ն է, պատգամավորի վարքն էլ ընդունելի՞ է:
-Ես կրկնում եմ, որ ինքը օրենքով տուգանվել է: Ես կարծում եմ, որ ինքն իր սխալի համար արդեն ներողություն է խնդրել. վարչության նիստում թե այդ հարցը քննարկվել է, ինչ է տեղի ունեցել, ես այդ մասին որեւէ ինֆորմացիա չունեմ: Մնացածի մասին, թե ինքը երբ է այնտեղ եղել, որ օրերին, ես այդ մասին որեւէ տեղեկություն չունեմ: Բայց քանի որ ինքը պատիժը կրել է, ես դրանից ավել ոչ մի բան չեմ կարող ասել: Մեկ շաբաթ առաջ էլ ես եմ այդ նույն տեղում եղել, նման միջոցառման չեմ մասնակցել, բայց ես էլ միայնակ եղել եմ, դիմակ կրել եմ: Ինքն արդեն ներողություն խնդրել է:
-Այսինքն՝ կարծում եք, որ յուրաքանչյուրն էլ կարող է նման քայլի դիմել՝ չպահպանելով սոցիալական հեռավորությունը, դիմակ կրելու պահանջը, մեծաթիվ մարդկանցով միջոցառում կազմակերպել, ընդամենը ներողություն խնդրել եւ վե՞րջ, պետք է ներե՞լ, նույն կարծիքին են նաեւ Ձեր կուսակցական ընկերնե՞րը:
-Ես իմ կարծիքն եմ ասել, վերահսկող հանձնաժողովը նման հարց չի քննարկել, մենք նման քննարկման դիմում չունենք: Մենք նիստ չենք ունեցել Հայկ Սարգսյանի գործողությունները քննարկելու համար:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
Ազգային ժողովի պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Սիփան Փաշինյանն առաջարկում են փոփոխություն կատարել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման մեջ: Պատգամավորները ցանկանում են ամրագրել, որ սահմանամերձ համայնքներում երկու եւ ավելի աշակերտ ունեցող ընտանիքներին դպրոցական դասագրքերը տրամադրվում են մասնակի կամ ամբողջական փոխհատուցմամբ: Չափորոշիչներն ու կարգը սահմանում է կառավարությունը, իսկ զոհված քաղաքացիների ընտանիքին տրամադրվում է նաեւ միանվագ գումարային հատուցում` 5.000.000 դրամ:
Մեկնաբանության մեջ պատգամավորները նշում են, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության տակ գտնվող բնակավայրերի բնակիչների սոցիալական բեռը որոշակի չափով նվազեցնելու ցանկությամբ:
Գործող օրենքի 5-րդ եւ 6-րդ հոդվածների համաձայն` սահմանամերձ համայնքներում եւ դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչա երի հե կան գործողությունն տեւանքով վիրավորված անձինք հնարավորություն են ստանում միայն պետպատվերի շրջանակներում բուժվելու, իսկ զոհվածների ընտանիքները` միայն հուղարկավորության եւ գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման ու տեղադրման ծախսերը հոգալու: Եվ նախագիծը նպատակ ունի սահմանամերձ համայնքներում վերոնշյալ իրադարձությունների հետեւանքով առաջին, երկրորդ կամ երրորդ խմբի հաշվանդամություն ձեռք բերած անձանց, ինչպես նաեւ զոհված քաղաքացիների ընտանիքներին տրամադրել նաեւ միանվագ գումարային հատուցում:
Միաժամանակ նախագծով առաջարկում է 3 տարով երկարացնել գործող օրենքի ժամկետը, ինչն այդ համայնքներում ապրող մեր հայրենակիցներին հնարավորություն կտա մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը շարունակել ստանալ փոխհատուցում սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի համար, ինչպես նաեւ ազատվել օրենքով նախատեսված մի շարք պարտադիր վճարներից:
ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎԵԼԻՍ
Սեւանա լճի ափամերձ տարածքում գործող «White Shorja»-ում տեղի ունեցած խնջույքի թեման, որին ներկա է եղել նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, շարունակում է լայնորեն քննադատվել: Բանն այն է, որ բազմաթիվ մարդիկ այդ օրն առանց դիմակների էին, անգամ նարգիլե էին ծխում։
Ինքը՝ Հայկ Սարգսյանը, «փարթիի» «բացահայտումից» հետո հրապարակավ ներողություն խնդրեց մասնակցելու եւ դիմակ չկրելու համար՝ ասելով, թե ընդամենը մի պահ դիմակ չի կրել, չնայած լուսանկարներն այլ բանի մասին էին վկայում: Ինչեւէ, չնայած պատգամավորը նաեւ հերքել էր, թե այդ տարածքն իրեն չի պատկանում, սակայն ընթերցողների ուշադրությունը գրավել էր նաեւ այն հանգամանքը, որ լուսանկարներից մեկում Հայկ Սարգսյանը համակարգչի դիմաց է:
ArmLur.am-ը պատգամավոր Հայկ Սարգսյանից հետաքրքրվել է, թե ինչ էր անում պատգամավորն այդ տարածքին պատկանող համակարգչի դիմաց. «Օգտվել եմ իրենց ինտերնետից, քանի որ տեղում բջջային ինտերնետը լավ չի աշխատում: Այդ ինտերնետից բոլոր հանգստացողները օգտվում են»,- նշեց նա:
«ՃՆՇՈՂ» ՀԱՐՑԵՐ՝ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ
Armlur.am-ի տեղեկություններով՝ վաղը ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Սայաթ-Նովայի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում հանդիպում է ունենալու Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ իմքայլական պատգամավորներին զգուշացվել է անպայման ներկա գտնվել հանդիպմանը, որպեսզի Ավետիսյանին հարցեր ուղղեն ու ի վերջո հասկանան, թե ում է կառավարությունը ցանկանում գործուղել Սահմանադրական դատարան:
Մենք գրել էինք, որ Աժ «Իմ քայլը» խմբակցությունը սվիններով է ընդունել Վահրամ Ավետիսյանի առաջադրումը, ու օրենսդիրներն ամեն ինչ անելու են Ավետիսյանի թեկնածության հարցը օրակարգից հանելու համար: Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ խմբակցության թեժ նիստ է սպասվում, ու այդ նիստին պատրաստվում են ճնշող հարցեր ուղղել ՍԴ դատավորի թեկնածուին:
Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի բոլոր անդամները, բացառությամբ Սուրեն Գրիգորյանի, ամեն գնով ցանկանում են հասնել նրան, որ Վահրամ Ավետիսյանի ընտրությունը տապալվի: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Գրիգորյանը մշտապես համաձայնում է կառավարության դիրքորոշման հետ, ինչի համար էլ չի հակադարձում նաեւ այս թեկնածուի առաջադրմանը: Բայց թե ինչ կլինի վաղը, ովքեր ինչ հարցեր կհնչեցնեն, պարզ կլինի խմբակցության նիստի ժամանակ: