Հուլիսի 24-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է, որ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների աշխատակիցներն օգտագործում են ՀՀ տարբեր բջջային օպերատորների հեռախոսահամարներ եւ դրանցով զանգահարելով ՀՀ քաղաքացիներին՝ անկախ հետազոտություններ անցկացնելու պատրվակով, իբր, կատարում են սոցհարցումներ` ՀՀ-ում, հատկապես՝ Զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ ստանալու համար: Մասնավորապես, նմանօրինակ հեռախոսազանգեր են արձանագրվել ՀՀ 094-39-75-95 եւ 093-52-72-08 բջջային հեռախոսահամարներից:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին կապ չհաստատել, տվյալներ չփոխանցել կամ չպատասխանել կասկածելի հեռախոսազանգերին, իսկ անկախ հետազոտությունների հարցումներին պատասխանել միայն զանգահարողի ինքնությունը պարզելուց եւ դրանում համոզվելուց հետո»:
Սակայն նկատենք, որ Ազգային անվտանգության ծառայությունում եւս մեկ աղմկահարույց գործ է քննվում: Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայությունը պարզել է՝ մինչ հայ-ադրբեջանական սահմանում հուլիսի 12-ից սկսված լարվածությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացին փորձել է Ադրբեջանի կողմին տեղեկություններ փոխանցել Հայաստանի մասին: Սակայն Ազգային անվտանգության ծառայությանը հաջողվել է ժամանակին բացահայտել քաղաքացու գործողությունները եւ կանխել նրա քայլերը: Վերջինս Ազգային անվտանգության ծառայության կողմից կալանավորվել է: Տեղեկությունը պարզելու նպատակով դիմեցինք Ազգային անվտանգության ծառայության լրատվական բաժին, որտեղից հորդորեցին հետեւել պաշտոնական հաղորդագրությանը:
Ու մինչ իրավապահները լռում են, հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտում է:
Դեռեւս 2015 թվականին ԱԱԾ-ի կողմից կալանավորվել էր պահեստազորի մայոր Գարիկ Մ-ն (ազգանունը չենք հրապարակում), ով երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ՝ համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ էր հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ եւ վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տվյալներ: Բացի այս, եւս մեկ աղմկահարույց գործ է բացահայտվել Ազգային անվտանգության ծառայության կողմից:
Տեղեկացանք, որ 2015 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ գլխավոր դատախազությունը պետական դավաճանության եւս մեկ գործ էր ուղարկել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Ըստ մեղադրական եզրակացության` Վանաձոր քաղաքի բնակիչ, 50-ամյա Ռաֆիկին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, բնակվելով Թուրքիայում, հավաքագրվել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալող Ադրբեջանի հետախուզական ծառայությունների կողմից: Բանն այն է, որ Սեյրան անունով մի անձնավորություն, որը աշխատել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունում, ծանոթացել է Ռաֆիկի հետ եւ նրան համագործակցության առաջարկ արել, ապա հստակ առաջադրանքներ տվել: Պարզեցինք, որ Ռաֆիկին ցուցում է տրվել, որպեսզի Հայաստանից Թուրքիա ժամանած ՀՀ քաղաքացիների միջից ընտրի այնպիսի անձանց, որոնք կարող են Ադրբեջանի հետախուզական ծառայությունների համար հետաքննություն իրականացնել եւ արժեքավոր տեղեկություններ տրամադրել:
Եվ, ահա, Ռաֆիկը, որպեսզի կարողանա գործը գլուխ բերել, այս պատմության մեջ է ներքաշել իր որդուն` 26-ամյա Սերգեյին: Տեղեկացանք, որ Սերգեյին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Թուրքիայում բնակվող հոր` Ռաֆիկի ուղղորդմամբ Վրաստանի Թբիլիսի քաղաքում հանդիպել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակից ներկայացած Սեյրանի հետ եւ հավաքագրվել վերջինիս կողմից: Արդյունքում Սերգեյը Ադրբեջանի հետախուզական ծառայության աշխատակից Սեյրանին է տրամադրել ԼՂՀ Մարտունու շրջանում ժամկետային զինծառայության ընթացքում իր ձեռք բերած տեղեկությունները: Բացի այդ, Սերգեյը 750 ԱՄՆ դոլլարի դիմաց եւս մեկ առաջադրանք է ստացել Ադրբեջանի հետախուզական ծառայության աշխատակցի կողմից: Սերգեյին ցուցում է տրվել, որպեսզի վերջինս ընդունվի պայմանագրային զինծառայության Մատաղիսի զորամասերից մեկում եւ տեղեկություններ հայտնի այդ զորամասի մասին համացանցի, սկայպի կամ «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով:
Հուսանք, որ Ազգային անվտանգության ծառայության այս բացահայտումը բավականին շուտ է եղել, եւ իրավապահների կողմից կալանավորված անձին չի հաջողվել այնպիսի տեղեկություններ տրամադրել հակառակորդին, որոնք կարող էին վնաս հասցնել Հայաստանին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՔՐԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է, որ 2013թ. ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Արթիկի, Գյումրու եւ Ամասիայի օդերեւութաբանական կայանների պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, նախնական համաձայնության գալով շահադիտական դրդումներով, իրենց պաշտոնավարման տարիներին՝ տարբեր ժամանակահատվածներում, ընդհանուր թվով տասնյոթ անձանց ձեւականորեն ներգրավելով կազմակերպության տարածքային ստորաբաժանումների աշխատանքներում, նրանց կողմից փաստացի աշխատանքի չհաճախելու, գործառութային պարտականությունները չկատարելու պայմաններում, կանխիկ, իսկ հետագայում՝ բանկային փոխանցումների եղանակով այդ աշխատակիցների անվամբ ելքագրված գումարներից ստացել են աշխատավարձի գումարներ՝ ամսական 60.000-75.000 ՀՀ դրամի չափով:
ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։
ՄԵՆԵՋԵՐԸ ՅՈՒՐԱՑՐԵԼ Է
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է ռեստորանային համալիրի գլխավոր մենեջերի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Երեւանի 35-ամյա բնակիչը, 2019թ. օգոստոսից աշխատելով Արմավիրի մարզի Փարաքար համայնքում գտնվող ռեստորանային համալիրում՝ որպես գլխավոր մենեջեր, լիազորված լինելով հաճախորդներից ստանալ պատվերների գումարները եւ անձամբ մուտքագրել դրամարկղ, սպորտային խաղադրույքներ կատարելու եւ անձնական կարիքները հոգալու նպատակով 2019թ. սեպտեմբերից մինչեւ նոյեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում իր աշխատանքային դիրքն օգտագործելով, ռեստորանային համալիր այցելած հաճախորդներից ստացել է ընդհանուր 4.654.800 ՀՀ դրամ գումար, որը չի մուտքագրել ռեստորանային համալիրի դրամարկղ՝ այդկերպ հափշտակելով համալիրին պատկանող առանձնապես խոշոր չափերի հասնող դրամական միջոցները:
Նշված ռեստորանային համալիրի գլխավոր մենեջերին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
ՈՍՏԻԿԱՆԻ ՁԵՌՔԸ ԿԾԵԼ Է
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Անժելիկա Ադամովային մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թ. ապրիլի 4-ին Երեւան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող «Ստանիսլավսկու» անվան թատրոնի դիմաց, իր մոտ չունենալով Պարետի 2020թ. մարտի 31-ի N 27 որոշմամբ հաստատված ազատ տեղաշարժման թերթիկ եւ անձը հաստատող փաստաթուղթ, չի ենթարկվել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ոստիկան, ավագ սերժանտ, իշխանության ներկայացուցիչ Սարգիս Անուշավանի Խաչեյանի` վարչական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկելու վերաբերյալ օրինական պահանջներին: Սարգիս Խաչեյանի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ վերջինիս նկատմամբ գործադրել է առողջության համար ոչ վտանգավոր բռնություն, այն է` կծել է իր ձեռքերին ձեռնաշղթա հագցնող Սարգիս Խաչեյանի ձախ ձեռքը` վերջինիս պատճառելով ձախ նախաբազկի շրջանի արյունազեղման ձեւով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Անժելիկա Ադամովային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Ի դեպ, այս գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին, որը Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի կաշառքի գործով մեղադրյալ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանի եղբայրն է:
ԱՐԳԵԼՎԱԾ ԻՐ
Հուլիսի 28-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, ռենտգեն սարքով զննության ենթարկելով կալանավորված անձ Գ.Մ.-ի անվամբ եղբոր կողմից բերված հանձնուքը, հայտնաբերել են հացի մեջ քողարկված բջջային հեռախոսի մաս կազմող դետալ: Դրանից անմիջապես հետո տվյալ հանձնուքի հասցեատիրոջ խցում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է նաեւ փոխարինման ենթակա անսարք դետալով «Iphone-6» ապրանքանիշի համապատասխան բջջային հեռախոսը։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: