Օրեր շարունակ բողոքի ակցիա անող դիմորդների պայքարը կտեղափոխվի իրավական հարթություն: Այլ կերպ ասած, Վարչական դատարանում պահանջելու են անվավեր ճանաչել ընդունելության մրցույթի նոր կարգը։
Ընդունելության մրցույթի կարգը փոխվել է այս տարվա մայիսին։ Առաջին անգամ ընդունելության մրցույթն անցկացվել է հայտի միայն առաջին տողով նշված մասնագիտության գերակայությամբ, այսինքն՝ մրցակցությունն ընթացել է նույն մասնագիտությունն առաջին հայտով նշած դիմորդների միջեւ։ Ցուցարար դիմորդները բողոքում են, թե այս փոփոխության մասին Կրթության նախարարությունը պատշաճ չի իրազեկել, ինչի հետեւանքով հարյուրավորները, դրական շեմը հաղթահարելով, բուհ չեն ընդունվել կամ բավարար միավորներ ստանալով՝ նախընտրելի ֆակուլտետներից են դուրս մնացել։ Փաստաբանն ասաց՝ ավելի քան հարյուր դիմորդ է հայցին միացել։
«Որպեսզի մարզերից եւս հնարավորություն ունենան գան եւ լիազորագրեր տան կամ գոնե տեղերում, մեր փաստաբանական թիմը, դիմորդները հենց իրենք մարզերով շրջայց են կատարում եւ ստանում են այդ լիազորագրերը: Ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ վերջնարդյունքում 150-200 հայցվորի պահանջ կբերվի դատարան», – նշել էր փաստաբան Ալեքսանդր Կուբաչեւսը:
Ցուցարար դիմորդները դժգոհում են, որ օրեր շարունակ պահանջում են հանդիպում կրթության գլխավոր պատասխանատու Արայիկ Հարությունյանի հետ, սակայն վերջինս իրենց չի ընդունում։
Սակայն միեւնույն ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը խնդիրը լուծված է համարում: Նրա խոսքով՝ անցողիկ շեմը հաղթահարած ու չընդունված ուսանողները հնարավորություն ունեին թափուր տեղերի մրցույթին մասնակցելու կամ հեռակա կարգով ուսանելու։
Այսպիսով, 2020 թվականի ընդունելության միասնական քննություններում բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված մի խումբ դիմորդներ երկու հայցադիմում են մուտքագրել Վարչական դատարան՝ բուհեր ընդունելության վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկելու նպատակով։
«Առաջին հայցադիմումով պահանջում ենք կառավարության որոշումը, որը կիրառվել է դիմորդների նկատմամբ, ճանաչել անվավեր։ Ընդ որում, առաջին հայցը չի լուծում դիմորդների խնդիրը եւ դրանով պետությանը՝ ՀՀ կառավարությանը, ցանկանում ենք ցույց տալ, որ այս պայքարն արդար է եղել, եւ իրապես նրանց նկատմամբ կիրառվել է ոչ իրավաչափ որոշում։ Երկրորդ հայցով պահանջում ենք արդեն անհատական մակարդակում դիմորդների նկատմամբ կարգի կիրառումը ճանաչել անվավեր եւ ռեաբիլիտացնել նրանց»,- ասաց Կոչուբաեւը` հավելելով, որ խախտված իրավուքները տարբեր են, ուստի յուրաքանչյուր դիմորդի համար առանձին պահանջ է դրվել։
Նրա խոսքով՝ հայցերից մեկով միջնորդել են դատարանին կիրառել հայցի ապահովման միջոց եւ ժամանակավորապես հայցն ապահովել, ինչը հնարավորություն կտա մինչեւ սեպտեմբերի 1-ը դիմորդներին ուսանողի կարգավիճակ տալ մինչեւ գործով վերջնական դատական ակտի կայացումը։
Ցուցարար դիմորդները դժգոհում են, որ օրեր շարունակ պահանջում են հանդիպում կրթության գլխավոր պատասխանատու Արայիկ Հարությունյանի հետ, սակայն վերջինս իրենց չի ընդունում։ Հանդիպում եղել է փոխնախարարի մակարդակով։ Նախարար Հարությունյանը նրանց արձագանքեց Հանրային հեռուստաընկերության եթերից՝ կոչ անելով դադարեցնել ակցիաները, քանի որ դրանք քաղաքական երանգ են ստանում։
«Որովհետեւ այստեղ ներգրավված եւ կազմակերպող անձինք, նրանցից մեկը Ռոբերտ Քոչարյանին սատարողներից է, եւ ուզում եմ ծնողների եւ դիմորդների ուշադրությունը սրան հրավիրել, որ չընկնեն այս հոսանքների մեջ», – հայտարարեց Հարությունյանը՝ շարունակելով. «Գոնե առաջին օրերը ես աշխատանքի գալիս շատ երկար ժամանակ զրուցել եմ եւ՛ ծնողների, եւ՛ դիմորդների հետ, եւ, ըստ էության, մեզ հաջողվել է այս ընթացքում մարդկանց հետ քննարկել եւ լուծումներ գտել: Եվ էս ակտիվությունը արդեն այլ ուղղությամբ է գնում, եւ ես ուզում եմ ուշադրություն հրավիրել սրա վրա եւ խորհուրդ տալ դիմորդներին՝ չտրվել այդ սադրանքներին, որովհետեւ, ըստ էության, լուծումները տրված են», – ասել էր նախարարը
Սակայն դիմորդները հակադարձում են, որ սա քաղաքացիական, ոչ թե քաղաքական ակցիա է, եւ շարունակելու են այնքան, մինչեւ իրենց պահանջները բավարարվեն՝ պնդելով՝ ընդունելության մրցույթի կարգի փոփոխության մասին պատշաճ չեն իրազեկվել։ Նոր կարգը հաստատվել է մայիսի 26-ին, մինչդեռ հայտը լրացնելու ժամկետը սկսվել է մայիսի 25-ից, եւ շատերն առաջնորդվել են նախորդ կարգով։
Ն.Հ.
ՄԻԱՅՆ ԱՅԳԵՊԱՐՈՒՄ
Հուլիսի 12-14-ը ադրբեջանական զինուժը հրետակոծության ենթարկեց Բերդ համայնքի մաս կազմող սահմանամերձ գյուղերը։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հուլիսի 16-ին հայտարարեց, որ վաղվանից պետք է սկսվեն հրետակոծված տների վերականգնումը. այն տների փոխարեն, որոնք վերականգնման ենթակա չեն, կկառուցվեն նոր տներ։ Այդ հայտարարությունից անցել է 2 շաբաթ, ինչպե՞ս է ընթանում ռմբակոծությունից տուժած տների վերականգնման գործընթացը։ Սահմանամերձ Այգեպարի վարչական ղեկավար Արկադի Յամուկյանը հայտնեց, որ ռմբակոծված 2 տան տանիքները ամբողջովին փոխել են, եւս 3 տան տանիքներ քանդում են, որպեսզի նոր տանիքներ կառուցեն։ Այգեպարում տեղի է ունենում վնասված պատուհանների փոխարինում եվրոպատուհաններով, ջարդված ապակիներով լուսամուտներն ապակեպատվում են, պատեր են կառուցվում, տների ներքին հարդարման աշխատանքներ կատարվում։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է Բերդ քաղաքի շինարարական ընկերությունը, աշխատանքներին ներգրավված են տեղացի բանվորներ։ Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանը հայտնեց, որ ադրբեջանական հրետակոծությունից գյուղում վնասվել է 21 առանձնատուն, դրանց վերականգնման համար շինարարական աշխատանքներ առայժմ չեն կատարվում։ Չինարիի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանն ասաց, որ հրետակածությունից գյուղում վնասվել է 2 ջերմոց, մեկ ավտոմեքենա եւ 12 տուն։ նրա խոսքերով՝ Չինարի շինանյութ է բերվել, որպեսզի բազմանդամ՝ 5 երեխա ունեցող ընտանիքի ավերված տան փոխարեն նոր տուն կառուցվի, գյուղում վերականգնողական աշխատանքներ չեն կատարվում։
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԳՐԱՎԵԼ ԵՆ, ԴԵԲԵԴՈՎ ՀԱՏԵԼ Է
Տավուշի մարզի առա ի դաջին ատյանտարանում ընթանում է Խաչիկ Գեւորգյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1060 տուփ խմբաքանակով չակցիզավորված ծխախոտ Վրաստան տեղափոխելու եւ իրացնելու նպատակով 2019թ. սեպտեմբերի 17-ին «ԳԱԶ 31105» մակնիշի ավտոմեքենայով Բագրատաշենի հսկիչ-անցագրային սահմանային անցակետով հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը եւ օրինական կարգով մուտք գործել Վրաստան, որտեղ ծխախոտի խմբաքանակը հայտնաբերվել եւ առգրավվել է իրավասու աշխատակիցների կողմից։ 2019թ. սեպտեմբերի 27-ին որոշում է կայացվել Խաչիկ Գեւորգյանին 7000 լարի տուգանելու մասին։ Գիտակցելով, որ տուգանքը չվճարելու պայմաններում ինքը չի կարող օրինական կարգով վերադառնալ ՀՀ, նա 2019թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 04.00-ի սահմաններում, շրջանցելով Բագրատաշենի հսկիչ-անցագրչային սահմանային անցակետը, անցել է Դեբեդ գետը եւ ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը։ ՀՀ գլխավոր դատախազությունը Խաչիկ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԽՆԴԻՐ ՉԿԱ
Փոքր Սեւանում, որտեղ հիմնականում լողափերն են, լողալու խնդիր չկա: Այս մասին հայտնել է Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը: «Սեւանում լողալու հետ կապված որեւէ սահմանափակում չունենք: Բայց կարծում եմ՝ բնակիչներն էլ չեն ցանկանա կանաչած հատվածներում լողալ: Իսկ փոքր Սեւանում, որտեղ հիմնականում լողափերն են, կանաչման վտանգ չկա: Այնպես որ, փոքր Սեւանում լողալու հետ կապված խնդիր չունենք»,-ասել է Ջիլավյանը:
Սեւանա լիճն այս տարի եւս կանաչում է: Լճում կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճի եւ ջրի որակի անկման հիմնական պատճառներն են լճի մակարդակի իջեցումը, կենցաղային կեղտաջրերի եւ ջրածածկ անտառներից օրգանական նյութերի ներհոսքը, ձկան կենսազանգվածի կրճատումը, ջերմաստիճանի բարձրացումը:
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԺ-ՈՒՄ
Բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն Ազգային ժողովում հանդիպել են խորհրդարանի երեք խմբակցությունների պատգամավորների հետ: Հանդիպման ընթացքում դիմորդներն ու նրանց ծնողները խորհրդարանականներին ներկայացրել են իրենց խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները նշել են, որ հիմնական խնդիրն այն է եղել, որ դիմում-հայտը լրացնելիս նրանք տեղյակ չեն եղել ընթացակարգում տեղի ունեցած փոփոխություններին:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Ստեփանյանը ծնողներին ու դիմորդներին հայտնել է, որ ԱԺ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն իրենց ստորագրություններով գրություն կուղարկեն Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն: Ստեփանյանը նաեւ հավելել է, որ պետք չէ ողբերգության վերածել այն, որ երեխան առաջին տարում չի ընդունվել բուհ:
«Եթե երեխան առաջին տարում չի ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն, պետք չէ սա սարքել անձնական ողբերգություն: Իմ հայրը 6-րդ փորձից է ընդունվել համալսարան, ես էլ դժվարությամբ եմ ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն: Որեւէ մեկը չի կանխատեսել, որ հնարավոր է՝ երկրում լինի արտակարգ դրություն»,- ասել է Լիլիթ Ստեփանյանը: Դիմորդներն ու նրանց ծնողները նշել են, նաեւ, որ փոփոխված ընթացակարգի մասին իրենք պատշաճ չեն ծանուցվել: