ԳԴՀ ԱԳՆ մշակութային քաղաքականության վարչության՝ կրոնների միջեւ համակեցության հարցերով բաժնի խորհրդական է նշանակվել Գերմանիայում Մահմեդականների կենտրոնական խորհրդի (ՄԿԽ) նախագահի տեղակալ Նուրհան Սոյկանը: Վերջինս 2016թ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բունդեսթագի բանաձեւի ընդունմանը նվիրված քննարկումների ընթացքում ընդգծված կերպով դեմ է արտահայտվել:
ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահներ Ալբերտ Վայլերը (ՔԴՄ) եւ Թիլ Մանսմանը (ԱԴԿ) հանդես են եկել հայտարարություններով՝ հայտնելով իրենց խորին մտահոգությունը նշանակման կապակցությամբ:
Ալբերտ Վայլերի կողմից տարածված մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ պատգամավորն անհանգստացած է Գերմանիայում ՄԿԽ նախագահի տեղակալի՝ Գերմանիայի դաշնային արտգործնախարարությունում խորհրդականի պաշտոնում նշանակման կապակցությամբ: Որպես գերմանահարավկովկասյան խորհրդարանական բարեկամական խմբի փոխնախագահ՝ Վայլերը բնութագրում է այս նշանակումը որպես գերմանահայկական հարաբերությունների զարգացման հարցում վտանգավոր. «Հայոց ցեղասպանության բանաձեւի նպատակն էր նաեւ խրախուսել Թուրքիային՝ անցյալի եւ սեփական պատմությանն առերեսվելու, ճանաչելու եւ այն մշակելու: Տիկին Սոյկանը բացահայտորեն քննադատել է այս բանաձեւը, եւ նա՝ որպես կառավարության համակարգում խորհրդական, կարող է խոչընդոտել ակնկալվող հաշտեցմանն ու ճանաչմանը, ինչը չի համապատասխանում դաշնային կառավարության նպատակներին»:
Վայլերը նաեւ հղում է կատարել ՄԿԽ գործունեության մեջ առկա բոլորին հայտնի ԳԴՀ Սահմանադրությանը հակասող կապերին: Դաշնային արտաքին գործերի նախարարությունը կարեւոր պետական կառույց է եւ չպետք է իր շարքերում հանդուրժի մահմեդական-ազգայնական կամ հակասահմանադրական շեշտադրումներ: «Այսօր մենք ցավոք ականատես ենք լինում նրան, թե ինչպես է Թուրքիան, Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելով, ջնջում Թուրքիայում քրիստոնեական մշակույթը՝ մահմեդական ազգայնականության շահերին ծառայեցնելու նպատակով: Այսօրինակ մտահոգիչ զարգացումները՝ Դաշնային արտգործնախարարության այս որոշումը, սադրանք է մեր ազատ ժողովրդավարական հիմնարար արժեքների եւ իրավական պետության նկատմամբ եւ պետք է չեղարկվի: Այս առնչությամբ ես կդիմեմ մեր արտաքին գործերի նախարարին»,- հավելել է Ա. Վայլերը:
Իր հերթին Թիլ Մանսմանը նշում է, որ այս նշանակումը մտահոգիչ է հայ-գերմանական հարաբերությունների համար: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ 2016թ. Բունդեսթագի կողմից միայն մեկ դեմ եւ մեկ ձեռնպահ ձայներով ընդունված բանաձեւում 1915թ. Օսմանյան Կայսրությունում հայերի նկատմամբ բնաջնջումը որակվում է որպես ցեղասպանություն: Բանաձեւը նաեւ Գերմանիայի պատասխանատվության հարցն է բարձրացնում:
Սա անհանգստացնում է թուրքական իշխանություններին, քանի որ Թուրքիան, ի հեճուկս առկա փաստերի, վիճելի է համարում հայ ժողովրդի տեղահանություններն ու հետապնդումները որպես ցեղասպանություն որակելը:
Թ. Մանսմաննի պաշտոնական հաղորդագրությունում նշվում է նաեւ, որ Նուրհան Սոյկանը «Մահմեդականները Միությունում» աշխատանքային խմբի հիմնադրման կապակցությամբ իր ելույթում քննադատել է բանաձեւը եւ վարկաբեկել թուրքական ծագում ունեցող պատգամավորներին, որոնք կողմ էին քվեարկել այդ բանաձեւին: Նրա տեսանկյունից բանաձեւը թուլացրել է գերմանական քաղաքականության նկատմամբ թուրքական ծագում ունեցող բազմաթիվ մարդկանց վստահությունը: Դաշնային արտաքին գործերի նախարարությունը չի արձագանքել բանաձեւի վերաբերյալ Սոյկանի այս քննադատությանը:
Սոյկանը՝ որպես Գերմանիայում մահմեդական համայնքի ներկայացուցիչ, գիտակցված է ընտրվել ԱԳՆ-ի կողմից այդ պաշտոնում: Մահմեդականների կենտրոնական խորհրդի խոշորագույն միությունը, որի փոխնախագահն է Սոյկանը, ընդհանուր առմամբ, «Եվրոպայում թուրք-իսլամական մշակութային միության» անդամ կազմակերպություն է, որը ԳԴՀ Սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայության (հակահետախուզության) կողմից որակվել է որպես թուրք ազգայնական Գորշ գայլերի աջակողմյան ծայրահեղական շարժում: Բացի այն, որ շուրջ 20.000 անդամ ունեցող Մահմեդականների կենտրոնական խորհուրդը Գերմանիայում բնակվող շուրջ 4,5 մլն մահմեդականների միայն մի փոքր հատվածն է ներկայացնում, նրա անդամների բազմաթիվ միություններ կապված են «Մահմեդական եղբայրների» հետ:
Թիլ Մանսմաննը շարունակում է, որ ԳԴՀ ԱԳՆ-ն պետք է ուշադրություն դարձնի նրան, որ խորհրդականների ընտրության հարցում պաշտպանվի ժողովրդավարության եւ իրավական պետության սկզբունքը եւ որեւէ սատարում չլինի ազգայնական կամ հակասահմանադրական նարատիվներին: Քանի դեռ իր կապն «Atib»-ի հետ Մահմեդականների կենտրոնական խորհուրդը չի հստակեցրել, վերջինիս որեւէ ներկայացուցիչ չպետք է դառնա կառավարության խորհրդական»,- պահանջել է Թ. Մանսմաննը:
Պատգամավորի վստահեցմամբ՝ «Հայոց ցեղասպանության ճանաչումը Գերմանիայի պատմական մեղսակցության ընդունումը կարեւոր քայլ էր պատմությունից դասեր քաղելու ուղղությամբ: Գերմանահայկական հարաբերությունների ամրապնդումը շարունակում է մնալ Գերմանիայի արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկը, իսկ Սոյկանի նման անձնավորությունը վտանգում է այն»:
Հավելենք, որ Սոյկանի նշանակումը քննադատաբար եւ անհանգստացնող է մեկնաբանվել նաեւ գերմանական մամուլում, օրինակ՝ «Welt» օրաթերթում եւ իշխող ՔԴՄ կուսակցության առանձին պատգամավորների կողմից: Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանն այս կապակցությամբ նույնպես պաշտոնական նամակ է հասցեագրել ԳԴՀ ԱԳ նախարարին:
ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԵՆ
Հայաստանում Ռուսաստանի դեսպանության փոխանցմամբ՝ Երեւան-Նովոսիբիրսկ-Երեւան չվերթի մասին տեղեկություն ստանալուց հետո դեսպանությունը դիտարկել է այդ չվերթը ռուսաստանցիներին հայրենիք տեղափոխելու նպատակով: «Ստացվել են անհրաժեշտ համաձայնությունները ՌԴ տեղական մարմիններից, նախարարություններից, գերատեսչություններից, ինչպես նաեւ Ռուսաստանի կառավարությանը կից օպերատիվ շտաբից: Արդյունքում՝ ուրախ ենք հայտնել, որ հուլիսի 29-ի ավիաչվերթով տուն է վերադարձել եւս 128 ռուսաստանցի: Ընդհանուր առմամբ, համալիր աշխատանքի արդյունքում Հայաստանից տեղափոխվել է 3186 մարդ»։
11 ՆՈՐ ԴԵՊՔ
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք՝ 1-ական՝ Մարտակերտում եւ Այգեստանում, 9-ը՝ Ստեփանակերտում: Բոլոր նոր դեպքերը հայտնաբերվել են նախկինում հաստատված օջախների կոնտակտավորների եւ ընտանիքների անդամների մոտ: Ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 8 քաղաքացի: Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 228 մարդու մոտ, որից 162-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 65, ընդհանուր մեկուսացված է 121 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 210 նմուշառում է իրականացվել:
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄՈՏ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են աղբահանության համակարգի ռազմավարությունն ու դրանով նախատեսված միջոցառումների ծրագիրը: Զեկուցվել է, որ ռազմավարությամբ մշակվել է երկամյա միջոցառումների ծրագիր, որով նախատեսվող աշխատանքները միտված են լինելու հանրապետությունում աղբահանության ծառայությունների որակի բարձրացմանը, էկոլոգիական պայմանների ապահովմանը, վերամշակման ենթակա թափոնների համար համապատասխան մեխանիզմների ներդրմանը եւ այլն: Նշվել է, որ ներկայումս ընթացքի մեջ են տեխնիկական սարքավորումներով համալրման աշխատանքները, մասնավորապես, արդեն իսկ ձեռք են բերվել 59 տեխնիկա, 600 աղբաման: Միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվում են նաեւ երկու խոշոր նոր աղբավայրերի կառուցման աշխատանքները Երեւանում եւ Հրազդանում: Շինարարությունը կմեկնարկի առաջիկայում: Ռազմավարությամբ նախատեսվում է համայնքների համար գծագրել աղբահանության կոնկրետ սխեմաներ, բնակավայրերում հիմնել աղբի հավաքման կետեր, իսկ շինարարական աղբի համար սահմանել առանձին ընթացակարգեր: Քննարկվել են նաեւ աղբի վերամշակման հնարավորություններն ու այդ ուղղությամբ նախատեսվող աշխատանքները: Վարչապետ Փաշինյանը կարեւորել է հանրապետությունում աղբահանության բարձր մակարդակի կազմակերպումը եւ նշել, որ ռազմավարությունը պետք է իր միջոցառումներով ապահովի այդ խնդիրը լիարժեք: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաեւ հանգստի վայրերում, գետերի ափամերձ տարածքներում աղբահանության կազմակերպումը եւ տվել համապատասխան հանձնարարականներ:
ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՆՑԿԱՑՆԻ
Գրքի, ընթերցանության նկատմամբ սերը մեծացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը 13-15 տարեկան աշակերտների համար կանցկացնի «Արտակարգ ամառը` արտակարգ գրքով» նախագիծը: Նախաձեռնությունը կարող է նպաստել աշակերտների վերլուծական կարողությունների եւ քննադատական մտքի զարգացմանը, ձեւավորել խոսքային մշակույթ։ Նախագծի շրջանակում աշակերտն իր ընտրությամբ կարդում է հայ կամ համաշխարհային գրականությունից որեւէ արձակ ստեղծագործություն եւ100-150 բառի շրջանակում ներկայացնում է իր վերլուծությունը գրքի բովանդակության կամ որեւէ կերպարի մասին։ Աշխատանքները հրապարակվելու են Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կայքում։ Նախարարությանը հետաքրքիր է յուրաքանչյուր աշակերտի անհատական կարծիքն ու մեկնաբանությունը գեղարվեստական ստեղծագործությունների մասին։