ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆԻՍԿ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԺԱՄԱՆԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության շուրջ կատարվող իրադարձությունները չեն դադարում քննարկվել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ առաջիկա ամիսների ընթացքում խմբակցության տարբեր պատգամավորներ լքելու են կուսակցությունը:

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ խմբակցությունը լքելու օրվանից ի վեր ԲՀԿ-ականներից ոչ ոք չի կարողացել կապ հաստատել Բագրատյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու վերջինս նման քայլի դիմեց, ինչու հեռացավ ԲՀԿ շարքերից:

Ըստ մեր տեղեկությունների՝ Բագրատյանը կտրել է կապը իր խմբակցության անդամներից ու «անհետացել»: Մինչեւ այսօր ոչ ոքի համար պարզ չէ, թե ինչու է վերջինս որոշել նման ձեւով՝ առանց որեւէ մեկին տեղյակ պահելու դիմել ԱԺ նախագահին՝ ընդդիմադիր խմբակցությունը լքելու համար:  Նշենք, որ Բագրատյանի նման որոշման մասին պարզ դարձավ հուլիսի 23-ին, եւ նաեւ ԲՀԿ-ականներն այդ օրերին իրենց տարբեր հարցազրույցներում հայտարարում էին, թե իրենց գործընկերոջ քայլն անակնկալ է եղել, եւ նման զարգացումների չեն սպասել:

Ամեն դեպքում, տեղեկություններ կան նաեւ, որ առաջիկայում ԲՀԿ խմբակցությունը լքելու են Միքայել Մելքումյանը, Վարդան Ղուկասյանը, Արթուր Գրիգորյանը, Արայիկ Աղաբաբյանը, Գեւորգ Պետրոսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պատգամավորներից պարզել տեղեկությունը: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ինքը որեւէ այլ բան չի ցանկանում մեկնաբանել: Վարդան Ղուկասյանը, տեղեկանալով, որ իր հետ լրագրող է խոսում, անջատեց հեռախոսը: Իսկ մյուս պատգամավորների հետ մեզ չհաջողվեց զրուցել: Բանն այն է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն օրերս հանդիպում է ունեցել ԲՀԿ-ականների հետ ու հորդորել է այս պահին որեւէ հայտարարություն չանել, մեկնել արձակուրդ, մինչեւ խորհրդարանը կսկսի իր աշխատանքները:

Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ:

-Կուսակցությունում շատ նորմալ իրավիճակ է, աշխատանքային, որեւէ խնդիր չկա: Ճիշտ է՝ հիմա արդեն արձակուրդային շրջան է, բայց մենք նույնիսկ արձակուրդային շրջանում ենք աշխատում: Այնպես որ, ամեն ինչ նորմալ է, աշխատանքային իրավիճակ է, եւ որեւէ արտառոց բան չկա:

-Օրեր առաջ կուսակցության անդամներով հանդիպել էիք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Ի՞նչ է նա Ձեզ ասել:

-Եղել է աշխատանքային հանդիպում, եւ քննարկել ենք հիմնականում բոլոր այն խնդիրներն ու հարցերը, որոնց առջեւ այժմ ժողովուրդն ու պետությունը կանգնած են:

-Այսինքն՝ վտանգ չե՞ք տեսնում, որ կուսակցությունից կարող են այլ մարդիկ եւս դուրս գալ:

-Ոչ, նման վտանգ ընդհանրապես չկա:

-Իսկ փորձե՞լ եք խոսել Սերգեյ Բագրատյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչու նման քայլի դիմեց:

-Կարծում եմ՝ այդ հարցով պետք է պարոն Սերգեյ Բագրատյանին դիմեք: Կոռեկտ չեմ համարում այս պարագայում ինչ-որ կարծիք արտահայտել, քանի որ նա իր կարծիքը դեռ չի արտահայտել:

-Այսինքն՝ Դուք, լինելով խմբակցության քարտուղար, իր հետ չե՞ք զրուցել:

-Ես կրկին անգամ կրկնեմ՝ ավելի ճիշտ է, որ Դուք կապ հաստատեք հենց Սերգեյ Բագրատյանի հետ ու փորձեք Ձեր հարցերի պատասխաններն իրենից ստանալ:

-Շրջանառվում են նաեւ այլ մարդկանց անուններ, որոնք կարող են դուրս գալ ԲՀԿ-ից:  Նշվում է, օրինակ, Վարդան Ղուկասյանի, Արթուր Գրիգորյանի, Գեւորգ Պետրոսյանի անունները:

-Ոչ, ես նման տեղեկություններ չունեմ: Ես խորհուրդ եմ տալիս նման բոլոր տեղեկություններին վերաբերվել հումորով: Որեւէ խնդիր կամ լարվածություն չկա:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՕՐԱԿԱՆ 2000 ՄԱՐԴՈՒ ՍՊԱՍԱՐԿԵԼ

Հայաստանում տուրիստական ընկերությունները սրտատրոփ սպասում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից զբոսաշրջության ոլորտի համար մշակվող պետական աջակցության ծրագրին: «Պեգաս Թրավել Քլաբ» տուրիստական կազմակերպության տնօրեն Ռուզաննա Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ տուրիստական ոչ մի ընկերություն չի աշխատում, շատ քիչ տուրօպերատորներ կան, որ գործում են. նրանք հիմնականում զբաղվում են ներքին տուրիզմով: Բայց պարզվում է, որ ներքին տուրիզմով զբաղվող ընկերությունների մեջ այս ընթացքում ստեղծվել է լուրջ մրցակցություն, արդյունքում գներն են նվազում:

 

Ըստ մասնագետի՝ դա բերում է շուկայի քայքայման: «Իմ ընկերությունը տարիներ շարունակ զբաղվել է, օրինակ, արտագնա տուրիզմով, հիմա դա չկա, սահմանը փակ է: Այսինքն՝ իմ ընկերության եկամուտը 0 է, նույնն է նաեւ ներգնա տուրիզմով զբաղվողների դեպքում, իրենք դրսից զբոսաշրջիկ էին բերում, բայց այսօր օտարերկրյա քաղաքացիների մուտքը արգելված է ՀՀ: Եթե ես փորձեմ վերապրոֆիլավորվեմ ներքինի, գնալու է ուժեղ մրցակցություն, հետո հայաստանցի զբոսաշրջիկները իրականում չեն սիրում օգտվել տուրիստական ընկերություններից ներգնա տուրիզմի համար: Օրինակ՝ իմ ընտանիքը բաղկացած է չորս հոգուց, ես մեքենա ունեմ, ամուսինս՝ նույնպես, ես կգնա՞մ տուրիստական պրոդուկտ գնեմ: Իհարկե ոչ: Մեքենայով կքշենք ուր որ պետք է, կհանգստանանք նույն օրն էլ հետ կգանք: Սովորաբար հայերը այդպես են սիրում հանգստանալ»,- նկատեց տուրընկերության տնօրենը: Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ օրեր առաջ խորհրդարանում զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել պատգամավորների հետ: Այդ հանդիպմանը Ռուզաննա Հակոբյանը հանդես է եկել առաջարկով. «Ես առաջարկում եմ մեր երկրում կիրառել Լիբանանի օրինակը. իրենք բացել են սահմանը եւ պատրաստ են ընդունել 2000 զբոսաշրջիկ:

Այսինքն 2000 մարդը իրենց համար կառավարելի թիվ է: Ես չգիտեմ՝ օրական այդքան թիվ զբոսաշրջիկ կունենան, թե ոչ, բայց իրենք այսօր բժշկական եւ այլ ռեսուրսներով պատրաստ են օրական 2000 մարդու սպասարկել: Մեր երկրում եւս պետք է կիրառել նման փորձ»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԴԵՄ Է

Armlur.am-ի տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի անդամ Վահե Գրիգորյանն իր շրջապատում հայտարարել է, թե դեմ է, որպեսզի Սահմանդրական դատարանի դատավոր ընտրվի Վահրամ Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հայրենի կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Վահրամ Ավետիսյանին, որի հետ կապված տարբեր շրջանակներում դժգոհություն է հասունացել: Ու, ըստ մեր տեղեկությունների, դժգոհողներից է նաեւ Վահե Գրիգորյանը, որի կարծիքով՝ Վահրամ Ավետիսյանը չունի այն պրոֆեսիոնալիզմը, որով պետք է ընտրվի Սահմանադրական դատարանի դատավոր: Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ Վահե Գրիգորյանն ամեն գնով ուզում է հասնել նրան, որ Ավետիսյանը խորհրդարանում չկարողանա այնքան ձայն հավաքել, որով կկարողանա Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվել: Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ Վահե Գրիգորյանը իմքայլական պատգամավորների հետ է այդ հարցի հետ կապված ներքին քննարկումներ է ունեցել ու հայտարարել, որ Վահրամ Ավետիյսանը այն անձը չէ, որ պետք է ՍԴ դատավոր դառնա:

 

ԿԱՌԱՋԱԿԻ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ

Այսօր Դատավորների ընդհանուր ժողովում քննարկվելու է նաեւ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հարցը, եւ, մեր տեղեկություններով, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը քննարկման ժամանակ առաջարկելու է իր թեկնածությունն այդ պաշտոնի համար: Գրել էինք նաեւ, որ մինչեւ այժմ բազմաթիվ մարդկանց անուններ էին շրջանառվում, օրինակ՝  Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյան, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյան:

Նկատենք, որ Խունդկարյանի այս ցանկությունը ոչ միանշանակ է ընդունվել դատական համակարգի ներկայացուցիչների կողմից, նաեւ շատերը զարմացել են, թե ինչու է Խունդկարյանը, լինելով Վճռաբեկ դատարանի նախագահ, որոշել առաջադրվել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում: Նկատենք, սակայն, որ վարչապետի հրամանով դեռեւս փետրվարին ստեղծված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատակիցները քննարկում են նաեւ դատական իշխանությանն առնչվող հարցեր, եւ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկ է եղել միավորել Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանները: Եվ չնայած քննարկումների արդյունքում տարբեր կարծիքներ են եղել, սակայն չի բացառվում, որ դատարանները միավորվեն՝ ստեղծելով Գերագույն դատարան: Եվ չի բացառվում, որ Խունդկարյանը հետագայում դառնա Գերագույն դատարանի նախագահ:

 




Լրահոս