ՍԴ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել կառավարության կողմից առաջադրված Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների միջեւ հանդիպումից: Մեր տեղեկություններով՝ հանդիպումը բավականին լարված է անցել՝ տեւելով մոտ երեք ժամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպման ժամանակ պատգամավորները նաեւ հետաքրքրվել են իր հորից՝ Դավիթ Ավետիսյանից, որը եղել է «Մարտի 1»-ի մի քանի գործերով որոշումներ կայացնողը: Սակայն Վահրամ Ավետիսյանը հայտարարել է, թե իր հոր արարքներում որեւէ բացասական բան կամ շահերի բախում չի տեսնում:

 

Հենց Դավիթ Ավետիսյանի՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահության տարիներին անփոփոխ են մնացել նախկին քաղբանտարկյալ, ներկայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի վերաբերյալ 7 տարվա անազատության վճիռները։ 2008-2016 թվականներին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Ավետիսյանի որդուն ՍԴ գործուղելու կառավարության որոշումն առաջացրել է նաեւ 2008 թվականի արյունալի իրադարձությունների ժամանակ զոհված անձանց իրավահաջորդների եւ քաղբանտարկյալների դժգոհությունը: Նրանք՝ շուրջ 60 հոգի, հայտարարություն են տարածել՝ ընդգծելով, որ Դավիթ Ավետիսյանն անօրինական վճիռներ է կայացրել, մասնակից է եղել Սերժ Սարգսյանի իշխանության ապօրինություններին, եւ կառավարությանն առաջարկել են հրաժարվել Վահրամ Ավետիսյանի թեկնածությունից:

«Պարտավորվում եմ ապահովել ՍԴ դատավորի անկախությունը, անաչառությունն ու ապաքաղաքականությունը». կառավարության կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրված Վահրամ Ավետիսյանի այս խոսքերը համոզիչ չեն թվացել ընդդիմադիր դաշտի եւ քաղաքացիական հասարակության մի մասի համար։

Մեր տեղեկություններով՝ գրեթե բոլոր պատգամավորները հարցեր են ուղղել Ավետիսյանին, նույնիսկ քաղաքական բնույթի հարցեր՝ պարզելու համար, թե, օրինակ, մինչեւ այժմ ընտրություններ կեղծվել են, թե ոչ, կամ ինչպես է նա վերաբերվում քաղաքական գործընթացներին: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ գրեթե բոլոր հարցերին Վահրամ Ավետիսյանը տվել է շատ կարճ եւ, այսպես ասած, խուսափողական պատասխան: Մենք տեղեկացանք, որ չնայած այն տրամադրվածությանը, որը առկա է նրա շուրջ իշխող խմբակցության ներսում, ամեն դեպքում հասկացել են, որ վերջինս վճռական է տրամադրված եւ ցանկություն ունի դառնալ ՍԴ անդամ: Միեւնույն ժամանակ իշխող խմբակցության ներսում կան նաեւ պատգամավորներ, որոնք ավելի դրական են տրամադրված Ավետիսյանի հանդեպ:

Երեկ հանդիպումից հետո Վահրամ Ավետիսյանը պատասխանել է լրագրողների մի քանի հարցերին:  Վահրամ Ավետիսյանն ասաց, որ շուրջ 3 ժամ տեւած քննարկումների ընթացքում խմբակցության պատգամավորները հնչեցրել են ինչպես սոցցանցերում բարձրաձայնված, այնպես էլ այնպիսի հարցեր, որոնք մամուլի կողմից չեն բարձրացվել։

«Իմ կողմից փորձ կատարվեց հնարավորինս անկեղծ ներկայացնել իմ մոտեցումները բարձրացված հարցերի շուրջ»,- ասաց Ավետիսյանը։

Պատասխանելով լրագրողների հարցին առ այն, որ իր հայրը ժամանակին եղել է դատավոր, հատկապես «Մարտի 1»-ի գործով, եւ «Մարտի 1»-ի զոհերի հարազատները ու նախկին քաղբանտարկյալները կոչ են արել կառավարությանը հետ կանչել իր թեկնածությունը, քանի որ մտավախություններ ունեն  անաչառության եւ շահերի բախման մասով, Ավետիսյանն արձագանքեց. «Այդ հարցը տարբեր ասպեկտներով քննարկվեց։ Ես չեմ պատրաստվում արդարացնել նորանկախ Հայաստանի Հանրապետությունում  գոյություն ունեցած դատական համակարգի խնդիրները, նաեւ չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի «մեղքերի քավության նոխազը»։ Իմ հոր հետ կապված նշեմ, որ անհրաժեշտ է պարզել Վճռաբեկ դատարանի գործառույթը՝ արդյոք Վճռաբեկ դատարանը գործ քննող դատարան է, թե ոչ, արդյոք առկա են հստակ փաստեր, թե խոսում ենք միայն ենթադրությունների մասին։ Ես հասկանում եմ սուբյեկտների մտահոգությունները, բայց նաեւ չեմ կիսում այն։ Ներկայումս կան բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք այդ ժամանակահատվածում պաշտոնավարել են եւ առնչություն են ունեցել գործերին։ Իմ հայրն արդեն 5 տարի թոշակի է գնացել, եւ ես չեմ պատկերացնում  այդ պրոցեսների ազդեցությունը Սահմանադրական դատարանում՝ իմ գործունեության վրա»,- ասաց ՍԴ դատավորի թեկնածուն։ Նրա խոսքով՝ նույնիսկ շահերի բախման դեպքում այն կարգավորվում է օրենքով։

Այնուամենայնիվ, լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ դիրքորոշում ունի «Մարտի 1»-ի գործի վերաբերյալ, ՍԴ թեկնածուն պատասխանեց. «Որպես ՀՀ քաղաքացի՝ ես ունեմ իմ մոտեցումները, բայց ՍԴ թեկնածուի նկատմամբ կիրառելի են Սահմանադրական դատարանի վարքագծի կանոնները, եւ ես չեմ կարող կարծիք արտահայտել հրապարակային այնպիսի հարցերի վերաբերյալ, որոնք կարող են ապագայում քննարկման առարկա դառնալ ՍԴ-ում»։

Հարցին, թե Վահե Գրիգորյանը, կարծես թե, դեմ է իր թեկնածությանը, ինչն է պատճառը, կամ արդյոք ճանաչում են միմյանց, Ավետիսյանն ասաց? «Պարոն Գրիգորյանի հետ որեւէ խնդիր չունեմ, իր հետ ծանոթացել եմ մի անգամ «Քվանտ» վարժարանում երեխաների ընդունելության քննությունների ժամանակ, այլ շփումներ չեմ ունեցել»։

Թե ով է առաջարկել իր թեկնածությունը, ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանն անուններ չնշեց, միայն ասաց, որ կառավարությունից է։

Ն.Հ.

 

 

ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ

«Սա ի՞նչ օրենք է, գյուղացու հետ մուննաթով, արհամարհանքով են խոսում. ոստիկաններն անընդհատ դիմակներն իջեցնում են, բայց հենց գյուղացին է իջեցնում, օդ է ուզում շնչի, նույն պահին տուգանում են»,- այս մասին երեկ ՀՀ կառավարության շենքի մոտ հայտարարեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը: Նշենք, որ Կասյան փողոցում գյուղմթերքի շուկայի առեւտրականները ակցիա էին իրականացնում՝ պահանջելով չփակել շուկան, որը գործում է 9 տարի: Ըստ հավաքվածների՝ իրենք  ամեն կիրակի մեկ ավտոբուս գյուղմթերք ու բանջարեղեն ուղարկում են մանկատուն եւ ծերանոց: «Գյուղացին հողի հարկ է վճարում, պարարտանյութ է առնում, ջրի վարձ է տալիս, 3-4 ամիս տանջվում է, որ գա հասնի քաղաք, իր ապրանքը վաճառի, ու այսօր մեզ ասում են՝ Մերգելյանի առեւտրականները բողոքում են, որ տոնավաճառի օրերին առեւտուր չեն կարողանում անել»,-ասել են նրանք: Հիշեցնենք, որ Կասյան-Կոմիտաս փողոցների հատման հատվածում միայն շաբաթ-կիրակի օրերին գյուղմթերքի տոնավաճառ է կազմակերպվում արդեն 9 տարի, որտեղ գնորդները կարող են գնումներ անել ուղիղ գյուղացուց, ոչ թե վերավաճառողներից:

 

 

ՆՈՐ ԼՈՒԾՈՒՄ

Կառավարությունը հուլիսի 30-ի նիստում որոշում է կայացրել՝ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների եւ ոչ բնակելի տարածքների օտարման գործարքները, ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասի կիրառության իմաստով, համարվում են իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ գործարքներ, եթե առկա են սահմանված բոլոր պայմանները: «Մասնավորապես, խոսքը վերաբերում է նրան, որ կառուցապատողների հետ պայմանագրերի շրջանակում գնորդները կատարել են վճարումներ, բայց կառուցապատողը սնանկ է ճանաչվել, եւ մեկ այլ կառուցապատող սահմանված կարգով աճուրդով ձեռք է բերել կառուցապումը շարունակելու իրավունքը: Ստացվում է, որ մի կողմից կա բարեխիղճ գնորդ, մյուս կողմից կա կառուցապատման իրավունք ձեռք բերած բարեխիղճ տնտեսվարող, որը պետք է շարունակի, բայց կա մինչ այդ կատարված վճարումների եւ գործարքի գնի հետ»,-ասել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան:

 

 

ԴԱԴԱՐԵՑՎԱԾ Է

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը դադարեցված է: Այս մասին ասել է նրա փաստաբան Ամրամ Մակինյանը: Նշենք, որ Հայրապետյանն այս պահին գտնվում է Ռուսաստանում: Ռուբեն Հայրապետյանը եւ Ռաֆիկ Հայրապետյանը որպես մեղադրյալ են ներգրավել. Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

 

 

ՉԻ ԱՇԽԱՏԵԼ

Ինչպես հայտնի է, Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով լճի ափամերձ տարածքները ջրածածկվում են, ինչի հետեւանքով ջրի տակ են մնում անտառածածկ հատվածներ` հսկայական ծառեր, թփեր, արմատներ: Բնապահպանների պնդմամբ՝ եթե Սեւանի մակարդակը շարունակի բարձրանալ, իսկ ափամերձ հատվածների մաքրման աշխատանքներն իրականացվեն նույն տեմպերով, ինչ հիմա, ապա լիճն անխուսափելիորեն կճահճանա: Նշենք, որ եթե անտառը մնա ջրի տակ, ապա լիճ կլցվի մեծ քանակությամբ ազոտ եւ ֆոսֆոր, ինչը կարող է կործանարար լինել ոչ միայն ջրի, այլեւ ձկնատեսակների համար:

Եւ հենց այս նպատակով դեռեւս 2010 թվականին բնապահպանության, ներկայիս Շրջակա միջավայրի նախարարությունը ֆիննական ընկերությունից ձեռք բերց բազմաֆունկցիոնալ էքսկավատորը: Տեղեկացնենք, որ դրա միջոցով արմատախիլ են արվում ծառերն ու թփուտները, մաքրվում տիղմն ու եղեգները, կատարվում ափամերձ հարդարման ու բարեկարգման աշխատանքներ: Սակայն ArmLur.am-ը պարզեց, որ թանկարժեք էքսկավատորն այս տարի չի աշխատել:

Մեզ մնում է հուսալ, որ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ն արագ կլուծի էքսկավատորի տեխսպասարկման հարցը. չէ՞ որ Սեւանա լիճն ափեր ունի, որոնք շարունակում են մամռակալել ու ճահճանալ:

 

200 ՏՈՆՆԱ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն այս տարվա համար Սեւանա լճում սիգի որսի համար թույլատրելի չափը սահմանել է 200 տոննա: Յուրաքանչյուր 1 կգ սիգի համար ձկնորսները կվճարեն 65 դրամ բնօգտագործման վճար: Որսի վերահսկողության համար ձկնորսները լիճ կկարողանան մուտք գործել միայն լճի ափերին տեղադրվող 17 անցակետերից: Նրանք կգրանցվեն, կստուգվեն նրանց լողամիջոցների ու ձկնորսական պարագաների՝ սահմանված չափանիշներին համապատասխանությունը, իսկ լճից դուրս գալուց հետո՝ որսված ձկան տեսակներն ու ընդհանուր քաշը: ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Վահե Ջիլավյանի խոսքով՝ օրինական որսի կազմակերպման համար արդեն իսկ մրցույթ է հայտարարվել, որին մասնակցելու համար 150 դիմում են ստացել։ Առաջիկա 10 օրվա ընթացքում կկնքվեն պայմանագրերը։

Սակայն ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը կասկածում է, ապա նկատում, որ որսագողության դեմ պայքարելու համար բավականին լուրջ միջոցներ են պետք: Իսկ գլխավոր հարցը, թե ով է վերահսկելու տեսուչներին, դեռ մնում է անպատասխան: Չէ՞ որ հնարավոր է, որ որսահսկիչը ձկնորսի հետ հանցավոր համաձայնության գա եւ թաքցնի որսի իրական չափն ու քանակը: Հուսանք՝ տեսուչները թույլ չեն տա ձկնորսներին գերորս իրականացնել՝ վտանգելով արդեն եղած ձկնային պաշարները, ինչպես եղավ վերջին տարիներին:

 

 

 




Լրահոս