ԵԿԵՂԵՑԻՆ ՔԱՆԴՎՈՒՄ Է, ԻՍԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂՈՒՄ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի սկզբնամասում մի կիսաքանդ եկեղեցի կա, որի վերաբերյալ տեղեկությունները շատ աղքատիկ են, իսկ մշակույթի նախարարությունում «թեթեւակի» են տեղյակ եկեղեցու գոյության մասին, բայց հույս չեն տալիս, որ այն կվերականգնվի:Գյուլագարակ գյուղ տանող ճանապարհի հենց սկզբնամասում է գտնվում այդ շինությունը, որից ընդամենը երեք պատն է մնացել, չնայած ուժեղ քամու եւ առատ տեղումների դեպքում դրանք էլ, հնարավոր է, փուլ գան եւ վերջ: «Ժողովուրդ»-ը փորձեց հենց տեղում բնակիչներից տեղեկություն ստանալ եկեղեցու մասին, սակայն մարդիկ ասացին, թե շատ բան չգիտեն, միայն հիշում են, որ շատ վաղուցվա պատմություն ունի:Գյուլագարակի գյուղապետ Ալեքսանդր Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ այն իսկապես երկար տարիների պատմություն ունի. «Ես ինչքան հիշում եմ, եկեղեցին 14-րդ դարի եկեղեցի է եւ սովետի ժամանակ, ցավոք սրտի, ծառայել է որպես ցորենի պահեստ` ամբար, ու մի օր եկեղեցու մեջ էդ ցորենն այրվել է, ինչի պատճառով եկեղեցու պատերը կորցրել են իրենց ամրությունը: Դրանից հետո երկրաշարժ եղավ, եկեղեցին համարյա փլվեց»: Պարոն Գրիգորյանը նշեց, որ երեք անգամ նախաձեռնել են եկեղեցին վերակառուցել, բայց չի ստացվել: «Նախաձեռնողներից երկուսը, որոնք փորձում էին գումար հավաքել եկեղեցին վերակառուցելու համար, մահացան: Երրորդ նախաձեռնող անձը Սամվել Խաչատրյանն էր Երեւանից, որի հետ շատ գործեր արեցինք: Ահագին խնդիրներ կարգավորեցինք մշակույթի նախարարության հետ, նույնիսկ պայմանավորվեցինք, որ արդեն սկսենք աշխատանքները, վարպետներ, ճարտարապետներ եկան, բայց էլի կիսատ մնաց»: Պարզվում է` եկեղեցու վերակառուցման նախաձեռնող Սամվել Խաչատրյանը գյուղապետին ասել է, թե սկսեք աշխատանքները, վերջում ամբողջ ծախսած գումարը ես կվճարեմ: «Ես 3 միլիոնի ծախս արեցի, բանվորները եկան, ահագին աշխատանքներ սկսեցինք, իրանք սկսեցին ձգձգել, ինձ էդ գումարների համար 7-8 ամիս տարան-բերին` էսօր-վաղը ասելով, հազիվ գումարի կեսը տվեցին, ես էլ միայն կարողացա վարպետներին վճարել, որից հետո ստիպված եղա դադարեցնել արդեն սկսած գործը: Իսկ մեկ տարի հետո նախաձեռնող Սամվել Խաչատրյանին ձերբակալեցին ինչ-որ թմրանյութերի պատճառով: Տեղյակ չեմ, թե կոնկրետ ինչ էր եղել, բայց գիտեմ, որ բռնեցին»,-պատմեց գյուղապետը:Պարոն Գրիգորյանը նաեւ նշեց. «Ճիշտն ասած, ես մշակույթի նախարարությանը չեմ դիմել, ասենք ասեմ, որ մեր եկեղեցին անհուսալի վիճակում է գտնվում, դե մոտ 500 հազար դոլար գումար է պետք եկեղեցու վերականգման համար, էստեղ` Ստեփանավանում, հուշարձանների պահպանման վարչություն կա: Մեր Վովայի հետ ենք համագործակցել, ահագին լայն թափով աշխատանքներ էին արել, բայց էդպես էլ կիսատ մնաց, միշտ ինչ-որ սպասողական վիճակ է եղել, որ ինչ-որ մեկը կգա, կնախաձեռնի, եկեղեցին կկառուցենք, այդպես էլ չեղավ, ըստ էության, հույս էլ չկա, որ մի օր կվերակառուցվի»,-եզրափակեց Գյուլագարակի գյուղապետը:«Ժողովուրդ»-ը փորձեց մշակույթի նախարարությունից տեղեկանալ, թե ինչ ծրագրեր ունեն` այդ եկեղեցու հետ կապված, եւ արդյոք տեղյակ են, որ մշակութային այդ արժեքը փլուզման եզրին է: Զրուցեցինք հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման բաժնի պետ Սուրեն Շաքարյանի հետ: Նրա տեղեկացմամբ` եկեղեցին կառավարության կողմից հաստատված ցուցակում գրանցված է որպես 1874 թվականի եկեղեցի. «Ինքը 19-րդ դարի բազիլիկա էր, անուն չունի, ասում են Գյուլագարակի եկեղեցի: Ասեմ, որ այն եկեղեցիները, որոնք գրանցված են կառավարության ցուցակի մեջ, մշակույթի նախարարության պաշտպանության եւ հովանու տակ են գտնվում, որոնք առավել հրատապ են եւ փրկության կարիք ունեցող հուշարձաններ են»:Պարոն Շաքարյանը եւս նշեց, որ բարերարներ են եղել, նպատակ են ունեցել եկեղեցին վերակառուցել, սակայն տնտեսական ճգնաժամի պատճառով ընդհատվել են աշխատանքները. «Հստակ չէ, թե իրենք ինչ ծրագրեր ունեն, հենց հնարավորություններ ստեղծվեցին, կանդրադառնանք նաեւ այս եկեղեցուն, այս ուղղությամբ կոնկրետ աշխատանք այժմ չի տարվում»: Փորձեցինք տեղեկություն ստանալ նաեւ ՀՀ մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության պետ Սերժիկ Առաքելյանից: Պարոն Առաքելյանը նշեց. «Եկեղեցին` որպես հանրապետական նշանակության հուշարձան, ընդգրկված է ՀՀ կառավարության 2004թ. հունվարի 29-ի 49 որոշմամբ հաստատված է ՀՀ Լոռու մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում 5.29.9 պետական ցուցիչի տակ»: Նա նաեւ հավելեց. «Ներկայումս հուշարձանի վերականգնման/ամրակայման համար պետական բյուջեից գումար նախատեսված չէ, քանի որ հատկացված ֆինանսական միջոցներն ուղղված են նախորդ տարիներին սկսված ու դեռեւս վերականգնման գտնվող հուշարձանների վրա: Հուշարձանը նախարարության համապատասխան կառույցների կողմից իրականացված ընթացիկ դիտարկումների արդյունքում ընդգրկված է պահպանվածության առումով վտանգված հուշարձանների նախնական ցանկում»: Վերջում պարոն Առաքելյանը նշեց, որ այլընտրանքային ֆինանսավորման առկայության դեպքում ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստվում է մասնագիտական խորհրդատվությամբ աջակցել այդ հուշարձանների վերականգնման ամրակայման աշխատանքներին: Այսինքն` մշակույթի նախարարությունում որեւէ քայլ չի ձեռնարկվում եկեղեցու պահպանման եւ վերականգնման համար, ինչը նրանց ուղղակի պարտականությունն է: Դե իհարկե, նրանք զբաղված են մեծ, ավելի խոշորամասշտաբ գումարներ աշխատելով: Նրանց քանդված եկեղեցիները սկսում են հետաքրքրել միայն այն ժամանակ, երբ «մեջը փող կա»: Իսկ քանի որ Գյուլագարակի եկեղեցին «անտեր» է եւ առայժմ չի վերակառուցվում, դրա համար էլ Առաքելյանը չի հետաքրքրվում: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, ապա նա ԱԺ ամբիոնից միայն ճառեր է ասում, թե այս կամ այն երկրում վանդալիզմ է գրանցվել, քանդել, թալանել կամ անվանափոխել են հայկական եկեղեցին: Սակայն հենց Հայաստանի ներսում եկեղեցին քանդվում է, իսկ նախարար Պողոսյանը «մատը մատին» չի տալիս:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս