ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Կառավարության շենքի դիմաց       

 

Երեկ հրդեհ է բռնկվել ՀՀ կառավարության շենքում։ Մեծ թվով հրշեջ ավտոմեքենաներ ժամանել են Հանրապետության հրապարակ՝ Մելիք Ադամյան փողոց: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ կառավարության գլխավոր մասնաշենքի 2-րդ հարկում կրակ եւ ծուխ է նկատվել: Ըստ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի՝ հրդեհը կառավարության շենքում չի եղել, այլ վառվել են դրսի լուսավորության լարերը։

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ամուսնությունից հետո անձի ազգանվան փոփոխության դեպքում, եթե կադաստրի պետական կոմիտեի կողմից նախկինում տրամադրված վկայականում գրված է մինչամուսնական ազգանունը, հնարավո՞ր է արդյոք փոփոխել ազգանունը նաեւ վկայականում:

Սոնա Ֆեռոյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Ֆեռոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ նման դեպքում ամուսնության գրանցման վկայականը՝ ազգանվան փոփոխության մասին համապատասխան նշումով, անշարժ գույքի գրանցման վկայականի հետ միասին կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետության կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակ կամ օպերատորի մասնաճյուղ, որտեղ ներկայացված փաստաթղթերի հիման վրա վկայականում կկատարվի ազգանվան գրառման փոփոխություն (2012 թվականի հունվարի 1-ից հետո տրամադրված վկայականների դեպքում կտրամադրվի նոր վկայական): Ընդ որում, վկայականում փոփոխություն կատարելու կամ փոփոխված ազգանվամբ նոր վկայական ստանալու համար գանձվում է անվանափոխման գրառման վճար՝ 2000 դրամի չափով:

Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած եւ նրանց համատեղ սեփականությունը հանդիսացող գույքի նկատմամբ գրանցվել է ամուսիններից միայն մեկի սեփականության իրավունքը այն հիմքով, որ իրավունքի գրանցման համար հիմք հանդիսացած իրավահաստատող փաստաթղթերում որպես իրավատեր նշված է եղել միայն ամուսիններից մեկը, ապա նման գրանցման գործողության ընթացքում, ամուսինների համատեղ դիմումի հիման վրա, այդ գույքի նկատմամբ կարող է գրանցվել ամուսինների համատեղ սեփականության իրավունքը:

 

 

ՄԱՔՍԱՅԻՆ

 

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ` «Արտահանում» մաքսային ընթացակարգի կիրառման դեպքում ինչ մաքսային վճարներ են գանձվում: Եվ խնդրում եմ ասել, թե մաքսային ձեւակերպումներ իրականացնելիս օտարերկրյա քաղաքացին կարող է արդյոք հանդես գալ որպես հայտարարատու:

Նելլի Մխիթարյան (33 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 89-րդ հոդվածի համաձայն` ՀՀ-ից արտահանվող ապրանքների համար մաքսատուրքի դրույքաչափը սահմանվում է 0 տոկոս, իսկ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով ՀՀ մաքսային սահմանից դուրս «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանվող ապրանքների հարկվող շրջանառության նկատմամբ՝ սահմանված է ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափ: Մաքսավճարի դրույքաչափերին ծանոթանալու համար անհրաժեշտ է առաջնորդվել «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 97-րդ հոդվածով:

Հայտնում ենք նաեւ, որ անհրաժեշտ է առաջնորդվել  «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 161-րդ հոդվածի սահմանված դրույթներով, համաձայն որի` որպես հայտարարատու կարող է հանդես գալ՝

1) Միության անձը եթե նա`

ա. կնքել է արտաքին տնտեսական գործունեության պայմանագիր, կամ նրա անունից (հանձնարարությամբ) կնքվել է արտաքին տնտեսական գործունեության պայմանագիր,

բ. ունի ապրանքների տիրապետման, տնօրինման, օգտագործման իրավունք` անկախ արտաքին տնտեսական գործունեության պայմանագրի առկայությունից,

2) անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխող օտարերկրյա ֆիզիկական անձը,

3) փոխադրողը կամ Միության անձ հանդիսացող առաքողը` տարանցման հայտարարագիր ներկայացնելու դեպքում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ մաքսատուրքի վճարման ժամկետների փոփոխությունը կատարվում է վճարման հետաձգման կամ տարաժամկետ վճարման ձեւով՝ Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով սահմանված հիմքերի եւ պայմանների առկայության դեպքում եւ կարգով:

 




Լրահոս