Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դեռևս չի որոշել՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի մասին հրապարակումներից հետո վարույթ հարուցվելու է, թե ոչ: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ նշելով, թե ուսումնասիրությունները շարունակվում են եւ մի հարցի հետ կապված դեռ պատասխանի են սպասում, որից հետո էլ որոշում կկայացնեն:
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Սևանա լճի ափամերձ տարածքում գործող«White Shorja»-ում տեղի ունեցած խնջույքին պատգամավորի մասնակցության հարցը դեռ բուռն կերպով քննարկվում է մինչ օրս։ Եվ այդ բուռն քննարկումների պատճառը ոչ թե դիմակ չկրելը կամ օրինակ նարգիլե օգտագործելու փաստն էր, այլ այն տեղեկությունները, թե տարածքը պատկանում է հենց պատգամավորին: Եվ այդպիսի խոսակցությունների պատճառ էր նաեւ այն հանգամանքը, որ փաստաթղթերով այդ տարածքը պատկանում է ոմն Արտյոմ Մելքումյանի, որը երկար տարիներ աշխատել է պատգամավորի ընտանիքին պատկանող ավտոպահեստամասերի վաճառքի կետում որպես վաճառող:
Հավելենք, որ երեկ Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը խորհրդակցության ժամանակ որոշում կայացրեց եւ հանձնարարեց «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին սկսել լողափի աշխատանքների կասեցման եւ ապամոնտաժման գործընթաց: