Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հրաժարվել են ներկայացնել կալանքի տակ գտնվող գույքի արժեքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում օգոստոսի 4-ին դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Նախորդ դատական նիստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդել էր վերացնել իր պաշտպանյալի գույքի վրա դրված արգելանքը։
Դատարանը պաշտպաններից պահանջել էր ներկայացնել կալանքի տակ գտնվող գույքի արժեքը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը դատարանում ասաց, որ իրենք հրաժարվում են ներկայացնել գույքի արժեքը ներկայացնող փաստաթղթեր, քանի որ այդ պահանջի հասցեատերն իրենք չեն․ «Դատարանը պաշտպանական կողմի վրա է դրել կալանքի տակ դրված գույքի արժեքը հիմնավորելու պարտականությունը, նման պարտականություն պաշտպանական կողմը չի կրում»։

Հովհաննես Խուդոյանը նշել էր, որ 2018թ. հուլիսի 30-ին քննիչ Հրաչյա Մուշեղյանը որոշում է կայացրել արգելանք դնել Քոչարյանի շարժական և անշարժ գույքի, դրամական միջոցների, հաշիվների, բաժնեմասերի, ակտիվների, բաժնետոմսերի, արժեթղթերի վրա։ Ըստ պաշտպանի՝ արգելանքը, ընդ որում, դրվել է առանց հաշվի առնելու՝ արդյո՞ք Քոչարյանն ունի բաժնետոմսեր, արժեթղթեր կամ որևէ ակտիվներ։

Գույքի վրա դրված արգելանքը վերացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել նաև Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Նրա խոսքով՝ չնայած դատարանի որոշմամբ պաշտպանի բողոքը մասամբ բավարարվել է, արձանագրվել է Արմեն Գևորգյանի սեփականության իրավունքի խախտումը, արգելանքը, այնուամենայնիվ, մինչև օրս չի վերացվել։




Լրահոս