Հրայր Թովմասյանը չկա, արձակուրդից էլ հետ չի եկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս հուլիսի 23–ին Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը կարգադրություն է ստորագրել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին ու Արևիկ Պետրոսյանին արձակուրդից հետ կանչելու վերաբերյալ: Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝  չնայած Խաչատրյանի կարգադրությանը Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանը չեն արձագանքել ու չեն վերադարձել իրենց աշխատանքին:

Հիշեցնենք, որ դեռեւս հուլիսի 22-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել էր հունիսի 30-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը: Բանն այն է, որ Հանրապետության նախագահն օրենքի ընդունումից հետո 21-օրյա ժամկետում չէր ստորագրել այն եւ չէր վիճարկել դրա սահմանադրականությունը, իսկ այդ ժամկետի լրանալուց հետո օրենքի ստորագրման լիազորությունը փոխանցվել էր ԱԺ նախագահին:

Հավելենք նաեւ, որ հունիսի 26–ից ուժի մեջ մտավ ԱԺ–ի ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները։ Նույն նախագծով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նախագահից դառնում է ՍԴ դատավոր։ Շատերը նախագիծը որակում են օրենքի կոպիտ խախտում, քանի որ այն չէր ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը և չէր ուղարկել ՍԴ՝ քննարկելու դրա սահմանադրական լինելը։ Հիշեցնենք, որ Սահմանադրության 213 հոդվածի 3-րդ մասի համաձայն` ՍԴ երեք դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները պետք է կատարվեն հաջորդաբար կառավարության, ՀՀ նախագահի և դատավորների ընդհանուր ժողովի կողմից երկամսյա ժամկետում։ ՍԴ նախագահի ընտրությունը պետք է իրականացվի դատավորների առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո` տասնօրյա ժամկետում։

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանից Armlur.am լրատվականը փորձել է պարզել, թե ինչ է պատճառաբանել Հրայր Թովմասյանը, եւ արդյոք հայտնի է, թե երբ է Հրայր Թովմասյանը վերադառնալու արձակուրդից: Ղազարյանից փորձել ենք պարզել, թե ինչ իրավիճակ է ՍԴ-ում, երեք դատավորների եւ Հրայր Թովմասյանի «բացակայությունից» հետո:

-Պարո՛ն Ղազարյան, Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը կարգադրություն է ստորագրել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին արձակուրդից հետ կանչելու վերաբերյալ: Արդյո՞ք Հրայր Թովմասյանն արդեն վերադարձել է աշխատանքի:

-Հուլիսի 23-ին պարոն Խաչատրյանը Հրայր Թովմասյանի արձակուրդից վերադառնալու վերաբերյալ կարգադրություն է ստորագրել, դեռեւս պարոն Թովմասյանը հետ չի եկել արձակուրդից: Մենք չգիտենք, ինքը ստացել է կարգադրությունը, թե չի ստացել:

-Այսինքն իր հետ չե՞ք զրուցել, տեղեկություն չունե՞ք, թե ինչ է որոշել Թովմասյանը, երբ է վերադառնալու արձակուրդից:

-Ո՛չ, չեմ խոսել, որեւէ տեղեկություն չունեմ, թե ինչ որոշում ունի պարոն Թովմասյանը: Ինքը արձակուրդում է ու այդ ընթացքում էլ ինքը դատարան չի վերադարձել, որ հանդիպեն խոսեն, իր հետ կապ չունեմ:

-Քանի որ այս ժամանակահատվածում Սահմանդրական դատարանում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել՝ երեք դատավորներ եւ ՍԴ նախագահը չեն պաշտոնավարում, ի՞նչ աշխատանքային պրոցես է այս պահին Սահմանդրական դատարանում:

-Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնավարումը ժամանակավոր կատարում է Աշոտ Խաչատրյանը ու եթե հարցեր կան, ապա պետք է դիմել պարոն Խաչատրյանին, քանի որ ինքն է իրավասու պատասխանել նման հարցերի:

-ՍԴ դատավորներ Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի եւ Հրայր Թովմասյանի պաշտոնանկությունից հետո,  Սահամանդրական դատարանում նիստեր տեղի ունեցե՞լ են, թե խաթարվել է ՍԴ աշխատանքները:

-Հունիսի 30-ից իրավազոր աշխատակարգային նիստեր եւ Սահմանադրական դատարանի նիստեր տեղի չեն ունեցել:

-Իսկ երեք արդեն նախկին դատավորներ՝ Թոխյան, Գյուլումյան եւ Նազարյանը Սահմանդրական դատարան այլեւս չեն ներկայանո՞ւմ, իրենք հեռացել են ՍԴ-ից:

-Ո՛չ, իրենք Սահմանադրական դատարն չեն եկել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս