ԷԼԻՏԱՐ` ՔՉԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Ստավրոպոլի մարզից օրեր առաջ Հայաստան ներկրվեց ավելի քան 1100 տոննա բարձրորակ էլիտար ցորենի սերմացու: Սակայն Շիրակի մարզից շատ քիչ թվով ֆերմերներ են օգտվելու դրանից: Բացի այն, որ պայմաններն են բավականին խիստ, նաեւ վախ կա գյուղաբնակների շրջանում, որ պարզապես չեն կարողանա հաղթահարել դժվարությունները: Զրուցելով մարզի մի քանի համայնքապետերի հետ` պարզ դարձավ, որ հիմնական պատճառը, որ  խուսափում են օգտվել ծրագրից, գյուղացու սոցիալական ծանր վիճակն է: Նախորդ տարի Քարաբերդի համայնքապետը 14 հա ցանել է, այս տարի ցանկություն չի հայտնել ստանալ նոր ներկրված սերմը: «Պայմանները շատ դաժան են, նախ` որ մեկին մեկ պետք է վերադարձնել: Գյուղացու համար դա շատ դժվար խնդիր է: Բացի էդ, պետությունն ասում է` տալիս ենք 7 հա ունեցողին: Կոնկրետ Քարաբերդում շատ քչերն են, որ ունեն էդքան հող, որտեղի՞ց ցանեն»,-նշեց համայնքի ղեկավար Մհեր Բուլոյանը: Ոսկեհասկ համայնքից ընդամենը 1 հոգի է համաձայնել օգտվել ծրագրից: Մյուսները չունեն սահմանվածի չափ հող, իսկ նա, ով կստանա էլիտար սերմացու, վարձակալությամբ է վերցրել հողը: Գրեթե նույն պատկերն է Մեծ Մանթաշում: «7 եւ ավելի հա հող ունեցող Մեծ Մանթաշում չկա, դրա համար մենք առաջին վերարտադրության ցորենից ենք օգտվելու»,-նշեց Մեծ Մանթաշի գյուղապետ Գրիգոր Սարգսյանը: «Գյուղացուն փող է պետք: Էսօր ամեն ինչ թանկ է` ե՛ւ վառելանյութն է թանկ, ե՛ւ ցանքսն է, ե՛ւ կուլտիվացիան, ե՛ւ մնացած բոլոր աշխատանքները: Դրա համար գյուղացին ի վիճակի չէ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց Ոսկեհասկի համայնքապետ Ջեյմս Մուրադյանը: Ազատան համայնքի բնակիչները դժգոհում են մեկ այլ պայմանից եւս. «Մեզ ասում են` հողը ցել բդի էղնի, այսինքն` անցյալ տարի ո՛չ գարի, ո՛չ ցորեն պետք է ցանած չլինենք: Բայց եթե ես չցանեի, ինչո՞վ բդի ապրեի: Հմի ունիմ 10 հա հող, բայց էդ սերմից ինձ չեն տա, կսեն` հողդ բդի մաքուր ցել էղնի»:«Շիրակի մարզում 7 հա ցել ունեցողներն էնքան քիչ են, որ մատների վրա բդի հաշվես: Հարուստներն են էլի, որ 20-30 հա հող ունին, կեսն էլ նախորդ տարի չեն մշակել»,-շեշտեց Մեծ Մանթաշի բնակիչ Հարութ Սարգսյանը: Նշենք, որ գյուղական բնակավայրերում 7 հա եւ ավելի հողատարածք հիմնականում ունեն համայնքապետերը: Մյուսները երազել անգամ չեն կարող էլիտար սերմացու ստանալու մասին: Նրանք, ովքեր ունեն 0.4-4 հա հող, կարող են օգտվել մեկ այլ ծրագրից: Նրանց առաջարկում են ցանել առաջին վերարտադրության ցորեն: Եւ քանի որ այս մեկն ավելի նպատակահարմար է, եւ պայմաններն էլ առավել հասանելի, գյուղաբնակները նախընտրում են հենց այդ տարբերակը: Հայտնի է, որ Ստավրոպոլից ներկրված ցորենից Շիրակի մարզին բաժին կհասնի 687 տոննա ցորեն:ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԳյումրի




Լրահոս