Աբովյան քաղաքի զբոսայգու տարածքն ապօրինաբար օտարվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզպետի կողմից ՀՀ գլխավոր դատախազին գրություն է հասցեագրվել մարզի
Աբովյան համայնքի նախկին ղեկավարի կողմից Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի զբոսայգու տարածքն
ապօրինաբար, հանցավոր մեխանիզմների կիրառմամբ օտարելու վերաբերյալ: Այդ մասին դիմումներ են
ստացվել նաև մի քանի քաղաքացիներից:

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ մարզպետի գրությունը և դիմումներն ուղարկվել են
ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ քրեադատավարական կարգով նյութեր
նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար:

ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական
տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավարը իր
պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և խախտելով օրենսդրության և
կառավարության համապատասխան որոշման պահանջները, 2010թ. սեպտեմբերի 16-ին հաստատել է
բնակելի տների և սպասարկման օբյեկտների կառուցման նպատակով աճուրդով օտարվող Աբովյանի
քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող՝ Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի ¼ հասցեում
գտնվող 782,3 քառակուսի մետր մակերեսով` հողամասը որպես հասարակական գործառական
նշանակություն ունեցող տարածք, թեպետ այն 2006թ. ՀՀ կառավարության կողմից հաստատված Աբովյան
քաղաքի գլխավոր հատակագծով հանդիսանում է կանաչապատ գոտու՝ զբոսայգու մաս:

Այնուհետև նշված հատակագիծը ներկայացվել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի
Աբովյանի տարածքային ստորաբաժանում, որի աշխատակիցները չեն կատարել լրացուցիչ ստուգումներ՝
պարզելու ներկայացված հատակագծում նշված հողամասի իրական նպատակային նշանակությունը: Նշված
հասցեի կադաստրային ծածկագիրը փոփոխվել է մեկ այլ ծածկագրով և, պաշտոնական փաստաթղթերում
ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով, 2010թ. սեպտեմբերի 28-ին Աբովյան համայնքի անունով
կազմվել և հանձնվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայագիր՝ նշված
հողամասը ներկայացնելով որպես հասարակական կառուցապատման նշանակություն ունեցող հողատարածք:

2011թ. մարտի 25-ին Աբովյան համայնքի նախկին ղեկավարը, հանդիսանալով աճուրդը
կազմակերպող լիազորված մարմնի ղեկավար և աճուրդի կազմակերպիչ, չարաշահելով պաշտոնեական
դիրքը, աճուրդի կազմակերպման գործընթացի իրականացումը հանձնարարել է օգնականին, իսկ վերջինս էլ
կազմակերպել և անցկացրել է կեղծ աճուրդ: Այսինքն «Հողային օրենսգրքի» 68, 69-րդ հոդվածների
պահանջները ձևականորեն պահպանելով՝ իբրև թե աճուրդի հայտ ներկայացնելուն և անցկացմանը
մասնակցել են մեկից ավելի անձինք: Այդ մասին կազմվել են կեղծ պաշտոնական պաստաթղթեր, մինչդեռ
իրականում միայն շահագրգիռ անձի մասնակցությամբ և առանց երկրոդ անձի իրականացվել է աճուրդ, որի
ընթացքում կեղծվել է նաև պաշտոնեական փաստաթղթերում երկրորդ մասնակցի ստորագրությունը։
Վերը նկարագրված գործողությունների հետևանքով համայնքը զրկվել է կանաչապատ գոտի՝
զբոսայգին տնօրինելու, այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ համայնքային սեփականության աճուդն
իրականացնելու և իրական արժեքով այն օտարելու հնարավորությունից: Իսկ 3.539.125 դրամ
կադաստրային արժեքով զբոսայգու տարածքը օտարվել է 1.858.100 դրամով՝ արդյունքում համայնքի
համար առաջացնելով ծանր հետևանքներ։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ծանր հետևանքների
առաջացմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, դրան օժանդակելու, պաշտոնեական
կեղծիք կատարելու դրան օժանդակելու և ծանր հետևանքների առաջացմամբ պաշտոնեական անփութության
հանցագործությունների հատկանիշների մասին վկայող տվյալներ՝ ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր
վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով,
314-րդ հոդվածով, 38-314-րդ հոդվածով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործն ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար:




Լրահոս