Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում որոտացած հզոր պայթյունին:
«Ահավոր աղետ է պատահել Բեյրութում: Ամեն ինչ պետք է անել Բեյրութի ցավն ամոքելու համար»,-գրել է հայազգի պատգամավորը:
Լիբանանի մայրաքաղաքում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից: Բեյրութի նավահանգստում որոտացած հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վիրավորները 4000-ից ավելի են, հայտնում է Լիբանանում Կարմիր խաչի գրասենյակը: Զոհերից 5-ը հայ են:
Պայթյունի հարվածային ալիքն այնքան ուժեղ է եղել, որ մայրաքաղաքի որևէ հատված ավերածությունից զերծ չի մնացել, անգամ հարևան Հորդանանում 4.5 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել: