ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր են Վճռաբեկ դատարանի նախագահի հավանական թեկնածուները. նոր անուններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն առաջադրվեց Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու եւ Ազգային ժողովի կողմից ընտրվելու դեպքում կդադարի լինել Վճռաբեկ դատարանի նախագահ: Իսկ ո՞վ կարող է դառնալ ՀՀ վճառաբեկ դատարանի նախագահ: Նշենք, որ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուին պետք է առաջադրի Բարձրագույն դատական խորհուրդը, որի յուրաքանչյուր անդամ քվեարկության ժամանակ ունի մեկ ձայն: Այսպիսով, քվեարկության արդյունքներով Ազգային ժողովին է առաջարկվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության «կողմ ձայներ» ստացած թեկնածուն:

Բացի այդ, Դատական օրենսգրքում պահանջներ կան, որին հավակնելու պարագայում էլ հնարավոր է դառնալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, եւ Վճռաբեկ դատարանի բոլոր 16 դատավորները, բացի դատավոր Ստեփան Միքայելյանից, որը ընտրվեց ԲԴԽ անդամ, հավակնում են դառնալ Վճռաբեկ դատարանի նախագահ: Բանն այն է , որ ՀՀ դատական օրենսգրքի 135-րդ հոդվածի համաձայն Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան երկու ամիս եւ ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, իսկ այլ հիմքով Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր տեղ առաջանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում Դատական դեպարտամենտը կազմում եւ Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացնում Վճռաբեկ դատարանի բոլոր այն դատավորների ցուցակը, որոնք տվյալ դատարանում ունեն ոչ պակաս, քան երեք տարվա դատավորի փորձառություն, չունեն կարգապահական տույժ, չեն պաշտոնավարել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամ չեն:

Եվ  «Ժողովուրդ» օրաթերին հասած տեղեկությունների համաձայն՝ Վճռաբեկ դատարանի շատ դատավորներ ներքին կարգով ասել են, որ դիմելու են ԲԴԽ եւ հրաժարվելու են, որ իրենց անունը ընդգրկվի ցուցակում: Իսկ, ահա, Վճռաբեկ դատարանի դատավորներից Էդգար Սեդրակյանը եւ Գոռ Հակոբյանը ներքին կարգով ասել են, որ ցանկություն ունեն ընտրվել Վճռաբեկ դատարանի նախագահ: Տեղեկությունը փորձեցինք պարզել Գոռ Հակոբյանից, սակայն վերջինս հրաժարվեց խոսել՝ նշելով, որ գտնվում է հիվանդանոցում:

Մանրամասները՝ տեսանյութում

Ք.Մ.




Լրահոս