Ինչու պաշտոնից ազատվեցին փոխոստիկանապետերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել ՀՀ երկու փոխոստիկանապետերը՝ Հայկ Մհրյանն ու Տիգրան Եսայանը:

Նկատենք, որ Հայկ Մհրյանը իշխանափոխությունից հետո եղել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, ապա կարճ ժամանակ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, որից հետո նշանակվել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնում: Ընդ որում, մշտապես ընդգծվել է այն հանգամանքը, որ նրան օրենքի խախտումով են վերադարձրել ոստիկանական համակարգ եւ այդպիսի իրավունք չկար:

Սակայն դա արվել է նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանի շնորհիվ եւ Մհրյանին վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից ազատվելուց հետո վերադարձրեց համակարգ: Նկատենք նաեւ, որ Արման Սարգսյանի հրաժարականից հետո Մհրյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել, սակայն մինչեւ այժմ այն չէր հաստատվել: Ընդ որում,  նա էր համակարգում արտակարգ դրության պայմաններում ոստիկանների աշխատանքը:

Իսկ ահա Տիգրան Եսայանը 2012-2019 եղել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի 1-ին տեղակալ և  նրա մասին համակարգում դրական են արտահայտվում:

Հավելենք, որ Հայկ Մհրյանի մասով վերջերս ծառայողական քննություն էր իրականացվել այն հրապարակումներից հետո, թե իբր նա եւ մյուս տեղակալ Արթուր Մարտիրոսյանը 30 միլիոն դրամ են դուրս գրել ոստիկանության գաղտնի ծառայակիցների աշխատավարձը վճարելու համար, սակայն այդ գումարը համապատասխան մարդկանց չի հասել:




Լրահոս