ՀԱՄԵՐԳԸ ՁԱԽՈՂՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկախության 20-ամյակի կապակցությամբ  Իջեւանի Շատրվանների հրապարակում կայացել է Երեւանից ժամանած երգիչների մասնակցությամբ համերգ: Համերգի ժամանակ ելույթ են ունեցել Միստր իքսը, Արմինկան: Ալլա Լեւոնյանի երգելու ժամանակ   բարձրախոսը փչացել է: Երգչուհին փորձել է առանց դրա երգել, սակայն չի ստացվել: Շուրջ մեկ ժամ համերգն ընդհատվել է, որի ընթացքում Իջեւանի մշակույթի տան աշխատողները փորձել են գործարկել տեխնիկան: Ի վերջո, տեխնիկան մի կերպ գործարկելուց հետո ելույթ է ունեցել երգիչ Մհերը, որին հետեւել է  հրավառությունը: Նշենք, որ տոնակատարության համար համայնքի բյուջեից մեծ գումար էր ծախսվել: Իջեւան համայնքի ավագանու որոշմամբ` տոնական միջոցառման հրավիրատոմսերի, պաստառների, լոգոների, հրավառության, քաղաքի փողոցների գունավոր լուսավորության, քաղաքը ՀՀ պետական ու Իջեւան քաղաքի դրոշներով զարդարելու համար հատկացվել է շուրջ 3 միլիոն դրամ: Իջեւանցիներն ասում են, սակայն, որ ոչ մի գունավոր լուսավորություն չեն տեսել: Ի դեպ, այդ օրն Իջեւանում նշել են ոչ միայն անկախության 20-ամյակը, այլեւ Իջեւան քաղաքի օրը: Զարմանալի է, որ քաղաքի օրը նշվում է ոչ թե ամեն տարի, այլ 4 տարին մեկ` համայնքի ղեկավարի ընտրությունների նախաշեմին: Նախորդ անգամ Իջեւանում քաղաքի օրը նշվել է  2007թ. դեկտեմբերի 3-ին` հաշմանդամների միջազգային օրը, իսկ  դրանից քիչ անց` դեկտեմբերի 16-ին, կայացել էին քաղաքապետի ընտրություններ: Այս աշնանը եւս Իջեւանում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: Այսինքն` քաղաքի տոնը նշելու ավանդույթը չի խախտվել:ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՏավուշ




Լրահոս