ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատգամավոր Թովմասյանն ու «Ռոստելեկոմ»-ը բուժաշխատողներին խրախուսական գումարներ բաժանեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ և «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերության ֆինանսավորմամբ` ի դեմս գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամզյանի, իրականություն դարձավ հերթական բարեգործական ծրագիրը։ Կորոնավիրուսի համաճարակի այս օրերին բոլորս արժևորում ենք բժիշկներին, բայց ավելի հաճախ` բառերով:

Գեղարքունիքի մարզի վարկանիշային ընտրակարգով ընտրված «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի և ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկի ուշադրության կենտրոնում այս անգամ «Գավառի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ն է, որի բոլոր` ավելի քան 8 տասնյակ աշխատակիցներին տրամադրվեցին խրախուսական գումարներ՝ համավարակի այս ծանր օրերին անձնվիրաբար աշխատելու, կյանքեր փրկելու և բազմաթիվ մարդկանց առողջացնելու համար։

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը բուժաշխատողների հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն հայտնեց. «Ես խոնարհվում եմ բոլորիդ առջեւ, դուք անձնուրաց աշխատանք եք կատարում` բժշկելով մեր հայրենակիցներին: Այսօր ողջ աշխարհում բժիշկները, բուժաշխատողներն, իրենց կյանքը վտանգելով, բուժում են մարդկանց` հաճախ դառնալով վարակի զոհը: Դուք առաջնագծում կանգնած զինվորի ու զինծառայողի գործն եք անում այսօր: Պինդ եղե՛ք, առողջ մնացե՛ք, որ առողջացնեք»:

Թեեւ օրը շնորհակալության խորհուրդն ուներ, այնուամենայնիվ, հանդիպման ընթացքում բուժաշխատողները խոսեցին ոլորտի խնդիրների մասին, քննարկեցին լուծման տարբերակները, որոնք պատգամավոր Թագուհի Թովմասյանը խոստացավ հասցնել հասցեատերերին:




Լրահոս