ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ այդմ՝ առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով, որոնցից 20-ը կքննեն ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը:
Առաջարկվում է նաեւ ստեղծել մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 10 դատավորի թվակազմով։ Ըստ նախագծերով առաջարկվող փոփոխությունների՝ Վճռաբեկ դատարանում քրեական պալատը գործելու է 8 դատավորի թվակազմով, իսկ քաղաքացիական եւ վարչական պալատը՝ 13 դատավորի թվակազմով։
Armlur.am-ը այս եւ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին զրուցել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանի հետ:
-Պարո՛ն Ատոմյան, արդեն հայտնի է, որ Սահմանադրական դատարանի դատավորի երկու թեկնածու կա՝ ի դեմս Վահրամ Ավետիսյանի եւ Երվանդ Խունդկարյանի: Ի՞նչ կարծիք ունեք նրանց մասին, նրանք արդյոք ա՞յն թեկնածուներն են, որոնց պետք էր առաջադրել:
-Սահմանադրական դատարանում ճգնաժամ կար, եւ այդ հարցը պետք է շատ արագ լուծել: Առաջադրվել են թեկնածուներ, որոնց պետք է ընտրի խորհրդարանը. կընտրի, թե չի ընտրի, դա ես չեմ կարող ասել, դրան պետք է սպասել, որպեսզի ամեն ինչ պարզ դառնա:
-Բայց Դուք ճանաչո՞ւմ եք այն երկու թեկնածուներին, որոնց առաջադրել են, ի՞նչ դիրքորշում ունեք նրանց մասին:
-Չեմ ճանաչում, իրենց անձամբ չգիտեմ, ընդհանուր առմամբ դրական տեղեկություններ եմ լսել:
-Ձեր խմբակցությունը անցած շաբաթ հանդիպում է ունեցել Վահրամ Ավետիսյանի հետ. ի՞նչ կարծիք կազմեցիք նրա մասին, արդյոք նրան կընտրե՞ք որպես Սահմանադրական դատարանի դատավոր:
-Նորմալ կարծիք եմ կազմել, ընթացքում կհասկանանք, ընտրությունը դեռ չի կայացել, քվեարկության օրը ամեն ինչ կհստակեցվի, այժմ որեւէ բան ասելը շուտ է, չեմ կարող որեւէ բան ասել: Խորհրդարան երբ գա, այդ ժամանակ ավելի շատ հարցեր կուղղենք, կհասկանանք, այն ժամանակ քիչ էր հանդիպման ընթացքը: Աժ-ում ավելի շատ ժամանակ կլինի հարցեր ուղղելու, պատասխաններ իմանալու համար: Դրանից հետո կարծիք կկազմենք:
-ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ հանրային քննարկման է ներկայացրել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ այդմ՝ առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան: Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք այդ դատարանի ստեղծման վերաբերյալ:
-Պետք է քննարկվի, հասկացվի, թե ինչի մասին է խոսքը, պրակտիկորեն այն ինչ է տալու. տրամաբանությունն այն է, որ այդ դատարանի ստեղծմամբ բավականին շատ հարցեր լուծումներ կգտնեն: Հակակոռուպցիոն մարմիններ ստեղծելով՝ մենք մեծ պայքար կմղենք ապօրինի գույքի վերադարձման եւ պետականացման դեմ: Մենք հույսեր ունենք, որ այդ դատարանների միջոցով կկարողանանք վերականգնել արդարությունը, լուծել կոռուպցիոն խնդիրները: Իմ կարծիքով՝ երբ այդ մարմինները ստեղծվեն, սկսեն իրենց բնականոն աշխատանքներն իրականացնել, տարիներ առաջ թալանած մեր ապօրինի գույքերը հետ կվերադարձվի պետական բյուջե, որի միջոցով էլ պետությունը կկարողանա առաջացած խնդիրներին լուծում տալ: Ես կարծում եմ, որ մենք առաջիկայում այդ հարցում բավականին լուրջ առաջընթաց ենք ունենալու:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԲՈԿ-ՈՒՄ «ՊԱՏԵՐԱԶՄ» Է ՍԿՍԵԼ
Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ուրբաթ օրը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում իսկական «պատերազմ» է սկսվել այն բանից հետո, երբ նախարարությունում սկսել են քննարկել ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի որոշումը՝ ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանին գիտական աստիճանից զրկելու հետ կապված: Բանն այն է, որ նախարարն այդ որոշումը ցանկանում է չեղյալ հայտարարել, ու այդ հարցով վարույթ է հարուցվել:
Հուլիսի 31-ին՝ վարույթի քննության օրը, երբ Սմբատ Գոգյանը նախարարություն է գնացել իր փաստաբանի հետ, հանկարծակի հայտարարել են, որ Գոգյանն իրավունք չունի մուտք գործել իր փաստաբանի հետ: Դրանից հետո վերջինս հայտարարել է, որ եթե նման բան կա, ապա ինքը եւս չի մասնակցելու վարույթին, ու հեռացել է: Գոգյանը որոշել է գրավոր ուղարկել իր բացատրությունը, թե ինչու է Դիանա Գալոյանին զրկել գիտական աստիճանից: Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին այս հարցով հրավիրվել էին լսումներ։
Ըստ հրամանի՝ Գալոյանը տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան ստացել է 2015-ին, սակայն 2019-ի դեկտեմբերին ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել է Գալոյանի դոկտորական ատենախոսությունն ուսումնասիրող եւև եզրակացություն տրամադրող մասնագիտական հանձնաժողով, որն արձանագրել է, որ Գալոյանի գիտական աշխատանքում առկա են առանց հեղինակների ու աղբյուրների նշման փոխառություններ, որն էլ հիմք է հանդիսացել վարույթ սկսելու համար։ ArmLur.am-ը այս իրավիճակի առնչությամբ զրուցել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հետ: Նա նշեց. «Գալոյանն է պահանջում, որպեսզի իմ հրամանը չեղյալ համարվի, վարույթ հարուցելու, գիտական աստիճան շնորհելու հրամանը անվավեր ճանաչելու։ Քանի որ փաստաբանին չթողեցին, իսկ Գալոյանի փաստաբանին թողեցին, ես կեսից դուրս եկա, իմ դիրքորոշումը հետո գրավոր ուղարկեցի։ Ոչ միայն այդ հարցով, այլ նաեւ այլ հարցերով ես իմ դիրքորոշումն եմ հայտնել»։
ԱՄԵՆԱԱԿՏԻՎԸ՝ «ԻՄ ՔԱՅԼԸ»
Չնայած ամռան վերջին ամիսն է, եւ ընդունված է, որ այս շրջանում քաղաքական կյանքն, այսպես ասած, կանգ է առնում, սակայն Հայաստանում դեռ շարունակում են գործընթացներ տեղի ունենալ, եւ փորձում են ակտիվ մնալ նաեւ խորհրդարանական ուժերը: Սակայն նկատենք՝ ամենաակտիվը թերեւս իշխանական «Իմ քայլը» խմբակցությունն է: Այսպիսով, ինչո՞վ են զբաղված քաղաքական ուժերն այս շրջանում: Նկատենք՝ խորհրդարանական ուժերից ամենապասիվը թերեւս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, եւ դա էլ իր պատճառներն ունի: Բանն այն է, որ դեռեւս հուլիսի 25-ին կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խմբակցության նիստ էր հրավիրել եւ կուսակիցներին հորդորել «թայմ աութ» վերցնել, գնալ հանգստի, չմեկնաբանել: Նա նաեւ պատգամավորներին հասկացրել է, որ պինդ մնան, չվախենան կոմպրոմատներից: Եվ նկատենք՝ այս ընթացքում կուսակիցները աշխատում են շատ աչքի չընկնել՝ բավարարվելով միայն իրենց ֆեյսբուքյան էջերում մեկնաբանություններ գրելով: Իսկ, ահա, մյուս ընդդիմադիր՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն էլ այժմ մարզային հանդիպումներ է ունենում: Նրանք պարբերաբար այցելում են մարզեր՝ տարբեր քաղաքներ, զրուցում բնակիչների հետ, փորձում հասկանալ առկա խնդիրները: Ամենաակտիվը թերեւս «Իմ քայլ»-ն է. նրանք այս ընթացքում ոչ միայն խմբակցության նիստեր են հրավիրում, տարբեր հանդիպումներ եմ ունենում, այլեւ փորձում են գլուխ բերել Սահմանադրական դատարանի թնջուկը, զբաղված են տարբեր նախագծեր մշակելով: Եվ չնայած արձակուրդային շրջան է, սակայն հաջորդ շաբաթ խորհրդարանը թերեւս արտահերթ կհավաքվի՝ լուծելու արտակարգ դրությունը եւս մեկ ամսով երկարաձգելու հարցը. կառավարությունը դեռ շարունակում է քննարկումները: Քաղաքական կյանքը թերեւս կակտիվանա արդեն աշնանը:
ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ
Սեւանի «Սպիտակ Շորժա» լողափում անցկացված «փարթիի» շուրջ բուռն քննարկումները շարունակվում են: Համացանցում հայտնվել են լողափին տեղադրված սպիտակ վրանները, եւ օգտատերերը ընդգծում են, որ դրանք եղել են նաեւ մեկ տարի առաջ Բաղրամյան պողոտայում գորգ լվանալու արարողության ժամանակ: Սա եւս խոսակցությունների առիթ է հանդիսացել, թե ինչ գործ ունեն այդ վրանները մի լողափում, որի անունը կապում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ, ով այդ «փարթիի» ակտիվ մասնակիցներից է եղել: Նկատենք, որ այդ նույն վրանները 2018թ? «Ֆրանկոֆոնիայի» օրերին եւս քաղաքի զարդարանքի մի մասն էին կազմում: Այսինքն՝ այդ վրանները օգտագործվել են Հայաստանում պետական միջոցառման ժամանակ, երբ Հայաստան էին ժամանել հայտնի հյուրեր, պետական պաշտոնյաներ: ArmLur.am-ը որոշեց պատգամավոր Հայկ Սարգսյանից անձամբ պարզել՝ ինչպես են 2018 եւ 2019թթ. միջոցառումների ժամանակ օգտագործված վրանները հայտվել «փարթիի» վայրում, սակայն պատգամավորը եւս մեկ անգամ հայտարարեց, թե այդ լողափի հետ առնչություն չունի: «Ինձ հետ կապ չունեցող հարցերը ես չեմ մեկնաբանում, դիմե՛ք այն մարդկանց, ովքեր առնչություն ունեն այդ լողափի գործունեության հետ, այսքանը»,-նշեց նա։