ԱԱԾ-Ն ՈՒ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ո՞վ է եղել ԱԱԾ-ի կողմից բերման ենթարկված ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարը,  եւ ինչի՞ արդյունքում ԱԱԾ-ն նրան չի կալանավորել:

 

Հուլիսի 28-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ  Դեպարտամենտի կազմում ստեղծված ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավար հանդիսացող պաշտոնատար անձը իրեն վերապահված լիազորությունների սահմաններում Սնանկության դատարանի նստավայրում մեկ միասնական դիտավորությամբ 2018-2020թթ. ընթացքում, շահադիտական դրդումներից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մի շարք քաղաքացիների հրամանագրել է ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի տարբեր հաստիքներում եւ հաստատապես տեղյակ լինելով վերջիններիս կողմից աշխատանքի չհաճախելու եւ աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին՝ կազմել, հաստատել եւ իր ստորագրությամբ վավերացրել է իրավունք վերապահող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, բովանդակությամբ կեղծ «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», որոնցում կեղծ տեղեկություններ է ներառել աշխատակիցներ թվով 5 քաղաքացիների աշխատանքի հաճախելու եւ փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ, ապա բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել է վճարման, որի արդյունքում պետական բյուջեից չաշխատած օրերի դիմաց, որպես աշխատավարձի գումարներ, անհիմն դուրս է գրվել առանձնապես խոշոր չափերով՝ 9.340.946 ՀՀ դրամ, որն էլ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով հափշտակել է:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Քրեական գործով Բարձրագույն դատական խորհրդին նախապես իրազեկելուց հետո քննչական գործողություններ են կատարվել ինչպես Սնանկության դատարանի վարչական շենքում, այնպես էլ ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարի փաստացի բնակության վայրում, որի ընթացքում  հայտնաբերվել եւ առգրավվել են տարբեր անձանց անուններով ձեւակերպված աշխատավարձի վճարային քարտեր, արտարժույթով առկա գումարներ, արտարժույթով գումարներ տրամադրելու վերաբերյալ գրառումներ պարունակող փաստաթղթեր, ինչպես նաեւ քրեական գործի համար ապացուցողական նշանակություն ունեցող այլ նյութեր:

Նկատենք որ ԱԱԾ-ն չէր  նշել անուններ, թե ով է աշխատակզմի ղեկավարը: Մեզ հայտնի դարձավ, որ  վերջինս Արման Ղուկասյանն է, որը իրավապահներին խոստովանել է, որ նման բան է արել եւ պետությանը պատճառված  9 միլիոն 340 հազար 946 դրամը հետ է  վերադարձրել բյուջե, ինչի արդյունքում նրան չեն կալանավորել: Սակայն նկատենք, որ այսքանով ԱԱԾ-ի բացվահայտումները չեն սահմանափակվի, եւ առաջիկայում աղմկահարույց   բացահայտումներ  կլինեն դատական համակարգում: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ իրավապահները Դատական դեպարտամենտի գործունեության շուրջ աղմկալի բացահայտումներ են իրականացնում: Դեռեւս 2013 թվականին կալանավորվեց ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը: Վերջինս մեղադրվում էր դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման փաստերով հարուցված քրեական գործի շրջանակում (առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելու), ինչպես  նաեւ կաշառք ստանալու համար:

Այս բացահայտումից հետո Դատական դեպարտամենտը նշել էր, թե աղմկալի դեպքից հետո կատարվել են բավականին ուսումնասիրություններ, կատարվել են բազմաթիվ վերլուծություններ, եւ արվել են որոշ հետեւությունները: Սակայն իրավիճակը ցույց է տալիս, որ կան պաշտոնյաներ, որոնք հետեւություն չարեցին եւ այսօր հայտնվեցին իրավապահների տեսադաշտում:

 ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ՎԱՃԱՌՈՂՈՒՀՈՒ ՎՐԱ

2020թ. օգոստոսի 1-ին դիմակավորված երկու անձինք ապօրինի ձեռք բերած եւ կրած զենքերով, ինչպես նաեւ որպես զենք օգտագործվող դանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք են գործել Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում գտնվող ոսկյա զարդերի խանութ, հարձակվել վաճառողուհու վրա, կապել վերջինիս բերանն ու ձեռքերը, ապա դանակի եւ զենքի գործադրմամբ նրա կյանքի համար վտանգավոր սպառնալիքներ տալով՝ պահանջել եւ վերցրել են չհրկիզվող պահարանի բանալիները: Չկարողանալով բացել նշված պահարանի բոլոր դռների փականները՝ մեկ անգամ կրակոց են արձակել, որից հետո կրկին փորձել են բացել փականները եւ չկարողանալով հափշտակել այնտեղ գտնվող առանձնապես խոշոր չափերով` շուրջ 10.000.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդերը՝ դիմել են փախուստի:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 3-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Արտաշատ քաղաքի բնակիչներ, եղբայրների կողմից ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու բոլոր հանգամանքները:

2020թ. օգոստոսի 2-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Արտաշատ քաղաքի բնակչուհի եւ հայտնել, որ ծանոթն իրեն ծեծում է եւ կոտրում տան դուռը: Նկատելով մոտեցող ոստիկաններին՝ տղամարդը խոհանոցային դանակը դրել է իր վզին ու սպառնացել վնասել իրեն: Ոոստիկանության ծառայողները, վերջինիս հետ խոսելով, համոզել են եւ հրավիրել Ոստիկանության բաժին: Տղամարդը դանակն իր վզին պահած վիճակում ոստիկանների եւ եղբոր ուղեկցությամբ քայլելով գնացել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ միջանցքում, դանակը թափահարելով, հարձակվել է ոստիկանների վրա, եւ երբ վերջիններս փորձել են վնասազերծել նրան, դանակով հարվածել է ոստիկանության ՀՈԲ ավագ տեսուչի աջ ոտքին՝ պատճառելով վնասվածք: Նույն պահին նրա եղբայրը քարով հարձակվել է ոստիկանների վրա, սակայն չի հասցրել որեւէ մեկին հարվածել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Արտաշատ քաղաքի բնակիչներ երկու եղբայրները ձերբակալվել են՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

69 ՔՐԳՈՐԾ՝ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում ամփոփվել են 2020թ. առաջին կիսամյակում մարզի տարածքում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական հետապնդման մարմինների գործունեության, պետական շահերի պաշտպանության ոլորտում մարզի դատախազության նախաձեռնությունների արդյունքները: Ըստ այդմ՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում առերեւույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 69 քրեական գործ: Այս ցուցանիշը, չնայած կորոնավիրուսային համավարակի հարուցած բարդություններին, 27-ով կամ 64%-ով ավելի է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 9 անձի վերաբերյալ 5 քրեական գործ, իսկ դատարանում ավարտվել է 4 քրեական գործ, որոնցով 6 անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է 137.650.210 ՀՀ դրամ, որից 17.185.074 մլն ՀՀ դրամը Շիրակի մարզի դատախազության աշխատակիցների անմիջական գործուն ներգրավվածությամբ վերականգնվել է, իսկ մնացած մասը վերականգնելու ուղղությամբ գործադրվել է պատշաճ քրեադատավարական գործիքակազմ: Բռնագանձումը պատշաճ ապահովվելու համար նախաքննության ընթացքում մեղադրյալներին պատկանող գույքի վրա դրվել է արգելանք: Շիրակի մարզի դատախազությունը ակտիվ եւ ընդգրկուն աշխատանք է կատարել նաեւ պետական շահերի պաշտպանության ոլորտում: Այդ գործառույթի շրջանակներում կատարվել կամ կատարվում են 263 ուսումնասիրություններ, որոնք ընդգրկում են ընդերքօգտագործող սուբյեկտների կողմից համայնքներում ներդրումներ կատարելու, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման վճարների գծով պարտավորությունների կատարման, սոցիալական եւ կրթության ոլորտում անցակացված վարչական հսկողության եւ աուդիտի, համայնքում իրականացված ինքնակամ շինությունների, համայնքի ղեկավարների կողմից օրենքին հակասող հողամասեր տրամադրելու գործընթացին եւ այլ ոլորտներ: Կատարվող ուսումնասիրություններով անհրաժեշտ սուբյեկտներին դատախազության կողմից տրվել են 16 նախազգուշացումներ, ինչի արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված ավեի քան 6 մլն ՀՀ դրամ գումար: Շիրակի մարզի դատախազությունը 2020թ. առաջին կիսամյակում, նախկին տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալի աշխատանք է կատարել քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համատեքստում: Մասնավորապես, եթե 2019թ. առաջին կիսամյակում դատարան էր ուղարկվել 69 քրեական գործ՝ 92 անձի վերաբերյալ, ապա 2020թ. նույն ժամանակահատվածում դատարան է ուղարկվել 102 քրեական գործ (շուրջ 48%-ով ավելի)՝ 126 անձի վերաբերյալ (շուրջ 37%-ով ավելի):

 

 




Լրահոս