ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որբաթ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայկական ռեստորանների միության անդամների հետ: ArmLur.am-ի հետ զրույցում Հայակական ռեստորանների միության տնօրեն Վահե Գեւորգյանը որոշ մանրամասներ հայտնեց:

 

-Պարո՛ն Գեւորգյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ի՞նչ եք քննարկել, ի՞նչ խոստացավ վարչապետը: Որեւէ լուծում առաջարկե՞ց:

-Հիմնականում խոսքը գնացել է ոլորտին պետության կողմից աջակցության հնարավորության մասին: Մեր ոլորտը երկար ժամանակ է՝ ունի մինիմում 70 տոկոս շրջանառության անկում, ու արդեն աշխատատեղերի հետ կապված էլ է խնդիր առաջանում, բիզնեսը մեծ դժվարություններ ունի այդ առումով: Պետության հետ սկզբունքորեն համաձայնել ենք, օգոստոսից սկսած, ամենայն հավանականությամբ, վերջնական որոշումը կընդունվի, բայց համաձայնությունը կայացվել է, որ կառավարությունը համաֆինանսավորելու է հանրային սննդի ոլորտի ընդհանուր աշխատավարձային ֆոնդի որոշակի տոկոսը: Սա կշարունակվի որոշակի ժամանակ, մինչեւ որ շրջանառության մինիմալ ծավալները կվերականգնվեն:

-Արդյոք սա խնդրի լուծո՞ւմ է:

-Եթե անկեղծ խոսենք եւ հաշվի առնենք պետության հնարավորությունները, բավականին աջակցություն է բիզնեսին: Հենց այդ աշխատավարձային ֆոնդի որոշակի տոկոսով փոխհատուցումը պետությունը նաեւ սոցիալական մասն է ապահովում հարցի, որովհետեւ մեր ոլորտում մոտ 35 000 աշխատող կա ներգրավված: Փաստորեն գործատուները պետության աջակցության շնորհիվ կարողանալու են այդ աշխատատեղերը պահել:

-Բայց, միեւնույնն է, բիզնեսը վնասներ է կրում…

-Ճիշտ է, շրջանառությունը չի վերականգնվի արագ, եւ ինքը բիզնեսը շարունակելու է վնասներ կրել, գործատուները հիմնականում աշխատավարձը վճարում են: Համենայնդեպս, մեր միության անդամ ռեստորանները, սրճարանները մեծ մասամբ վճարել են. եթե որոշակի գրաֆիկի կրճատում է եղել, այնուամենայնիվ, մարդիկ հիմնականում իրենց աշխատատեղը չեն կորցրել:

-Իսկ կա՞ն ռեստորաններ, որոնք փակվել են այս ամենի հետեւանքով:

-Այս պահին սնանկացման գործընթացի մասին չկա տեղեկություն, բայց կան ժամանակավոր փակումներ, դրանք արդեն շատ են: Օրինակ, «Սեգաֆրեդո» ցանցից սրճարանի մեկ-երկու փակում, երկու կոնցեպտի միավորում, հայտնի ռեստորան «Ծիրանի տուն»-ը, որը բավականին հայտնի է, «Ոստան»-ը ժամանակավոր փակ են: Դիլիջանի «Թավա»-ն եւս փակ է: Չենք ասի՝ համատարած փակումներ են սկսվել, բայց այդ տենդենցը սկսվում էր:

-Վարչապետի հետ հանդիպմանը քննարկվե՞լ է հարսանյաց սրահների վիճակը: Նրանք այս ընթացքում բարրձրաձայնում են իրենց խնդիրների մասին, անգամ սկսել են վնասների գույքագրում անել:

-Այնտեղ խնդիրն ուրիշ է. կա հանրային առողջության հետ կապված խնդիր մեծ միջոցառումներ անցկացնելու, եւ այդ արգելքը կա: Չնայած մեր ռեստորաններն էլ ունեն նման հնարավորություն, բայց դա հիմա ավելի արդարացված է, չնայած որ վնասներ ենք կրում:

-Այդ մասին վարչապետը չխոսե՞ց:

-Այս աջակցությունը նաեւ իրենց է վերաբերելու, չէ՞: Բանակցել ենք, գնացել ենք այս քայլին, աշխատել ենք կառավարության հետ բոլորի համար: Մենք բոլորին չենք ներկայացնում, հարսանյաց սրահներին ի պաշտոնե չենք ներկայացնում: Մենք մեզ իրավունք չենք վերապահել իրենց խնդիրների մասին բարձրաձայնել:

-Ինչո՞ւ իրենք ներկա չէին այդ հանդիպմանը, չե՞ն տեղեկացրել իրենց այդ մասին, թե՞ այլ խնդիր կա:

-Մենք ի սկզբանե, երբ այս ճգնաժամը սկսվել է, բաց ենք եղել, ասել ենք մեր ոլորտի ներկայացուցիչներին, որ որոշակի առաջարկությունների փաթեթ ենք պատրաստում, ով ցանկություն ունի, հետաքրքրված է, կարող է միանալ: Եղել են անհատներ, որ զանգել են, ուրիշ ռեստորանատերեր եկել են, հանդիպել են: Սա օդից ընկած հանդիպում չէր, այլ չորս ամսվա աշխատանք էր: Մենք ոլորտի բոլոր ներկայացուցիչներին տեղեկացրել ենք, որ առաջարկությունների փաթեթ ենք ներկայացնելու, եւ խնդրել ենք իրենց ներգրավվել, ու եղել են առաջարկությունները: Մենք ներկայացրել էինք եւս չորս առաջարկություն՝ վարկային արտոնյալ վարկերի տրամադրում, հարկային որոշակի արձակուրդ, վարկերի սառեցման ինչ-որ տոկոսների առայժմ չգանձվող հնարավորություններ եւ ուղղակի դրամական աջակցություն աշխատավարձային ֆոնդին…

-Այս կետերի շուրջ քննարկում եղա՞վ վարչապետի հետ: Ի՞նչ արձագանք ստացաք:

-Հարկային արձակուրդը այս վերջին հանդիպմանը չենք քննարկել, որովհետեւ մինչ այս պարզ էր դարձել, որ այն ձեւով, ինչպես որ մենք պատկերացնում էինք, կառավարությունը հայտարարել է, որ չի լինի:

-Արդյոք հանդիպումից գո՞հ են եղել ռեստորանատերերը:

-Մենք գոհ ասելով ի՞նչ ենք պատկերացնում. սա հնարավորույթւոնների մասին է, եւ մենք գտնում ենք, որ այդ քայլը արվում է ու արվի այնպես, ինչպես որ պայմանավորվել էինք, դա ընդունելի փոխզիջում է, ընդունելի աջակցություն է: Մենք չենք կարող ասել, որ, գիտեք, դա շատ փոքր բան է: Հաշվի առնելով պետության այսօրվա հնարավորությունները՝ մենք գտել ենք, որ ընդունելի փոխզիջում է: Պայմանավորվություն կա՝ ամեն ամիս կառավարությունը մոտավորապես աշխատավարձային ֆոնդի մեկ երրորդի՝ 33 տոկոսի չափով փոխհատուցելու է բիզնեսի ծախսը. այն բավականին մեծ ծախս է յուրաքանչյուր ռեստորանի համար:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

ԿԴԱԴԱՐԵՑՎԻ ԵԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ

«Վրացական երկաթուղի» ընկերությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը պաշտոնապես տեղեկացրել է, որ Թբիլիսիի տարածքով անցնող երկաթուղային միջուղում կամրջի շինարարության պատճառով սեպտեմբերի 1-ից 16-ը ժամանակավորապես կդադարեցվի երթեւեկությունը Հայաստանի ուղղությամբ: Դրա մասին Հարավկովկասյան երկաթուղին տեղեկացրել է բեռնափոխադրողներին՝ իր գործընկերներից առաջարկելով այդ ժամանակահատվածի համար նախատեսված փոխադրումներն իրականացնել օգոստոսին կամ հավասարաչափ բաշխել դրանք սեպտեմբերի 16-ից հետո:

 

4 ՆՈՐ ԴԵՊՔ

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Վարակակիրները Ստեփանակերտի հաստատված օջախների կոնտակտավորներ են: Նրանցից 3-ն ապրում են Ասկերանի շրջանի Խնապատ համայնքում, 1-ն էլ՝ Ստեփանակերտում: Կորոնավիրուսով հիվանդ 12 քաղաքացի ապաքինվել է: Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 243 մարդու մոտ, որից 179-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 63, ընդհանուր մեկուսացված է 112 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 151 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 6 095 փորձանմուշի հետազոտություն:

 

ԱՆՁՐԵՎ ԵՎ ԱՄՊՐՈՊ

Հանրապետության տարածքում օգոստոսի 3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաեւ կարկուտ: Oգոստոսի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արեւմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի 2-4 աստիճանով: Երեւանում օգոստոսի 3-ին ժամանակ առ ժամանակ քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վրկ: Oգոստոսի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

ՔՐՈՋԸ ԳԼԽԱՏԱԾԸ ԴԻԱՀԵՐՁՈՒՄՆԵՐ Է ԿԱՏԱՐԵԼ

2020թ. օգոստոսի 1-ին ոստիկանության Էրեբունու  բաժնի առաջ ոստիկանները փողոցն անցնելիս  նկատել  են  տղամարդու, որի ձեռքին  եղած ցելոֆանի տոպրակի վրա արնանման հետքեր են եղել։  Ոստիկանների հարցին, թե տոպրակի վրա ինչու են արնանման հետքեր, ինչ է տեղափոխում, տղամարդն  ասել է՝ ոչինչ,  տոպրակը տանում եմ, գցեմ։  Ոստիկանները կասկածելով  բացել  են տոպրակը  եւ այնտեղ հայտնաբերել  կանացի գլուխ։ Ոստիկանները տղամարդուն բերման են ենթարկել։

Պարզվել  է, որ  սպանողը  Տավուշի մարզի Բերդ քաղաքի  բնակիչ, 1962թ. ծնված Վահրամ  Կավկազի Մեժլումյանն  է, ով Երեւանի Նոր Արեշ  փողոցի տներից մեկում դանակով գլխատել է իր քրոջը՝ 1952թ. ծնված Մելանյա Մեժլումյանին։  Դեպքի կապակցությամբ  ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Բերդ քաղաքից հայտնեցին, որ չամուսնացած Վահրամ  Մեժլումյանը տարիներ շարունակ Բերդում դիահերձող է աշխատել։ Բերդի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ իրենք միայն դիահերձման համար տարածք են տրամադրում, իսկ ծառայությունն  իրականացնում է դատաբժշկական ծառայությունը։ Դավիթ Հարությունյանը  Բերդի տարածաշրջանի դատական բժիշկն է եղել, 2 տարի առաջ է ազատվել  այդ պաշտոնից։ Նա ասաց, որ Վահրամ  Մեժլումյանը  չի ունեցել բժշկական կրթություն, նա իրենց մոտ ձեւակերպված է եղել որպես սանիտար։ Աշխատանքի ընթացքում Վահրամ  Մեժլումյանը չարաշահել է ոգելից խմիչքները։ Քույրը՝ Մելանյան, եղբորը պարբերաբար տարել  է  իր մոտ՝ Երեւան, Վահրամը  որոշ  ժամանակ  դադարել  է  ալկոհոլ օգտագործել, սակայն Բերդ  վերադառնալով  եւ  հանդիպելով  ոգելից խմիչքների հանդեպ սեր ունեցող անձանց՝ կրկին նրանց հետ խմիչքներ է օգտագործել։ Դավիթ Հարությունյանն ասաց, որ տեղեկություններ կան, որ Վահրամ Մեժլումյանը Ռուսաստանում  եղած ժամանակ թմրանյութ է օգտագործել։ Նա հայտնեց, որ 4 տարի առաջ,  բուժաշխատողների բողոքների հիման վրա, ոգելից խմիչքներ օգտագործելու համար Վահրամ Մեժլումյանն աշխատանքից ազատվել է, որից հետո   բնակության է տեղափոխվել Երեւան։ Դ. Հարությունյանը Վահրամին բնութագրեց ոչ  ագրեսիվ վարքի տեր։ Նա ասաց, որ  տվյալներ կան, որ Վահրամ  Մեժլումյանը հաշվառված է  որպես հոգեկան հիվանդ, սակայն դա հաստատապես պնդել չի կարող, քանզի չի տեսել նրա բժշկական քարտը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս