«Առհասարակ չեմ սիրում ծննդյանս օրը նշել ու դրա համար ոչ մի պատճառ, որպես այդպիսին, չունեմ: Ուղղակի ամեն տարի, երբ գալիս է այդ օրը, պարփակվում եմ ինքս իմ մեջ ու երեւի թե իմ ընկերների, հարազատների ծննդյան տարեդարձներին ավելի ուրախ եմ լինում, շատ ավելի լավ է անցնում, քան հենց իմ ծննդյան տարեդարձին. չեմ կարող ասել, չգիտեմ, թե ինչու է այդպես»,- ArmLur.am-ի հետ զրույցում ծննդյան 28-ամյակի մասին պատմել է երգչուհի Նարե Գրիգորյանը:
«Իհարկե առանց անակնկալների ծնունդներ չեն լինում. ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես եղան անակնկալներ: Ամուսինս, ընկերներս չթողեցին, որ օրս սովորականի պես անցնի, չնայած ես այդպես էլ կուզեի լիներ: Դարձա 28 տարեկան, բայց կարող եմ մատներիս վրա հաշվել, թե քանի անգամ եմ ծննդյան արարողություն որպես այդպիսին, կազմակերպել երեւի ավելի շատ փոքր տարիքում է եղել, իսկ հասուն տարիքում, երբ արդեն ես էի որոշում՝ ինչպես նշել տարեդարձս, հասկացա, որ տարիների ընթացքում ավելի քիչ է ոգեւորությունս տարեդարձիս հանդեպ: Ես ուրախ եմ, որ ծննդյանս օրն է, ես բացարձակ չեմ նեղվում տարիքիցս: Ես ամեն իմ տարիքն անցկացրել եմ ճիշտ ձեւով, ամեն ինչից օգտվել եմ, ամեն ինչ տեսել եմ եւ շարունակում եմ այդ ամենը վայելել: Դրա համար ընդհանրապես ոչնչից չեմ նեղվում»,-նշում է Նարե Գրիգորյանը:
Երգչուհու խոսքով՝ նրա ամուսինն այս ժամանակահատվածում գտնվում է Միացյալ Նահանգներում. չնայած հեռավորությանը՝ նա 12:00-ին գեղեցիկ անակնկալ է մատուցել կնոջը. «Ամուսինս այս տարի Հայաստանում չէ, գտնվում է Միացյալ Նահանագներում, չնայած ոչ մի րոպե չեմ զգացել նրա բացակայությունը: Նա ամեն րոպե իմ կողքին է, թեկուզ հեռախոսային կապի միջոցով, ու հենց 12:00-ին արդեն սկսվեցին անակնկալներն ԱՄՆ-ից ամուսնուս ծնողների կողմից, իմ ընտանիքի կողմից: Նվերները դասավորելուց հետո միանգամից պառկեցի քնելու, քանի որ ունեմ փոքրիկ բալիկ, եւ քնելն ինձ համար պահանջարկ է դարձել այս պահին: Առաջ կարողանում էի երկար արթուն մնալ, հիմա բալիկիս հետ մի փոքր դժվար է»:
Ինչպես նշում է մեր զրուցակիցը, տարեդարձի հետ կապված ոչ մի նպատակներ ու պլաններ չկան: Նրա կարծիքով՝ տարեցտարի մարդն ավելի հասունանում է, սկսում է ուրիշ արժեքներ կարեւորել իր կյանքում:
«Ես իսկապես դա իմ վրա եմ զգում, եւ հիմա ես ուղղակի ապրում եմ իմ բալիկով։ Ոչինչ չի կարող ավելի վեր լինել, քան նա է, եւ ես հիմա երջանիկ եմ, որ այս տարիքում դարձել եմ մայր եւ կարողանում եմ ըստ արժանվույնս պահել ու մեծացնել նրան»,-ընդգծում է նա:
Հարցին, թե ինչպես է հաղթահարում կորոնավիրուսի շրջանը, եւ ինչով է զբաղվել այս ընթացքում, երգչուհին նշում է. «Կորոնավիրուսի ժամանակ անցկացրել եմ այնպես, ինչպես բոլորը, իհարկե մեծ դժվարություններով, քանի որ պանդեմիայի պատճառով չկարողացա հաճախ երեխայիս տանել զբոսանքի, եւ ամենաշատը հենց նա տուժեց, քանի որ ես պլանավորել էի նրան ամեն օր տանել զբոսանքի: Իսկ աշխատանքի առումով շատ տուժեցի, ինչպես մեր ոլորտից շատերը, ֆինանսականից զատ նաեւ հոգեպես է շատ դժվար բեմից հեռելը: Դաու լին մի քաոսային իրավիճակ է ստեղծում, երբ չես կարողանում ոչինչ անել, դրանից ավելի շատ ես տուժում, չնայած ես այս ընթացքում համագործակցեցի մի շատ հայտնի կոմպոզիտորի հետ, ով իր երգերից մեկը նվիրեց ինձ, եւ ես կյանքի կոչեցի այն: Երգը ձայնագրման փուլում է, կորոնավիրուսի պատճառով ունեի ազատ ժամանակ եւ որոշեցի այն ճիշտ օգտագործել եւ կյանքի կոչել երգը: Ուղղակի այդ երգը լսելով՝ հիշելու եմ, թե ինչ պայմաններում է այն ստեղծվել, թե ինչպես այս չարիքը եկավ եւ բոլորիս պլաններն ավիրեց, բայց երեւի չկա չարիք առանց բարիքի»:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԲՆՈՒԹՅԱՆ ԳՐԿՈՒՄ ՀԱՆԳՍՏԱՆԱԼԸ ԿԱՐՈՂ Է ԻՆՁ ՀԱՄԱՐ ԴԱԺԱՆ ԼԻՆԵԼ». ԼԻԴՈՒՇԻԿ
Շատերի համար ամառային հանգիստն ամենասպասվածն է, երբ կարող ես վայելել ծովափնյա հանգիստը կիզիչ արեւի տակ, սակայն այս տարի աշխարահն ուրիշ պլաններ էր նախատեսել մարդկանց համար` համաշխարհային համաճարակ, որը ճեղքում է յուրաքանչյուր պատնեշ:
«Ժողովուրդ» օրաթերթը, շարունակելով ամառային հանգստին վերաբերող շարքը, այս անգամ զրուցել է սիրված երգչուհի Լիդուշիկի հետ:
«Ես ակտիվ հանգստի սիրահար եմ, եւ բնության գրկում հանգստանալը կարող է ինձ համար դաժան լինել, քանի որ ալերգիկ եմ: Այս տարի չգիտեմ, թե ինչպես կլինի, քանի որ նկարահանվում եմ հեռուստասերիալում, եւ բարդ է այն առումով, որ մենք կայուն գրաֆիկ չունենք»,-նշում է երգչուհին:
Լիդուշիկի խոսքով` նախօրոք պլանավորված հանգիստ չի սիրում. «Եթե ուզում ենք քաղաքից դուրս գալ, ապա միանգամից որոշում ու գնում ենք, քանի որ եթե ինչ-որ բան նախօրոք որոշում եմ, չի ստացվում։ Այդ իսկ պատճառով ավելի լավ է, որ ամեն ինչ լինի պատահական ու միանգամից»,-հավելում է նա:
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԿԱՐԻԵՐԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը մարզական կարիերան կշարունակի ռուսական «Տամբովում». տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ալեքսանդր Կարապետյանը ռուսական ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր: Տեղափոխության վերաբերյալ այլ մանրամասներ դեռեւս չեն հաղորդվում: 32-ամյա Ալեքսանդր Կարապետյանը «Սոչի» էր տեղափոխվել 2019 թվականի ամռանը:
ԽՈՍԵԼ Է
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է թիմի բրազիլացի կիսապաշտպան Վիլիանի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: «Վիլիանը ինքն է հեռանալու որոշում ընդունել, ես ոչինչ ասել չեմ կարող: Ես հարգում եմ նրա որոշումը եւ լավագույնն եմ ցանկանում Վիլիանին ապագայում: Ես շատ գոհ եմ եղել նրա մրցելույթներից եւ կատարած աշխատանքից: Վիլիանը թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկն էր, եւ նրա բացակայությունը կզգացվի ակումբում»,-ասել է Լեմպարդը: 31-ամյա Վիլիանը որոշել է չշարունակել համագործակցությունը «Չելսիի» հետ: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված էր մինչեւ 2019/20 մրցաշրջանի ավարտ: Վիլիանը «Չելսի» է տեղափոխվել 2013թ.-ին Մախաչկալայի «Անժիից» 30 միլիոն ֆունտ ստերլինգով։
ՀԱՋՈՂ ՄՐՑԱՇՐՋԱՆ
Մյունխենի «Բավարիայի» գործադիր կոմիտեի ներկայացուցիչ Ուլի Հյոնեսը խոսել է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում գերմանական ակումբի տրանսֆերային ծրագրերի մասին: «Լերոյ Սանեից հետո «Բավարիան» այս ամառ այլեւս խոշոր ձեռքբերում չի ունենա: Կարծում եմ՝ մեր տրամադրության տակ գտնվող կազմը կարող է հաջող մրցաշրջան անցկացնել: Կորոնավիրուսի համավարակը բարդ ֆինանսական դրության մեջ է դրել բոլոր ակումբներին, եւ մենք ստիպված ենք խնայողություններ անել»,-ասել է Հյոնեսը: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիի» գերմանացի կիսապաշտպան Լերոյ Սանեի դիմաց «Բավարիան» վճարել է շուրջ 60 միլիոն եվրո: