Նորահայտ երգչուհի Սիդնին ընդամենը 21 տարեկան է: 1 տարի է, ինչ բեմում է, բայց արդեն 5 տեսահոլովակ է նկարահանել, 6-րդն էլ ընթացքի մեջ է: Մինչեւ Նոր տարի էլ կներկայացնի իր ձայնասկավառակը: Երգչուհու ամբողջական անունը Սյուզաննա Գրիգորյան է, բայց քանի որ նա շատ է սիրում Սիդնի Ռոմ երգչուհուն, ով վաղուց մահացել է, հենց նրա անունն էլ ընտրել է իրեն որպես բեմական կեղծանուն: Սիդնին երաժշտական կրթություն չունի, ընդամենը վոկալի անհատական դասեր է վերցրել, հիմա էլ ուսանում է Հովհաննես Ղազարյանի մոտ: Մեծացել Է Ռուսաստանում, իսկ Հայաստան է տեղափոխվել 2.5 տարի առաջ: Երգն իրեն մասնագիտություն չի համարում, ավելի շատ հոբբի է: Հիմա սովորում է Սլավոնական համալսարանի մենեջմենթի բաժնում:-Եթե լուրջ մասնագիտություն ես ստանում, էլ ի՞նչ կարիք կա երգելու: -Ես ուրիշ ձեւ չեմ կարող, եթե ես չերգեմ, ավելի լավ է չապրեմ: Միայն մենեջմենթի մասնագիտությունն ինձ չի բավարարում: -Եթե չեմ սխալվում, քո եւ Արսեն Սաֆարյանի պրոդյուսերը նույն մարդն է, հավանաբար, հենց նրա միտքն է եղել ձեր համատեղ դուետը: -Ես հիմա այդ պրոդյուսերի հետ չեմ աշխատում: Իսկ մեր դուետը շատ պատահական ստացվեց: Ես երգ էի պատվիրել Արսեն Սաֆարյանին, եւ երբ նա բերեց ու իր կիթառով ներկայացրեց ինձ այդ երգը, մտածեցի, որ ավելի գեղեցիկ կլինի, եթե մենք միասին կատարենք: -Կարճ ժամանակ է, որ բեմի վրա ես, բայց մեծ քայլերով ես շարժվում: Ինչե՞ր ես արել այս 1 տարվա ընթացքում:-Ճիշտ եք, 1 տարին կարճ ժամանակ եմ համարում, քանի որ շատ երգիչ-երգչուհիներ աշխատել են տասնյակ տարիներ ու հետո ինչ-որ բաների հասել: Չեմ կարող ասել, որ ամբողջ օրը լիքը համերգներ եմ ունենում, բայց երկրպագուներ էլ ունեմ, ճանաչում էլ: Երկրպագուհիներից մի քանիսին ճանաչում եմ, ինձ ընկերուհիներ են դարձել: Ես չեմ կարող բոլորի հետ հանդիպել ու մտերմանալ, բայց բոլորին սիրում եմ: -Ինչպե՞ս է ընտանիքդ արձագանքել քո երգելու որոշմանը:-Ես փոքրուց էլ երգել եմ, բայց պապաս դեմ էր, չէր ուզում, որ ես երգեի: Մի պահ եկավ, որ համաձայնեց: Պապան Ռուսաստանում է ապրում ու երբ եկավ, տեսավ, թե ինչպիսին է հայկական շոու բիզնեսը, տեսավ, որ ամեն ինչ սիրուն ռամկաների մեջ է, համաձայնեց, ասեց. «Ես քեզ թողնում եմ, ինչ ուզում ես, արա՛, հուսով եմ` առաջ կգնաս»:-Այն լուրերը, որ հայրիկդ հարուստ գործարար է, եւ հենց ինքն է քեզ օգնում, իրականությանը համապատասխանո՞ւմ եմ:-Դե, ես միայն կասեմ, որ իմ պապան է ինձ ֆինանսավորում, մնացած ոչինչ չեմ ասի: Ես 1 տարվա ընթացքում չէի կարող այնքան հայտնի դառնալ, որ մեծ գումարներ վաստակեի, մարդիկ տարիներով են աշխատում: Իմ հովանավորն իմ պապան է: Բայց ես կարծում եմ, որ մոտակա տարիների ընթացքում շատ բան կփոխվի, կամաց-կամաց առաջ եմ գնում:Ունեմ նոր գործնական առաջարկներ Իսպանիայից, Բելգիայից, վստահ եմ, որ այդ առաջարկների օգնությամբ ես բարձունքների կհասնեմ եւ ինքս կվաստակեմ իմ տեսահոլովակների գումարը:-Շոու բիզնեսի օրենքները դաժան են, ամեն մեկն այնտեղ լինել չի կարող, շատերի առաջ դռներ են փակում, այդ տեսակ բաներից չե՞ս հիասթափվում: -Դժվար պահեր լինում են, երբ հուսահատվում եմ: Ասում եմ` վերջ, ես էլ չեմ երգելու, այս ամենն ուժեղ մարդու համար է, բայց քանի որ ես աստիճանաբար եմ առաջ գնում, հասկանում եմ, որ պետք է դիմանալ եւ պայքարել, որ վերջում ամեն ինչ լավ լինի: -Դու շոու աշխարհի կանոններին ենթարկվո՞ւմ ես: -Ես ոչ մի օրենքի չեմ ենթարկվում, ինչպիսին կամ, էնպես էլ մնացել եմ ու չեմ պատրաստվում փոխվել: Ինձ սիրում ու ընդունում են հենց նրա համար, որ ես հասարակ մարդ եմ: -Քեզ միանգամից լա՞վ ընդունեցին: Ո՞ւմ հետ ես ընկերություն անում:-Դե ոչ մեկի մոտ էլ հեշտ չի լինում: Դժվար աշխատանք է նոր բան բերել շոու-բիզնես եւ մատուցել այն: Երգելով, շփվելով երկրպագուների հետ` դու պետք է ապացուցես, որ դու պետք ես: Չէի ասի, որ բոլորի հետ եմ ընկերություն անում, բայց իմ լավ ընկերներն են Արսեն Սաֆարյանը, Միհրան Ծառուկյանը, Արմոն, Մարիաննա Հովհաննիսյանը…-Ինչո՞վ ես դու տարբերվում քո կոլեգաներից:-Շատերն ասում են, որ ես ռուսական ակցենտ ունեմ, եւ դա շատ հաճելի է: Հակառակ կարծիքն էլ կա, բայց ես մեղավոր չեմ, որ 15 տարի Ռուսաստանում եմ ապրել: -Գաղտնիք չէ, որ բոլոր սկսնակ երգիչ-երգչուհիների տեսահոլովակները եթեր տալու համար գումար են պահանջում: Դու այդ խնդրի առաջ կանգնե՞լ ես, թե՞ ոչ:-Ճիշտ եք ասում, երբ նոր ես, գումար պահանջում են, ես էլ բացառություն չէի, բայց դա եղել է միայն առաջին տեսահոլովակիս ժամանակ, հետո տեսել են իմ աշխատանքները եւ վերցրել առանց գումարի:-Ինչքա՞ն ես վճարել:-Չեմ կարող ասել: Ճիշտ չի լինի բացել ներքին խոհանոցը: ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
ՍԻԴՆԻ. ԻՄ ՀՈՎԱՆԱՎՈՐՆ ԻՄ ՊԱՊԱՆ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ