«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի հարցը շարունակում է քննարկվել իշխող թիմում։ Լողափային հայտնի փարթիի պատմությունը կարող է ճակատագրական դառնալ պատգամավորի համար: ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ իշխող խմբակցությունում առաջիկա 2 օրվա ընթացքում կորոշվի վերջինիս մանդատից զրկելու հարցը:
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Սևանա լճի ափամերձ տարածքում գործող«White Shorja»-ում տեղի ունեցած խնջույքին պատգամավորի մասնակցության հարցը դեռ բուռն կերպով քննարկվում է մինչ օրս։ Եվ այդ բուռն քննարկումների պատճառը ոչ թե դիմակ չկրելը կամ օրինակ նարգիլե օգտագործելու փաստն էր, այլ այն տեղեկությունները, թե տարածքը պատկանում է հենց պատգամավորին: Եվ այդպիսի խոսակցությունների պատճառ էր նաեւ այն հանգամանքը, որ փաստաթղթերով այդ տարածքը պատկանում է ոմն Արտյոմ Մելքումյանի, որը երկար տարիներ աշխատել է պատգամավորի ընտանիքին պատկանող ավտոպահեստամասերի վաճառքի կետում որպես վաճառող:
Հավելենք, որ Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը խորհրդակցության ժամանակ որոշում կայացրեց եւ հանձնարարեց «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին սկսել լողափի աշխատանքների կասեցման եւ ապամոնտաժման գործընթաց:
ArmLur.am-ը նաև 5 փաստ էր ներկայացրել, որոնք ապացուցում են, որ պատգամավոր Հայկ Սարգսյանն այս կամ այն կերպ կապ ունի հիշյալ տարածքի հետ: